Հայաստանի պրոբլեմը ոչ թե կոնկրետ դեպքերում սխալվելն է, այլ դրանք շտկելու անկարողությունը

- in Հրապարակ
257
Zinvor

Երեկ երեկոյան ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես անդրադարձել է Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի չմասնակցության խնդրին:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանում անցկացվող զորավարժություններն այդ առումով առաջնային նշանակություն չունեն ՀՀ զինված ուժերի համար, ի սկզբանե դրանց չմասնակցելու որոշում է կայացվել և մասնակցության հայտ չի ներկայացվել: Զորավարժությունների մասնակցությունից վերջին պահին հրաժարվելու վերաբերյալ շրջանառվող շահարկումներն անտեղի են»,- ասված է հայտարարության տեքստում:

ՊՆ-ն ակամայից հակասում է ինքն իրեն, որովհետև եթե խնդիրն «առաջնային նշանակություն» չունենար, ռազմական գերատեսչությունում հարկ չէին համարի ևս մեկ անգամ անդրադառնալ թեմային՝ պաշտպանության առաջին փոխնախարար Արտակ Զաքարյանի, ըստ էության, պաշտոնական պարզաբանումից հետո: Սակայն խնդիրն ինքնին ոչ կոնկրետ զորավարժությունն է, ոչ էլ առավել ևս՝ ՊՆ հայտարարությունը, որի անկեղծությանն ու ադեկվատությանը չեն հավատում նույնիսկ դրա հեղինակները:

Վրաստանի զորավարժությունների թեման առիթ էր, որը ևս մեկ անգամ բացահայտեց մեր քաղաքական համակարգի որակը, ամլությունը, համարժեքության բացակայությունը: Մեկ զորավարժությանը մասնակցել-չմասնակցելը, ինչքան էլ այն կարևոր լինի, չի կարող ճակատագրական լինել ոչ երկրի միջազգային հեղինակության, ոչ էլ Հայաստանի և ՆԱՏՕ-ի կամ ԱՄՆ-ի հարաբերությունների տեսանկյունից: Նույնիսկ ԵՏՄ-ին անդամակցելն անդառնալի սխալ չէ: Քաղաքական բոլոր սխալները, սայթաքումները հնարավոր է շտկել, եթե գործ ունենք ադեկվատ քաղաքական համակարգի հետ:

Հայաստանի պրոբլեմը ոչ թե կոնկրետ դեպքերում սխալվելն է, այլ դրանք շտկելու անկարողությունը: Հայաստանում չի գործում որոշումների կայացման լեգալ մեխանիզմը: «Մեկ գիշերվա», «վերջին պահի» բարդույթները բնութագրական են Հայաստանի իշխանությունների՝ որոշումներ կայացնելու մեխանիզմի համար: Փորձագետները, մամուլը, հասարակությունը մեղավոր չեն, որ իշխանության քայլերում տեսնում են ռուսական դավադրություն կամ աթոռապաշտության մոտիվ, որովհետև տեսանելի չէ Հայաստանում որոնումների կայացման մեխանիզմը, հասկանալի չեն այն ներքին կամ արտաքին մոտիվները, որոնք ազդում են որոշումների կայացման գործընթացի վրա: Պատահական չէ, որ անգամ ոլորտի պատասխանատուները կամ քաղաքական առաջին դեմքերն անտեղյակ են այս կամ այն որոշման իրական մոտիվների մասին և լրագրողների հարցերին պատասխանում են՝ ըստ էության եղունգ նայելով և միմյանց հակասելով:

Ո՞ր երկիրը լուրջ կվերաբերվի Հայաստանին, որի պաշտպանության փոխնախարարը Հայաստանի չմասնակցությունը Վրաստանի զորավարժություններին չի պայմանավորում ադրբեջանական մասնակցության գործոնով, իսկ ժամեր անց ԱԺ փոխնախագահը հենց այդ գործոնով է պայմանավորում Հայաստանի մասնակցության չեղարկումը: Որևէ մեկը ստույգ չի կարող ասել, թե ռուսական գործոնի ազդեցությունն ինչքան է Հայաստանի արտաքին քաղաքական որոշումների ընդունման հարցում, սակայն ակնհայտ է, որ ինչքան համակարգը փակ է հասարակության համար, այնքան խոցելի է արտաքին միջամտության տեսանկյունից:

Քաղաքական համակարգի մյուս ցցուն անկատարությունը հակակշիռների բացակայությունն է, որն, ըստ էության, անշրջելի է դարձնում կայացված սխալ որոշումը: Զորավարժություններին չմասնակցելը ողբերգություն չէ, ողբերգությունն այն է, որ որևէ քաղաքական ուժ պահանջատեր չէ մասնակցության հարցում, և առավել ևս՝ ոչ մի կուսակցություն իշխանությունից հաշիվ չպահանջեց «վերջին պահի» որոշման համար: Նույն կերպ՝ չկա որևէ քաղաքական ուժ, որը պահանջատեր է ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի ստորագրման հարցում, և եթե Սերժ Սարգսյանը կրկնի «եվրասիական ուրացման գիշերը», հաջորդ առավոտյան ոչ մի քաղաքական ուժ նրանից հաշիվ չի պահանջելու և չի էլ կարող պահանջել, որովհետև քաղաքական համակարգը Սարգսյանին մենակ է թողել ռուսական ճնշումներին հանդիման:

Մեր իշխանությունը չունի զարգացման ռեսուրս, իսկ ընդդիմության ֆանտազիան բավարարում է ներիշխանական բազարներում խուրդվելու համար: Մեր քաղաքական համակարգը խոտան է, ու նրանից պետք չէ ակնկալել որակյալ որոշումներ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20