Հայաստանում հասունացած է քաղաքական-իշխանական, ներքաղաքական-ներհամակարգային անորոշությունը

- in Հրապարակ
70
Serzh Sargsyan

Հայաստան-Սփյուռք համաժողովում Սերժ Սարգսյանը կրկնել է 2040 թվականին  4 միլիոն բնակչությամբ Հայաստան ունենալու իր նախանշած նպատակը, որ հռչակել էր նոր խորհրդարանի առաջին նիստում՝ մայիսի 18-ին, հայտարարելով, որ դա պետք է լինի Հայաստան-Սփյուռք հաջորդ համաժողովի օրակարգային առանցքը: Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը հասունացել է հայրենադարձության խնդիր դնելու և լուծումներ գտնելու համար:

Որո՞նք են հասունացման հատկանիշները, նվազագույնը այդ խնդրի համար հասունացման, դեռևս պարզ չէ: Դատելով, օրինակ, կառավարության գործունեության մեկ տարվա ցուցանիշներից, որոնցից, ի դեպ, Սերժ Սարգսյանը գոնե առայժմ գոհ է, Հայաստանը ոչ թե հայրենադարձության խնդիր դնելու համար է հասունացել, այլ հակառակը՝ հասունացնում է արտագաղթը: Ընդհանրապես, հայրենադարձության համար խնդիրներ դնելու և լուծումներ փնտրելու հասունացման մասին խոսելու առաջնային գրավականներից մեկը իշխանությունն է՝ իշխանության խնդիրը:

Այսինքն՝ նախևառաջ դեռևս պարզ չէ, թե ո՞վ է դնում հայրենադարձության խնդիր: Ո՞վ է Հայաստանում իշխանությունը, ո՞ւմ հետ պետք է գործ ունենան հայրենադարձության խնդիր ասվածի լայն շրջանակը ներառող հնարավոր սուբյեկտները՝ սկսած ռեսուրսային աղբյուրների տերերից, մինչև անմիջական հայրենադարձվողներ:

Մինչդեռ այսօր Հայաստանում իշխանությունը կամ այսպես ասած՝ իշխանություն կոչված համակարգը չի կարողանում պատասխանել անգամ ամենապարզ հարցերի, մասնավորապես 2018 թվականի վերաբերյալ, Սերժ Սարգսյանի քաղաքական ճակատագրի վերաբերյալ, Հայաստանի վարչապետի վերաբերյալ, վարչապետ նշանակվելու կոնկրետ չափանիշների վերաբերյալ:

Հայաստանում հասունացած է քաղաքական-իշխանական, ներքաղաքական-ներհամակարգային անորոշությունը, իսկ անորոշության պայմաններում չի կարող հասունանալ հայրենադարձության խնդրի լուծման հեռանկարը, որքան էլ փորձենք ցանկալին դնել իրականության տեղ: Ըստ այդմ՝ Հայաստանը ոչ միայն հայրենադարձության, այլ սկզբունքորեն որևէ ռազմավարական խնդիր լուծելու ունակ կարող է լինել այն դեպքում, երբ հստակ լինի իշխանության խնդրի լուծումը:

Ընդ որում՝ եթե այդ խնդիրն էլ լուծվի այնպես, որ ձևավորվի Հայաստանի մարտահրավերներին ու անվտանգության հրամայականներին համարժեք, ինքնիշխանության կամք և պետական արժանապատվություն ունեցող իշխանություն, որը ոչ թե Հայաստանին այլընտրանք չի տեսնում այս կամ այն կառույցի մեջ, այլ հանրությանն առաջնորդում է այլընտրանքի որոնման սկզբունքային մտածողության դաշտ՝ բոլոր հարցերում, մանր կենցաղայինից մինչև մեծ պետական, ռազմավարական:

Այդ դեպքում Հայաստանը թե՛ այլընտրանք կունենա, թե՛ ինքնին այլընտրանք կդառնա այլ երկրներում գտնվող հայերի համար, և թերևս՝ ոչ միայն հայերի:

Հայրենադարձությունն, իհարկե, բավական հնչեղ բառ է և կարևոր գաղափար, բայց, խոշոր հաշվով, Հայաստանը կա՛մ գրավիչ կդառնա ապրելու համար ընդհանրապես բոլոր մարդկանց համար, այդ թվում՝ օտարազգիների, կա՛մ գրավիչ չի լինի նաև արտերկրի հայերի համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20