Հայաստանի շատ պաշտոնյաներ վախենում են «գունավոր հեղափոխություն» ներմուծելու մեղադրանքից

- in Հրապարակ
cuyc 1

Հայաստանում է ԱՄՆ Կոնգրեսի մեծաքանակ պատվիրակությունը և թվում է` այս փաստի քաղաքական կարևորությունը որևէ մեկը կասկածի տակ չի դնում:

Նախ` պատվիրակության կազմում են օրենսդիրներ, ովքեր անկեղծորեն արժանի են մեր երախտագիտությանը տարիների իրենց հայանպաստ հետևողական գործունեության համար: Բացի այդ` կոնգրեսականները Հայաստան են եկել ոչ թե, այսպես կոչված, հայկական ավանդական օրակարգով, այլ հարցադրումներով, որոնք ուղղված են Հայաստանի ինքնիշխանության ամրաւնդմանը, ժողովրդավարության հաատատմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին:

Թվում է` Հայաստանի համար ավելի արդիական օրակարգ գոյություն չունի, սակայն տպավորություն է, որ ԶԼՄ-ներում ամերիկացի կոնգրեսականների այցը հավուր պատշաճի չի լուսաբանվում: Սրան, իհարկե, կարելի է տալ նախնական, մակերեսային բացատրություն:

Հայաստանի իշխանությունները խրոնիկ վախ ունեն հակառուսական օրակարգերով հանդիպումների, միջոցառումների լուսաբանումից, որովհետև զգուշանում են Մոսկվայի հնարավոր հախուռն արձագանքից: Այս հանգամանքն, իհարկե, գոյություն ունի, մանավանդ, որ ռուսական փորձագիտական բանակը խոշորացույցով հետևում է երևանյան իրադարձություններին` դավադրություններ բացահայտելու կամ մոգոնելու անհագ ցանկությամբ:

Գործում է նաև այն հանգամանքը, որ ԱՄՆ Կոնգրեսից եկած հյուրերը խոսում են ժողովրդավարության հաստատման և կոռուպցիայի վերացման անհրաժեշտության մասին: Այս թեմաներն ավանդաբար հարուցել են Հայաստանի իշխանությունների զզվանքը, որոնց «կենսունակությունն» ապահովվում է հենց կոռուպցիայի միջոցով:Սակայն պարզվում է` կա ավելի առարկայական պատճառ, ինչը Հայաստանի իշխանություններին ստիպում է` «ձեռքերը լվանալ» Կոնգրեսի պատվիրակությունից:Բանն այն է, որ դրանում ընդգրկված են կոնգրեսականներ, ովքեր հետևողականորեն քննադատում են Թրամփի և Պուտինի քաղաքականությունն, այլ խոսքով` Հայաստան այցելած գործիչները հակաթրամփական և հակապուտինական են:

Անկեղծ լինենք` Թրամփի գործոնը չէ, որ սարսափեցնում է Հայաստանի էլիտային, որովհետև ԱՄՆ գործող նախագահը գուցե նույնիսկ Հայաստանի մասին չի էլ լսել, էլ ուր մնաց` Կոնգրեսի մի պատվիրակության պատճառով վերաբերմունք ձևավորի Հայաստանի իշխանության հանդեպ: Բացի այդ, արևմտյան համակարգերում պետությունը չի նույնանում անձի հետ, եթե նույնիսկ նա աշխարհի ամենահզոր երկրի նախագահն է: Այս իմաստով` ամերիկյան համակարգում արտաքին քաղաքականությունը ենթակա չէ ներքին կոնյուկտուրային:

Ուրեմն, իրական խնդիրը` Պուտինի անձն է կամ գործոնը: Կոնգրեսի պատվիրակության այցի քաղաքական, քարոզչական նշանակությունը հնարավորինս պետք է նսեմացվի, որպեսզի այդ Հայաստանի իշխանությունները Կրեմլին մատուցեն որպես հավատարմություն դրսևորում:

Պատահական չէ, որ Հայաստանի իշխանության առանցքային շատ դեմքեր այս օրերին իրենց համար արհեստական զբաղվածություն և օրակարգ են հորինում` կոնգրեսականների հետ հանդիպումից խուսափելու համար: Հայաստանի իշխանության ներկայացուցիչների համար` վտանգավոր է անգամ Պուտինի քննադատների հետ լուսանկարվելը:

Հայաստանի շատ պաշտոնյաներ վախենում են «գունավոր հեղափոխություն» ներմուծելու մեղադրանքից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20