Հարկային ու մաքսային ծառայություններն այս տարի չեն կարողանա ապահովել 1 տրիլիոն 244 մլրդ դրամի եկամուտները

- in Տնտեսական
89
vardan-harutyunyan

Տարին մոտենում է ավարտին, և Հայաստանի տնտեսական զարգացման միտումներն աստիճանաբար ամբողջանում են: Ճիշտ է, թվային տվյալներով դրանք աճ են ցույց տալիս, բայց բովանդակային առումով, երբ փորձում ես հասկանալ, թե ինչ արդյունք կամ որակ կա, արդեն սկսում է տխուր պատկեր բացահայտվել:

Օրինակ՝ սկսած տարեսկզբից ՀՀ իշխանությունները, հատկապես վարչապետ Կարեն Կարապետյանն ու Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը անընդհատ հպարտանում են 5-6 տոկոս տնտեսական ակտիվությամբ՝ անկախ այն հանգամանքից, թե դա շարքային քաղաքացու գրպանի վրա ինչ ազդեցություն է թողնում: Շարքային քաղաքացու գրպանի վրա ազդեցությունը կարելի է հասկանալ Ազգային վիճակագրական ծառայության մեկ այլ տվյալից՝ մանրածախ առևտրի ծավալներից, որը նույնպես աճ է գրանցել՝ 5,7 տոկոսով: Բայց վիճակագրական մեկ ուրիշ տվյալից էլ պարզ է դառնում, որ մեր քաղաքացիների գնողունակությունը հիմնականում աճել է արտերկրից իրենց հարազատներից ստացած գումարների շնորհիվ: Չէ՞ որ այս տարի մասնավոր տրանսֆերտներն էլ աճ են ունեցել: Այնպես որ, կառավարության ներկայացրած աճի ցուցանիշը որակ չի ապահովել:

Կարապետյան-Հարությունյան զույգի հպարտության մեկ այլ ցուցանիշը բյուջեի եկամուտների հավաքագրման աճն է: ՊԵԿ տվյալներով՝ այս տարվա բոլոր ամիսներին հավաքագրումներն աճել են: Օրինակ՝ օգոստոս ամսին այն եղել է 5,8 տոկոս, իսկ բացարձակ թվով այդ ամիս հավաքագրվել է 93 մլրդ 988 մլն դրամ եկամուտ: Շատ է սա, թե քիչ՝ կարելի է հասկանալ նախորդ ամիսների նույն տվյալների հետ համեմատության մեջ: Եվ, որ ամենակարևորն է, եկամուտների հավաքագրման նպատակադրված թվի հետ համեմատելով:

Եվ այսպես, ՊԵԿ հրապարակած տվյալներից կարելի է հասկանալ, որ հավաքագրումների աճի տեմպը անկում է գրանցել: Այս տարի եղել են ամիսներ, որ հավաքագրումը 2016թ. նույն ամսվա հետ համեմատած ավելի շատ է աճել: Օրինակ՝ հունիս ամսին հավաքագրվել էր 94,7 մլրդ դրամի եկամուտ, իսկ ապրիլ ամսին անգամ հատել էր 100 մլրդ դրամի սահմանը՝ 107,3 մլրդ դրամ: Մեր իրականության մեջ ընդունված է համարել, որ տնտեսական աճն ու եկամուտների հավաքագրումն ավելի են ակտիվանում տարվա երկրորդ կեսին ու հատկապես օգոստոսից սկսած, երբ մեր քաղաքացիներն իրենց խնայողությունները հանում և ծախսում են իրենց երեխաներին դպրոցական, ուսանողական պարագաներ ու հագուստ գնելու համար: Ու երբ վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեր երկիր այցելող զբոսաշրջիկների քանակն է ավելանում: Իսկ եթե այսքան աճերի ֆոնին մեզ մոտ եկամուտների հավաքագրման աճի դանդաղում է նկատվում, ուրեմն մեր տնտեսության մեջ մի բան այն չէ: Ուրեմն իրականում աճ չկա, կա՛մ նախորդ ամիսներին տնտեսվարողներից տեռորով են հարկեր հավաքագրել, կա՛մ էլ նախորդ ամիսներին ՊԵԿ-ն աշխատել է ստվերային շրջանառությունը հարկման դաշտ բերել, իսկ վերջին շրջանում դա չի հաջողվել: Եվ այդպես շարունակ:

