Հայաստանը խառնում է Թուրքիայի, Արևմուտքի և Ռուսաստանի խաղաքարտերը

- in Հրապարակ
Karter 1

Հայաստան-Սփյուռք համաժողովում, և դրանից մեկ օր անց ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայում Սերժ Սարգսյանի ելույթները և դրանցում զետեղված մեսիջները վկայեցին, որ նա սկսում է խաղ բավականին լայն շրջանակով և այդ խաղի հիմնական դաշտը լինելու է այսպես ասած արտաքին ոլորտը:

Եվ դա Հայաստանի ներքին խնդիրների, մասնավորապես ներիշխանական այսպես ասած գլխավոր դիլեմա դարձած 2018 թվականի ապրիլի համատեքստում, թեև առիթ ունեցել ենք նշելու՝ տարբեր այլ հոդվածներում, որ Սերժ Սարգսյանն ինքը գործնականում վաղուց է առաջ անցել այդ դիլեմայից, առնվազն 2018 թվականից և այլևս նրա պլանավորման թիրախում նվազագույնը 2022-ն է:

Այդուհանդերձ, Սարգսյանի արտաքին խաղը ներառում է նաև 2018-ը, հաշվի առնելով այն, որ հենց 2018-ի գարնան ժամկետով նա հայտարարեց հայ-թուրքական արձանագրություններից հրաժարվելու որոշման մասին: Իսկ 2018-ի գարունը Սերժ Սարգսյանի նախագահության վերջին գարունն է: Այս հայտարարությունը մամուլում, փորձագիտական դաշտում արժանացավ ամենատարբեր գնահատականների և մեկնաբանությունների: Մի բան ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն արտաքին քաղաքական այդ քայլը կապել է ներքաղաքական հանգուցային ժամկետի հետ և այդ կապը հրապարակ հանել ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից:

Եթե հայ-թուրքական արձանագրություններն առ այսօր կան թուրքական օրակարգում, այսինքն, եթե դրանք Թուրքիայի համար չեն դարձել աղբանոց նետելու թուղթ, դա նշանակում է, որ Անկարան թեկուզ հեռավոր, բայց պլաններ ունի դրանց հետ կապված: Այլապես այդ արձանագրությունները կլինեին աղբամանում: Այդ պլանները Արևմուտքի հետ են ավելի շատ առնչվում, թե Ռուսաստանի, այլ հարց է, հնարավոր է թե մեկը, թե մյուսը: Խնդիրը տվյալ պարագայում այն է, որ Անկարան փաստորեն նաև տեսնում է այսպես ասած դրանց արձագանք, այսինքն տեսնում է, որ Արևմուտքում կամ Ռուսաստանում կա այդ արձանագրություններին որևէ իրավիճակում վերադառնալու պատկերացում:

Ըստ այդմ, եթե Հայաստանը հայտարարում է, որ 2018 թվականի գարունն արդեն կլինի առանց այդ հայտարարությունների, դա նշանակում է, որ Հայաստանը խառնում է Թուրքիայի, Արևմուտքի և Ռուսաստանի խաղաքարտերը՝ տվյալ դեպքում ավելի ճիշտ կլինի ասել Սերժ Սարգսյանը: Բայց կգնա՞ Սերժ Սարգսյանն այդպիսի այսպես ասած արկածախնդրության: Չէ՞ որ դա իր դեմ կտրամադրի թե Արևմուտքին,թե Ռուսաստանին: Չի բացառվում, որ Արևմուտքում ու Ռուսաստանում նա արդեն ունի խնդիր, իր դեմ տրամադրվածություն, այն իմաստով, որ երկու այդ կարևոր բեվեռները նրան չեն ուզում տեսնել վարչապետի պաշտոնում: Այդ դեպքում այստեղ թերևս գործ ունենք իրավիճակի հետ, երբ Սերժ Սարգսյանը պարզապես դիմում է փոքր շանտաժի, հնարավորինս նվազ ռիսկային հարցում՝ որ վրիպումը կամ սխալ հաշարկը չլինի ճակատագրական: Ընդ որում, այդ իմաստով նա բավականին տհաճ իրավիճակ է ստեղծում նաև հնարավոր նոր վարչապետի համար, կամ ներկայիս վարչապետի համար, եթե նա է շարունակում մնալ այդ պաշտոնին և հանդիսանում Հայաստանի Առաջին դեմքը, այսինքն բոլոր կարևոր միջազգային նշանակության հարցերում Հայաստանի պատասխանատուն:

Կամ էլ Սերժ Սարգսյանը գործում է որևէ շահագրգիռ միջազգային կողմի հետ գործակցված՝ կամ Արևմուտքի, կամ Ռուսաստանի, Թուրքիայի դեմ, և դրա դիմաց ակնկալում այդ կողմի աջակցությունն իրեն արդեն ներքաղաքական հարցերում:

Աներկբա է, որ Սարգսյանն այսպես, թե այնպես կենտրոնանում է արտաքին քաղաքական հարցերի վրա: Դա չի կարող նշանակել, որ նա թուլացնելու է ուշադրությունը ներքին հարցերից, սակայն մեծ է հավանականությունը, որ առաջիկա ամիսներին ներքին հարցերում նա «հավսար-զգաստից» անցնում է այսպես ասած «ազատ» հրահանգի: Ընդ որում, դա ակնհայտորեն ծուղակ է, ինչպես հաճախ անում են նույնիսկ դպրոցներում կամ մանկապարտեզներում, կամ գուցե նույնիսկ զորանոցներում, երբ պատասխանատուն, վերադասը, հրամանատարը, ուսուցիչը կամ դաստիրակը թողնում են զինվորներին, աշակերտներին, մանուկներին որոշակի տարածությունում մենակ, այդպես «ազատ» ռեժիմում, իսկ իրենք զբաղվածության պատրվակով հետևում են այսպես ասած դրսից, տեսնելու համար, թե իրեն ով ինչպես է պահում այդ ռեժիմում:

Ամենևին բացառված չէ, որ Սերժ Սարգսյանը մի կողմից անհրաժեշտության ու ռացիոնալության բերումով կենտրոնանում է արտաքին խնդիրների վրա, մյուս կողմից նաև «ազատ» թողնելով համակարգը հետևելու է, թե ով ինչպես է պահում իրեն, վարքի այդ դրսևորումներից էլ նաև հետևություններ անելով 2018-ի որոշմանն ընդառաջ:

Միևնույն ժամանակ, ակնհայտ է նաև, որ արտաքին դաշտում Սերժ Սարգսյանը Հայաստանում չունի այլընտրանք, և դրա պատճառն այն չէ, որ Սարգսյանը լավագույնն է, այլ այն, որ մնացյալ բոլորը գործնականում հրաժարվում են այդ դաշտում հանդես գալ շատ հստակ և պատասխանատու, առավել ևս այդ հստակության և պատասխանատվության մեջ ընդդիմադիր դիրքորոշումներով: Բացառություն կարող է դիտվել ԵԼՔ-ի նախաձեռնությունը ԵՏՄ մասով, որը սակայն իր, գոնե, առայժմ դրսևորված ընդհանուր բնույթով ավելի շուտ կանոնը հաստատող, ոչ թե այլընտրանքային բացառություն է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20