Հայաստանը անխուսափելիորեն մանրադրամ դառնա ռուս-թուրքական հարաբերություններում

- in Կարծիք
413
Erdoghan Putin

Վաշինգտոնը պահանջել է Ռուսաստանից փակել գլխավոր հյուպատոսությունը Սան Ֆրանցիսկոյում։ ԱՄՆ իշխանությունների պահանջով պետք է փակվեն ռուսական ևս երկու դիվանագիտական օբյեկտներ, որոնք գտնվում են Նյու Յորքում և Վաշինգտոնում։

Դիվանագիտական հաստատությունները պետք է դադարեցնեն իրենց աշխատանքը մինչ սեպտեմբերի 2-ը։ Սա Վաշինգտոնի համարժեք պատասխանն է ՌԴ-ում ամերիկյան դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների թվի կրճատման Պուտինի որոշմանը:

Քաղաքակիրթ աշխարհից Ռուսաստանի մեկուսացման քաղաքականությունը շարունակվում է` ունենալով նորանոր դրսևորումներ: Սակայն արևմտյան մայրաքաղաքներում, և մասնավորապես` Վաշինգտոնում, անվստահություն ունեն ոչ միայն մեր «ռազմավարական դաշնակցի» հանդեպ: ԱՄՆ-ն մերժել է F-16 կործանիչների օդաչուների հրահանգիչներ ուղարկելու Թուրքիայի խնդրանքը: Ավելի շուտ ձախողվել էին Թուրքիայի բանակցություններն ԱՄՆ-ի հետ` Patriot ՀՕՊ համակարգերի մատակարարման շուրջ: Արևմուտքում Թուրքիան վաղուց կորցրել է վստահելի գործընկերոջ կարգավիճակը, և անգամ ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները չեն ցանկանում Թուրքիային բարձր ճշգրտության սպառազինություն տրամադրել: Միայն Ռուսաստանն է համաձայնել Թուրքիային փոխանցել С-400 ՀՕՊ համակարգը:

Առհասարակ, ռուս-թուրքական այսօրվա մերձեցումը ստրատեգիական բնույթ չունի, որովհետև երկու երկրների շահերը օբյեկտիվորեն բախվում են միջազգային և տարածաշրջանային հարցերում, այդ թվում` Սիրիայում, որտեղ Անկարան և Մոսկվան աներևույթ դաշնակիցների են: Նույնիսկ կարելի է պնդել, որ Ռուսաստանի և Մոսկվայի պարագայում գործ ունենք պարտադրված դաշինքի հետ: Երկու երկրներին միավորում են ոչ թե ընդհանուր շահերը, այլ` հակաարևմտականությունը, իզգոյացված կարգավիճակը:

Գլոբալ առումով` ռուս- թուրքական այսօրվա մերձեցումը երկու երկրների դասական դաշինք չէ և հիմնված է նույն արժեհամակարգն ունեցող երկու ավտորիտար առաջնորդների` Պուտինի և Էրդողանի «մենթալիտետային» հոգեհարազատության վրա: Ստեղծված իրավիճակը պետք է մտահոգի հատկապես Հայաստանին, որովհետև մեր «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանն անկյուն քշված, աշխարհի լուսանցքում հայտնված երկիր է, ու եթե մենք շարունակելու ենք ապավինել Մոսկվայի ողորմածությանը և տրվելու ենք նրա չընդհատվող շանտաժիներին, ապա հայտնվելու ենք ռուսական չուլանի կարգավիճակում: Այս մեսիջն էր պարունակում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի վերջին հայտարարության տողատակը:

Ավելին, Ռուսաստանից միակողմանի կախվածությունը հանգեցնելու է նրան, որ Հայաստանը անխուսափելիորեն մանրադրամ դառնա ռուս-թուրքական հարաբերություններում: Որպես կանոն, այդպես է եղել ռուս-թուրքական բոլոր «մեղրամիսների» ժամանակ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20