Հայ – վրացական հարաբերությունների հենապատը

- in Հրապարակ
51
Armenia Georgia

Երևանում այսօր տեղի ունեցած սեմինարի ընթացքում, որ վերաբերել է ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրին, Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին խոսել է ծրագրի անդամ երկրների, մասնավորապես, այդ թվում՝ Հայաստանի և Վրաստանի թույլ, անբավարար կապի մասին:

Այսինքն՝ ԵՄ դեսպանի հայտարարությունն արտահայտում է հայ-վրացական հարաբերության սերտացման ոչ միայն երկկողմ, այլև ըստ էության միջազգային նշանակության սահմանը:

Գործնականում Հայաստան-Վրաստան կապը ուղղակիորեն եվրոպական անվտանգության սահմանն է, և թույլ կապը նշանակում է թույլ սահման: Մյուս կողմից՝ եթե Հայաստանն ու Վրաստանը չեն կարողանում ապահովել իրենց բնական այդ առաքելությունը, ապա ինքնաբերաբար ռազմավարական անվտանգության տեսանկյունից իրենք էլ դառնում են թույլ և խոցելի:

Այդ իմաստով հայ-վրացական հարաբերության խորացմանն ուղղված ցանկացած քայլ, որ կատարվում է, քայլ է անվտանգության ուղղությամբ ինքնաբերաբար: Սակայն միևնույն ժամանակ ակնհայտ է, որ այդ հարաբերությունն ունի բովանդակային հեռանկարային իմպուլսի կարիք՝ որևէ բնագավառում ծրագրային խոշոր նախաձեռնության մասով: Ընդ որում, այդ հարցում էլ բնական առաքելություն ունի Եվրոպան:

Խոսքն անշուշտ միայն ռազմաքաղաքական կամ աշխարհատնտեսական բնույթի նախաձեռնությունների մասին է, բայց հայ-վրացական կոոպերացիայի խնդիրը անգամ տնտեսական կամ մշակութային «ամենաապաքաղաքական» ուղղությամբ ստանում է քաղաքական էական նշանակություն՝ սկսած թե՛ երկու երկրների հասարակությունների մերձեցման համար՝ իսկ այստեղ խնդիրներ թեև չկան, այդուհանդերձ, կա փոխըմբռնման և հարևանության աստիճանի բարձրացման անհրաժեշտություն, թե՛ միջպետական հարաբերությունների կոորդինացիային առավել բարձր դինամիկա և կենսունակություն ապահովելու համար:

Եվ այդ իմաստով թերևս Եվրամիությանն էլ անհրաժեշտ է առաջնահերթություն դիտարկել հայ-վրացական ընդգրկում ենթադրող ծրագրերի մշակումը՝ ուղղված առաջին հերթին տեղեկատվահասարակական սեկտորին, որը պետք է լինի պաշտոնական հարաբերությունների հենապատը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20