Հայաստանին պարտադրված է քաղաքական ընտրության և քաղաքակրթական կողմնորոշման կոնտրաստը

- in Կարծիք
58
vazgen-manukyan-karen-karapetyan

«Հիմա Հայաստանը շարունակելու է ռուսների՞ միջոցով աշխարհի հետ շփվել, թե՞ առանձին՝ ռուսների հետ, առանձին՝ աշխարհի»,- երեկ Հանրային խորհրդում հարց է բարձրացրել Վազգեն Մանուկյանը ռուսաց լեզվի կրթական հայեցակարգի քննարկումների ժամանակ:

Մանուկյանի առաջ քաշած հարցադրումն իրականում հռետորական չէ և, անշուշտ, ավելի գլոբալ ենթատեքստ ունի, քան քննարկվող հարցը: Իդեալական կլիներ, իհարկե, որ Ռուսաստանը քաղաքակիրթ աշխարհի մաս լիներ, և այդ երկրի հետ մեր հարաբերությունները տեղավորվեին հենց այն տրամաբանության մեջ, որ հայ-ռուսական թեկուզ ռազմավարական հարաբերությունները գլոբալ քաղաքականության բաղկացուցիչ են: Նման նախադրյալներ կային 90-ականների սկզբին, երբ Հայաստանի քաղաքականության համար անգամ անհեթեթ կթվային «կամ-կամ», նույնիսկ «և-և» բանաձևերը, որովհետև նույնն էին Երևանի և Մոսկվայի եվրոպական, ժողովրդավարական ձգտումները: Իրավիճակը կտրուկ փոխվեց 90-ականների կեսերից հետո, ընդ որում՝Հայաստանն ու Ռուսաստանը դարձյալ միմյանց «գտան», սակայն այս անգամ քաղաքակիրթ աշխարհից մեկուսանալու ճանապարհին:

Այս համատեքստում Վազգեն Մանուկյանի հարցադրումը նույնիսկ էական, բովանդակային խմբագրման կարիք ունի, որովհետև այսօրվա Ռուսաստանի միջոցով «աշխարհի հետ շփվելու» բանաձև պարզապես գոյություն չունի: Պուտինյան Ռուսաստանը նույնիսկ ոչ թե քաղաքակիրթ աշխարհի լուսանցքում է, այլ նրա հակառակ կողմում, հակապատկերը: Այսօրվա Ռուսաստանի միջոցով հնարավոր չէ բանաձևել, իրականություն դարձնել որևէ ռացիոնալ խնդիր, ավելի շուտ՝ նրա հետևանքով անխուսափելիորեն կարող ենք հայտնվել «կարմիր գծից» այն կողմ, որտեղ քաղաքակրթության ժամացույցի սլաքները կանգ են առել Պուտինի իշխանության արշալույսին:

Ռեալ պոլիտիկի տեսանկյունից Հայաստանը նույնիսկ պարտադրված է հատուկ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, որովհետև «քթի տակ» անհնար է անտեսել կայսրության գոյությունը, սակայն արտաքին աշխարհին ուղղված մեր հայացքն անհրաժեշտաբար պետք է մաքրենք ռուսական աղավաղումներից, «խմբագրումներից», որպեսզի նույնիսկ կայսրության ծայրագավառի մեր այսօրվա նվաստացման մեջ չկորցնենք երազելու, քաղաքակիրթ աշխարհ վերադառնալու մեր ձգտումը:

Ավելի իդեալական և անցնցում կլիներ, որ քաղաքակրթական ճանապարհ վերադարձը տեղի ունենար Ռուսաստանի «դարձի» հետևանքով, սակայն ավելի հավանական է, որ մենք հարկադրված ենք լինելու «առանձին՝ ռուսների հետ, առանձին՝ աշխարհի» հետ շփվել, մինչև որ կայսրության խորտակումը ռուսաստանցիների համար դառնա նոր հեղափոխության օրակարգ:

Մեծ հաշվով գոնե առայժմ Հայաստանին պարտադրված է քաղաքական ընտրության և քաղաքակրթական կողմնորոշման կոնտրաստը: Ամենաէականն այն է, որ Հայաստանը կարողանա ժամանակի ընթացքում իր քաղաքական ընտրությունը հարմարեցնել քաղաքակրթական կողմնորոշմանը՝ վերջինս քաղաքականությանը զոհաբերելու փոխարեն:

Հիմա այդ կռիվն է. Մոսկվան տարբեր հարթություններում և տարբեր հայեցակարգերով փորձում է փոշիացնել մեր հակակայսերական քաղաքակրթական պոտենցիալը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20