Հայաստանում ներդրումների երաշտի համար մեղավոր է իշխանական ամբողջ համակարգը

- in Տնտեսական
319
eshelon ishxanutyun

Հայաստանում ուշադրությունից դուրս մնաց ներդրումային ընթացիկ պատկերի մասին պաշտոնական վիճակագրությունը: Ասմունքող տիկնոջ և ճանապարհային ոստիկանների մասնակցությամբ միջադեպը դարձավ առավել համապետական «օրակարգ», քան ներդրումային անմխիթար պատկերը:

ԱՎԾ հրապարակած այդ ցուցանիշը, մեղմ ասած, ոչ միայն չի պարունակում հուսադրող թվեր, այլ շարունակում է խոսել այն մասին, որ ներդրումները Հայաստանից ուղղակի հեռանում են, ոչ թե գալիս: Աճել է կապիտալի արտահոսքը, իսկ ներդրումների հոսքը, մեղմ ասած, չի հասել այդ աճի հետևից՝ թե՛ քանակով, թե՛ նույնիսկ որակով:

Ասել, որ սրա համար մեղավոր է Սերժ Սարգսյանը կամ Կարեն Կարապետյանը, կամ նախկին և ներկա որևէ այլ պաշտոնյա, կնշանակի չասել ոչինչ: Անկասկած, ներդրումների ներգրավման համար ի պաշտոնե թե՛ ոլորտային, թե՛ քաղաքական պատասխանատվություն ունեցող յուրաքանչյուր պաշտոնյա պատասխանատու է վիճակի համար: Առավել ևս պատասխանատու է վարչապետ Կարեն Կարապետյանը, որը հայտարարել է ներդրումային բումի հեռանկարների մասին, իբրև առկա 3,2 միլիարդ դոլարի հաստատված ծրագրերի մասին: Ու՞ր են դրանք:

Մյուս կողմից՝ Հայաստանում ներդրումների, մեղմ ասած, երաշտի համար մեղավոր է Հայաստանի իշխանական ամբողջ համակարգը, որն ունի արդեն մոտ երկու տասնամյակի կուռ պատմություն: Եվ ակնհայտ է դառնում ավելի ու ավելի, որ այդ պատմությունը հնարավոր չէ շրջել Սերժ Սարգսյանով կամ Կարեն Կարապետյանով, և երբ քննարկվում են անգամ այդ տարբերակները կամ դիլեմաները, ապա դրանք ավելի շուտ նպաստում են դրանով պատմության «անշրջելիությանը»: Այդ համակարգն արդեն բավական ճանապարհ է անցել և բավական «հասունացել» է պատասխանատվության, այսպես ասած, անհատական գոտուց դուրս գալու և հավաքական պատասխանատվության շրջանակով պաշտպանվելու համար:

Համակարգի այդ պատմությունը կշրջվի կա՛մ աստիճանաբար, երբ թե՛ Սարգսյանը, թե՛ Կարապետյանը, թե՛ նրանցից հետո եկող գործող ու պաշտոնաթող պաշտոնյաներն ու օլիգարխները մեկ առ մեկ, իրար հետևից, հերթով կստանան, կապահովեն իրենց և իրենց ընտանիքների ժառանգական իրավունքներն ու երաշխիքները՝ իսկ մինչ այդ աներկբայորեն շուռ կգա պարզապես Հայաստանը, դեպի անդունդ, կա՛մ հնարավոր է այդ ամենը փոխել ամբողջական փաթեթով, բայց դրա համար պետք է ամբողջական լինի նաև այն, ինչով փոխվելու է այդ իրականությունը: Այստեղ, իհարկե, հաճախ է հիշատակվում Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլիի օրինակը, որն, իհարկե, ոգևորիչ օրինակ է: Սակայն խնդիրն այն է, որ այն համարժեք չէ հայաստանյան իրականությանը: Համեմատել այն, ինչ արեց Սահակաշվիլին Վրաստանում, հնարավոր է միայն ոգևորության, հուզականության ալիքի վրա, իսկ ռացիոնալության տեսանկյունից Սահակաշվիլին գործ է ունեցել բոլորովին այլ իրավիճակի հետ, քան կա Հայաստանում: Հայաստանում կա կուռ համակարգ, որն այսպես, թե այնպես պետք է տեղի տա աստիճանաբար, բայց միայն այն դեպքում, եթե արդեն հակառակ կողմում, հանդիպակաց կողմում լինի ևս կայացած համակարգ:

Հետևաբար, համակարգը թեկուզ աստիճանաբար ապամոնտաժելը իրատեսական կարող է դառնալ այն դեպքում, երբ հաջողվի իրականություն դարձնել աստիճանաբար զուգահեռ տնտեսաքաղաքական, քաղաքացիական համակարգի ձևավորումը: Ինչպես, ինչ ռեսուրսներով, ինչ մեթոդներով՝ դա, իհարկե, այլ հարց է: Սակայն առանց այդ խնդրի լուծման, համակարգի աստիճանական կամ ամբողջական ապամոնտաժումը մշտապես ենթակա է լինելու նույն համակարգի անհատական երաշխիքների ստացման գործընթացին, ինչը կնշանակի արդեն ոչ թե համակարգի ապամոնտաժում, այլ ընդամենը որոշակի տրանսֆորմացիա: Դա էլ իր հերթին կնշանակի, որ այդ համակարգը շարունակելու է փակ և անհրապույր լինել արտաքին ներդրումների համար: Այլևս երևի թե անհրաժեշտ է մտածել այն ուղղությամբ, որ Հայաստանում արտաքին ներդրումների պատկերը կախված է ոչ թե անմիջական միջավայրային գրավչությունից, այսինքն, այսպես կոչված, ներդրումային պայմաններից, այլ խնդիրներից, որ կդրվեն այդ ներդրումների տակ, կձևակերպվեն հստակ և կլինեն գրավիչ ու համոզիչ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20