Հայաստանում անհատի պաշտամունքը՝ տոտալ անպատասխանատվության «կամուֆլյաժն» է

- in Կարծիք
65
HHK

ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, որ Սերժ Սարգսյանին վարչապետ առաջադրելու մասին ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի կարծիքը նրա անձնական կարծիքն է, իսկ կուսակցությունը պաշտոնական դիրքորոշում դեռևս չունի:

Բայց Շարմազանովը հայտարարում է, որ երկիրը ղեկավարում է քաղաքական մեծամասնությունը և անկախ այն բանից, թե ով կլինի վարչապետ կամ ԱԺ նախագահ, այդ մեծամասնության անփոխարինելի առաջնորդը Սերժ Սարգսյանն է: Այս հայտարարությունը գործնականում հակասահմանադրական հայտարարություն է, որովհետև կապ չունի, թե ով է Հայաստանում իշխող որևէ կուսակցության առաջնորդ՝ Հայաստանի քաղաքացիների համար քաղաքական որոշումների, պետության անվտանգության և կառավարման այլ արդյունքների համար պատասխանատուն այն պաշտոնյաներն են, որոնք իշխանության լիազորությամբ օժտված են Սահմանադրությամբ:

Քաղաքական մեծամասնության առաջնորդը, այսինքն` որևէ կուսակցապետ, օժտված չէ այդպիսի լիազորությամբ: Հետևաբար, երբ ՀՀԿ-ականները հայտարարում են, թե կապ չունի` ով է իշխանության սահմանադրական լծակներով օժտված այս կամ այն պաշտոնյան, քանի որ բոլորի առաջնորդը Սերժ Սարգսյանն է, նրանք խախտում են թե՛ Հայաստանի Սահմանադրության տառը և ոգին, թե՛ նաև հենց իրենց առաջնորդի այսպես ասած տառերն ու ոգին: Ի վերջո Սերժ Սարգսյանն է հայտարարում, կամ հայտարարել բազմաթիվ անգամ, թե խորհրդարանական կառավարման մոդելի անցումով Հայաստանը դուրս է գալիս անձիշխանության փուլից, այլևս դադարում է ամեն ինչ անձից կախված լինելու իրողությունը, և Հայաստանն անցնում է այսպես ասած կոլեգիալ կառավարման: Բայց արի ու տես, որ նրա իսկ հարազատ կուսակցության անդամները հայտարարում են, որ իրենք ճանաչում են անձին և այդ մեկ անձը Սերժ Սարգսյանն է: Իհարկե Հանրապետականները լավ են պատկերացնում, թե ինչ են անում, քանի որ նրանք ամենևին միամիտ չեն Սերժ Սարգսյանի տրամաբանությանը հակառակ գնալու համար:

Այստեղ իհարկե շարժառիթները բազմաթիվ են, և առիթներ ունեցել ենք դրանց մի մասին անդրադառնալու: Դիտարկման արժանի է ևս մեկը: Սերժ Սարգսյանը հանդես է գալիս քաղաքական համակարգային բարեփոխումների կարգախոսով, հայտնում քաղաքական համակարգի արդիականացմանը միտված կոնցեպտուալ մտքեր, ռազմավարական հեռանկարներ շոշափում, իսկ նրա հարազատ կուսակցությունը համառորեն մնում է անհատի պաշտամունքի մակարդակում: Այդ մակարդակը էլ ավելի է ընդգծում Սարգսյանի այսպես ասած արդիականությունը: Այլ կերպ ասած, ՀՀԿ անհատապաշտությունը Սերժ Սարգսյանը փորձում է հմտորեն «փոխարկել» արտաքին դաշտում, ցույց տալով միջազգային հանրությանը, թե ինքն ինչ «պահպանողական» համակարգի հետ գործ ունի, որը համառորեն չի ցանկանում հրաժարվել անձի դերակատարումից: Ըստ այդմ, Սերժ Սարգսյանն այդպիսով միջազգային հանրության առաջ բարձրացնում է իր անձի դերը: Տրամաբանությունը թերևս բավական պարզ է՝ եթե ես չլինեմ այդ անձը, ապա նրանք, այսինքն՝ անհատապաշտ համակարգը, իմ փոխարեն շատ արագ կգտնեն իրենց ղեկավարող մի ուրիշ անձի և դրանից չի շահի ոչ ոք, առավել ևս բարեփոխումները: Կարծում եք, թե դա թո՞ւյլ փաստարկ է միջազգային հանրության, միջազգային դերակատարների առաջ:

