Հայաստանի իշխանությունն անվերադարձ ապակենտրոնանում է

- in Կարծիք
219
Mishik

Հայաստանի բոլոր նախագահներն, ըստ էության, մտածել են իրենց իշխանությունը պահելու կամ այն լիազորությունների ավարտից հետո վստահելի ժառանգորդի ու խմբի փոխանցելու մասին:

1996-ը ջրբաժանային տարեթիվ է մեր քաղաքական պատմության մեջ, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը սկզբունքորեն կանգնած էր երկընտրանքի առաջ: Նա Հայաստանը կարող էր տանել զարգացման, պայմանական ասենք, բալթյան ուղիով, եթե օրինական ընտրությունների երաշխավոր լիներ` նույնիսկ սեփական իշխանության կորստյան գնով:

Սակայն առաջին նախագահը չխիզախեց կազմակերպել ընտրությունների անգամ երկրորդ փուլ` Հայաստանի զարգացումը տանելով այն երկրների ճանապարհով, որտեղ իշխանության հարցը հանգուցալուծվում է պալատական խարդավանքների, ներհամակարգային գզվռտոցի հետևանքով: Անկեղծ ասած, այնպիսի տպավորություն է, որ 1996-ի վիճահարույց ընտրությունների հենց հաջորդ առավոտից Տեր-Պետրոսյանը մտածել է իշխանությունը հանձնելու մասին:

Եվրոպական կերպարով ու բարի ժպիտով Արմեն Սարգսյանի տարբերակը չանցավ, որովհետև պատերազմի արյուն, կեղծված ընտրության և սեփականության համն արդեն տեսած համակարգի համար նա չափազանց թույլ կոնսիլիդացնող կոնսենսուս էր:

Ռոբերտ Քոչարյանը համակարգի ուժային սեգմենտի լուծումն էր` Տեր-Պետրոսյանի թույլ դիմադրության ֆոնին: 1998-ի իշխանափոխությունը, դասական իմաստով, հեղաշրջում չէր, որովհետև իշխանության հարցը որոշող ամբողջ էլիտան (ներառյալ` Տեր-Պետրոսյանը) արդեն գտնվում էր լեգիտիմության դաշտից դուրս, բացի այդ` իշխանությունից հեռացողն ու այն վերցնողը(վերցնողները) ունեին շատ կարևոր կոնսենսուս` հասարակությանը գործընթացին մոտ թողնել միայն ծափահարություններ անող հանդիսատեսի կարգավիճակում: Այսինքն, պալատական հեղաշրջման էլեմենտներ կային, բայց ավելի շատ գործ ունենք իշխանության փոխանցման կոշտ սցենարի հետ, որտեղ արձանագրվեց կողմերից մեկի կապիտլուլյացիան (Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի ձևը, Վանո Սիրադեղյանի պատմությունը և այլն):

Իշխանության փոխանցման կոշտ ձևը ուղենշային եղավ համակարգի ապագա արյունոտ ֆիլտրումների համար. քաղաքական բազմաթիվ սպանությունների գագաթնակետը դարձավ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը:

Համոզված չենք, որ 2007-08 թթ.-ին Ռոբերտ Քոչարյանը համակարգային հերթական արյունոտ ֆիլտրումը չէր անի, եթե ասպարեզ չվերադառնար Լևոն Տեր-Պետրոսյանը, որովհետև ժառանգորդի հարցում Քոչարյանի ընտրությունը թույլ և կամազուրկ Վարդան Օսկանյանի և ոչ թե ներհամակարգային այլընտրանք և ինքնուրույն խաղացող Սերժ Սարգսյանի օգտին էր:

Տեր-Պետրոսյանի վերադարձը, սակայն, հասարակությանը դարձյալ գործոն դարձրեց: Ներհամակարգային ֆիլտրման և արյան փոխարեն` պահանջարկված դարձան համակարգի կոնսոլիդացիան և հասարակության արյունը: Սերժ Սարգսյանը պետք է պարտկան լինի Տեր-Պետրոսյանին 2007-ի վերադարձի համար: Չլիներ այդ վերադարձը` գուցե Սերժ Սարգսյանը չունենար նախագահի իշխանություն և նույնիսկ` ավելին:

Հիմա առաջին անգամ Սերժ Սարգսյանը փորձում է նոր իշխանություն կայացնել` «երեք նախագահների» արյունոտ առանցքից դուրս, առանց «ժառանգորդների» և նույնիսկ «պահեստայինների նստարանի»: Հայաստանի իշխանությունն անվերադարձ ապակենտրոնանում է, ինչը տեսանելի ապագայում բերելու է գործող քրեաօլիգարխիկ համակարգի ապամոնտաժմանը, եթե ընդդիմությունն` իր ոչ ադեկվատ վարքագծով և իշխանությանը կեղծ այլընտրանքների(Կարեն Կարապետյան, Վիգեն Սարգսյան) հուշումներոով «թարմ արյուն» չներարկի պառաված համակարգին:

Անկախ նոր իշխանությունում ունեցած կարգավիճակից` անցումային փուլի առաջնորդը լինելու է Սերժ Սարգսյանը (դա էր նաև Պուտինի հայտնի մեսիջը): Անցումային փուլն ավարտվելու է 2022-ին, երբ Սերժ Սարգսյանը թոշակի գնալուց առաջ հասարակությանը «կտակելու» է իր թիմին, որն այլևս քրեաօլիգարխիայի կոնսենսուս չի լինելու և, որին միանգամայն հնարավոր կլինի հաղթել ընտրություններում, եթե երկրում ձևավորված լինի իրական, կենսունակ այլընտրանք: Իսկ առայժմ երկրում հնգամյա «շաբաթօրյակ» է և ուշադիր պետք է լինել, որ հեռանալու պահին Սարգսյանը երկրում էկոլոգիական աղետի առիթ տվող աղբ թողած չլինի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20