Հայաստանի իշխանության հերթական որոշման մասին, որի հիմքում Մոսկվայի պարտադրանքն է

- in Վերլուծական
83
Arm Rus

Հայաստանը պատրաստ է դիտարկել իր մասնակցությունը Սիրիայում Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվող միջազգային կոալիցիային՝ դրա կազմում ականազերծող ստորաբաժանում ուղարկելով: «Ազատության» հարցմանն ի պատասխան, այս մասին տեղեկացրել են պաշտպանության նախարարությունից:

«Աշխատանքային քննարկումների շրջանակում Հայաստանը պատրաստակամություն է հայտնել նման նախաձեռնության վերջնական կայացման, Սիրիայի կառավարության համաձայնության և բոլոր միջազգային իրավական ընթացակարգերի ապահովման դեպքում Սիրիայի այն հատվածներում, որտեղ չեն ընթանում ռազմական գործողություններ, դիտարկել իր մարդասիրական ականազերծման ստորաբաժանմամբ մասնակցություն ունենալու հնարավորությունները: Կոալիցիայի ձևավորման ընթացքի, կազմի, առավել ևս տեղակայման ժամանակացույցի վերաբերյալ որևէ տեղեկատվություն այս պահին ՀՀ պաշտպանության նախարարությունը չունի»,- հաղորդել են պաշտպանության նախարարությունից:

Այս ֆոնին օրերս խիստ ուշագրավ հարցում է անցկացրել «Լևադա-կենտրոնը» Ռուսաստանում` պարզելու համար ռուսաստանցիների վերաբերմունքը Սիրիայում Մոսկվայի ռազմական գործողության վերաբերյալ: Հարցումը հետաքրքիր է երկու հարթության վրա: Նախ` անհրաժեշտ է հասկանալ, թե ռուսաստանցիների շրջանում ինչքանով են պոպուլյար Պուտինի կայսերական ձեռնարկները, և հետո` խնդիրը կենսականորեն վերաբերում է նաև Հայաստանին` հատկապես այն բանից հետո, երբ ՊՆ-ն, ըստ էության, հաստատում է Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչների առաջիկա ներգրավման փաստը Սիրիայի ռուսական օպերացիայիում:

Գրեթե վստահ կարող ենք խոսել Հայաստանի իշխանության հերթական որոշման մասին, որի հիմքում Մոսկվայի պարտադրանքն է և մեր երկրի անվտանգության անտեսումը: Վերադառնալով հարցմանը` նկատենք, որ ո՛չ Ղրիմը, ո՛չ սիրիական օպերացիան այլևս չեն խանդավառում ռուսաատանցիներին: «Կայսրության վերածննդի» լեգենդը փլվում է, և հիմա ռուսաստանցիներն, ովքեր մեկ անգամ տեսել են ԽՍՀՄ փլուզումը, չեն ուզում նորից վերապրել այդ գործընթացը: Ռուսաստանցիների միայն 30%-ն է կարծում, որ Մոսկվան Սիրիայում պետք է շարունակի ռազմական օպերացիան: Շարքային ռուսաստանցիները մտավախություն ունեն, որ Սիրիան Մոսկվայի համար դառնալու է «Աֆղանստան-2»:

Իհարկե, Ռուսաստանի ներգրավվածությունը սիրիական հակամարտությունում համարժեք չէ Աֆղանստանում սովետական ռազմական, ըստ էության, ինտերվենցիային: Այնուամենայնիվ, երկու իրադարձությունների միջև առկա է ընդհանրություն, որովհետև` երկու դեպքում էլ, Մոսկվան ցուցադրում է իր կայսերական ուժը և հակադրվում է Արևմուտքին ու օպերացիաների վրա ծախսում է հսկայական միջոցներ, որոնք համարժեք չեն երկրի տնտեսական պոտենցիալին:

Աֆղանստանը փլուզեց խորհրդային կայսրությունը, հիմա ռուսաստանցիներն, ոչ առանց հիմքի, սիրիական օպերացիան համարում են Կրեմլի հերթական ավանտյուրան, որը կարող է կործանել արդեն ռուսական կայսրությունը: Եթե այս ճշմարտությունը հասկացել է անգամ ցարասեր ռուսական հասարակությունը, ապա Հայաստանի քաղաքական ղեկավարությունը նույնիսկ չպետք է քննարկեր Սիրիայում Մոսկվայի օպերացիային միանալու հարցը: Սիրիայում ռուսական կոալիցիայի կազմում ընդգրկվելու Երևանի գրեթե կայացրած որոշումը պրոբլեմներ է հարուցում միանգամից մի քանի հարթության վրա: Հայաստանը դարձյալ նույնանում է Ռուսաատանի հետ` հակադրության մեջ մտնելով Արևմուտքի հետ և սակմանափակելով իր արտաքին քաղաքականությունն ու անվտանգությունը դիվերսիֆիկացնելու ռեսուրսները:

Պակաս կարևոր չէ մեր զինվորների անվտանգությունը. Հայաստանը պետք է հնարավորինս խուսափի միջազգային այն օպերացիաներից, որոնք կարող են մեր զինուժի համար մարդկային կորուստների պատճառ դառնալ: Առանց այն էլ` ղարաբաղյան հոգեմաշ պատերազմը հյուծում է մեր հասարակությանն ու բանակին: Սիրիայում ռուսական օպերացիային Հայաստանի հնարավոր մասնակցությունը ահաբեկչության թիրախ է դարձնելու ոչ միայն Հայաստանը, այլ նաև Մերձավոր Արևելքի մեր գաղթօջախները: Եվ վերջապես` միջազգային գործընթացները տանում են ռուսական կայսրության փլուզմանը: Հայաստանն այս իրավիճակում առավելագույնս ճկուն արտաքին քաղաքականություն պետք է իրականացնի` փլատակների տակ չմնալու համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20