Հայաստանի ամենահեռանկարային կուսակցություններից մեկը վերածվեց քաղաքական ձախողակների ակումբի

- in Կեղտոտ լվացք
Raffi Menter

Առաջիկա ամիսներին «Ժառանգությունը» նախաձեռնելու է պայքար՝ կանխելու Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունը: Կուսակցության 15-ամյա տարեդարձին պատասխանելով լրագրողների հարցին, կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե այժմ ժողովրդի տրամադրություններն են շոշափում, ակտիվացնում մարզային կառույցները:

«Եթե ժողովուրդն այդ պահանջարկը ներկայացնի, եթե ժողովուրդն ուզում է փոփոխություն, պատրաստ է նաև ակտիվ, նախաձեռնող քայլերի, ինչու չէ, մենք պետք է հրապարակային, հանրային քայլերով ամեն ինչ անենք, որ տեղի չունենա այդ մենիշխանության շարունակությունը: Մենք կարծում ենք, որ դա կործանարար կլինի մեր ապագայի համար: Կարող եք գարնանը ընդառաջ՝ «Ժառանգությունից», և ոչ միայն «Ժառանգությունից» սպասել ակտիվ նախաձեռնություններ»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Վերջինիս հետևողականությունը նախանձ է շարժում` չնայած այն հանգամանքին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հարկ չի համարում պարզաբանել, թե ինչ եղավ ամռանն իր կողմից խոստացված կուսակցությունների խոշորացման ծրագիրը, որը ներկայացվում էր որպես կազմակերպչական մի բանալի, որի միջոցով իրականություն պետք է դառնար «թավշյա հեղափոխությունը»: Կարևորն այն է, որ «Ժառանգությունը» հետևողական է Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարի կանխման հարցում` չնայած այն հանգամանքին, որ գործող նախագահը դեռ խնամքով թաքցնում է իր ապագա քաղաքական ծրագրերը:

Զավեշտն այն է, որ ապրիլյան ընտրություններում ձախողված քաղաքական դաշինքի առաջնորդներից մեկը համառորեն խոսում է մի հարցի մասին, որն ապրիլյան ընտրություններից հետո քաղաքական մեծամասնության որոշման տիրույթում է:

Եթե մեր ընդդիմությանը կոնսոլիդացնող միակ գործոնը Սերժ Սարգսյանն է, ապա այդպիսի ընդդիմության համար գարնանն ուշ է լինելու ցանկացած պարագայում: Եթե Սերժ Սարգսյանը 2018-ի ապրիլին որոշի ստանձնել վարչապետի պաշտոնը, ապա առնվազն քաղաքականապես ոչնչացնում է ընդդիմությանը` 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո երկրորդ անգամ: Հայաստանի առանց այն էլ բարոյապես մաշված ընդդիմությունը չի դիմանա նման քաղաքական նոկաուտի: Եթե Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, որոշի գոնե առժամանակ հեռանալ իշխանությունից, ապա վերանում է բացառապես Սարգսյանի դեմ պայքարող ընդդիմության գործունեության մոտիվացիան: Նման բան Հայաստանում եղել է 1998-ին` Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, երբ սկսվեց առաջին նախագահի հարցով «մասնագիտացված» ընդդիմության` ԱԺՄ-ի քաղաքական մարգինալացումը:

Ի դեպ, տեղին կլիներ, որ «Ժառանգություն» կուսակցության 15-րդ տարեդարձի առիթով վերլուծվեր ոչ թե Սարգսյանի քաղաքական հեռանկարի հարցը (մանավանդ` այս հարցով «Ժառանգության» կարծիքն որևէ մեկին չի հուզում), այլ այն, թե ինչպես տասնհինգ տարվա ընթացքում Հայաստանի ամենահեռանկարային կուսակցություններից մեկը վերածվեց քաղաքական ձախողակների ակումբի: Րաֆֆի Հովհաննիսյանը պարզապես քաղաքական ֆենոմեն է` բացասական իմաստով, որովհետև հնարավոր չէ բանականության սահմաններում պատկերացնել, թե ինչպես կեսմիլիոնանոց էլեկտորատ ունեցող գործիչը չորս տարիների ընթացքում կարող է վերածվել քաղաքական աութսայդերի, ըստ էության` զրկված կուսակցությունից ու դաշնակիցներից, հանրային աջակցության ռեսուրսից: Այնպիսի տպավորություն էր, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի փոքրաթիվ թիմը ձևակերպում էր իր քաղաքական կտակը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20