Կարող էր թույլ լինել, եթե Հայաստանում լինեին այսպես ասած անհատապաշտության ծիրից դուրս քաղաքական այլ կենսունակ ուժեր, բայց դրանք չկան, արդիական ներկուսակցական ժողովրդավարություն Հայաստանում զարգացած չէ դեռևս որևէ այլ կուսակցությունում, և Սերժ Սարգսյանի փաստարկն այդ դեպքում դառնում է առավել քան համոզիչ՝ անհատապաշտություն է ոչ միայն ՀՀԿ-ում, այլ գործնականում բոլոր քաղաքական ուժերի մոտ: Երբևէ փորձե՞լ եք քննադատության ենթարկել ամենաարդիական կարգախոսներով հանդես եկող քաղաքական ուժերի առաջնորդներին, կասկածի տակ դնել նրանց գործունեության շարժառիթների, մղումների իրավացիությունը, արդարացվածությունը, պատեհությունը և այլն: Ի պատասխան՝ դուք կարժանանաք մի ամբողջ պլեադայի գրոհի: Արդիականության կարգախոսները մեկ վայրկյանում կնահանջեն գրողի ծոցն ու այնտեղից կրակի տեսքով կթափվեն ձեզ վրա: Հայտնի խոսք կա՝ իմ ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է ուրիշի ազատությունը: Այդ խոսքը հայաստանյան քաղաքական համակարգում կարող է տրանսֆորմացվել հետևյալ կերպ՝ արդիականությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսում է ուրիշի քննադատությունը իրենց առաջնորդի հասցեին: Համատարած այդ իրավիճակում Սերժ Սարգսյանին բավականին դյուրին է հավաստիացնել միջազգային հանրությանը, որ Հայաստանում խնդիրը բացարձակապես անձը չէ, այլ համատարած մտածողությունն ու անձի, անհատի պաշտամունքին տոտալ հակվածությունը: Ամենապարադոքսալն այն է, որ նա իրավացի է, և հավաստիացման այսպես ասած հաջողության հիմքում հենց դա է՝ իրավացիությունը, որում համոզված է նաև միջազգային հանրությունը:

Հայաստանում անհատի պաշտամունքը անպատասխանատվության՝ տոտալ անպատասխանատվության «կամուֆլյաժն» է, հարմար, գրեթե իդեալական «կամուֆլյաժը»: Եվ թվում է, թե անհատներն են իրենց հանդեպ պաշտամունքով այսպես ասած գերում կամ նվաճում մասսաներին: Մասսաները իհարկե ոչ, բայց կուսակցական, քաղաքական, իշխանական այսպես ասած «սինդիկատները» իրենց պաշտամունքով նվաճում են անձերին, ստիպելով նրանց մի կողմից վճարել այդ պաշտամունքի դիմաց, մյուս կողմից էլ պատասխան տալ իրենց փոխարեն: Իրականում, խորքային առումով, այդ տոտալ անպատասխանատվությունը, պատասխանատվության անհատական զգացումն է քայքայում որևէ համակարգ, պետություն կամ հանրույթ, որն առերևույթ ապրում է անհատի պաշտամունքով: Իրականում այդ անհատները սարսափահար կլինեն, եթե ինչ որ հրաշքով կարողանան ծանոթանալ, թե ինչ են մտածում իրենց մասին մասսաները, երբ մնում են ամեն մեկն ինքն իր հետ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20