Բայց համեմատելու համար կա ևս մեկ, ավելի հզոր թիվ, որը գուժում է, որ նման տեմպերով ՀՀ կառավարությունը կամ ՊԵԿ-ը կթերակատարեն բյուջեի եկամտային մասը: 2017թ. բյուջեով նախատեսված է հավաքել 1 տրիլիոն 244 մլրդ դրամ: ՊԵԿ տվյալներով՝ հունվար-օգոստոս ութ ամիսներին հավաքագրվել է 735 մլրդ դրամ և դեռ մոտ 510 մլրդ դրամ հարկեր ու մաքսային վճարներ էլ պետք է հավաքվեն, որպեսզի ապահովվի բյուջեում ամրագրված թիվը: Բայց տարվա ավարտին մնացել է ընդամենը չորս ամիս, և ՊԵԿ-ը յուրաքանչյուր ամիս պետք է առնվազն 127 մլրդ դրամ հավաքի, որ բյուջեն կատարի: Արդյոք կարողանա՞ այս գերատեսչությունն այդքան ավելի գումար հավաքել կամ որտեղից պետք է հավաքի:

Ինչպես նշեցինք, այս տարի ընդամենը մեկ անգամ է հարկերի հավաքագրումը 100 մլրդ դրամից ավելի եղել, մնացած դեպքերում այն 80-94 մլրդ դրամի սահմաններում է տատանվել: ՊԵԿ-ը կարո՞ղ է առաջիկա 4 ամիսներից յուրաքանչյուրում այս ցուցանիշները գերազանցել 30-35 մլրդ դրամով: Դժվար թե: Մեր տնտեսությունը հանկարծակի այդ ի՞նչ աճ պետք է գրանցի կամ ինչի՞ հիման վրա, այդ ի՞նչ գումաներ ու ներդրումներ պետք է գան Հայաստան, որ եկամուտների հավաքագրումն էլ այդպես ավելանա: Եթե անգամ մեր հայրենակիցներն արտերկրից կրկնապատկեն ուղարկած տրանսֆերտների չափը, միևնույն է, նման աճ անհնար է պատկերացնել:

Բայց անցած տարեվերջին երբ Կ.Կարապետյանը այս տարվա բյուջեն Ազգային ժողով էր բերում և նման թվեր ֆիքսում այնտեղ, նա հավանաբար վստահ էր, որ դա կկատարի: Իսկ թե ինչու էր վստահ, ինչի հիման վրա էր այդ վստահությունը, դժվար է ասել: Միգուցե նոր էր նշանակվել, նրան ասվել էր, որ քեզ համար աշխատելու ամեն պայման կստեղծվի, ռուսաստանահայ գործարարներն էլ տաք-տաք խոստումներ էին տվել, թե միլիոնավոր դոլարների ներդրումներ կարվեն, տնտեսությունը կաճի ու եկամուտների հավաքագրումն էլ կավելանա: Եվ Վ. Հարությունյանին էլ «Գազպրոմ-Արմենիայից» ՊԵԿ բերելով՝ նրան թվում էր, թե ահա հարկերը կհոսեն մեծ տեմպերով, իրենք ոչ միայն տնտեսությունը կզարգացնեն, այլև ստվերային շրջանառությունը հարկման դաշտ կբերեն ու բյուջեն ոչ միայն կկատարեն, այլև կգերակատարեն:

Մինչդեռ ՊԵԿ հրապարակած տվյալները հիմք են տալիս ենթադրելու, որ հարկային ու մաքսային ծառայություններն այս տարի չեն կարողանա ապահովել 1 տրիլիոն 244 մլրդ դրամի եկամուտները, և բյուջեի եկամտային, միգուցե նաև ծախսային մասը կթերակատարվի: Իսկ դա նշանակում է, որ կառավարությունը կա՛մ պետք է ավելի շատ պարտք անի, կա՛մ որոշ ծախսեր կրճատի: Իհարկե, կառավարությունը չի համարձակվի բացահայտ սեկվեստրի գնալ, նրանք ներքին կարգով դա կանեն: Ինչպես արդեն հրապարակել էինք, անցած շաբաթ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը գերատեսչությունների ղեկավարներին հրահանգել է 7 տոկոսով կրճատել ծախսերը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20