ՀՀԿ-ական տիկնանց պայքարը Արփինե Հովհաննիսյանի դեմ իզուր չի անցել

- in Մամուլ
Arpine Hovhannisyan

«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ խորհրդարանում ներկայացված ՀՀԿ-ական տիկնայք բոլոր ուժերով պայքարում են իրենց կուսակից, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի դեմ։ «Նրանց ջանքերը իզուր չեն անցել, Արփինե Հովհաննիսյանին զրկել են բոլոր լիազորություններից։

Արդարադատության նախկին նախարարը, որն աչքի էր ընկնում իր ակտիվ աշխատաոճով, այլևս ելույթներ չի ունենում։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը Արփինե Հովհաննիսյանին հրահանգել է զբաղվել միայն ԵԽԽՎ-ի շրջանակում եղած գործերով»:

ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն անհեթեթություն է որակում տեղեկատվությունը, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ կանանց՝ իր դեմ պայքարի արդյունքում այլևս նախկին ակտիվ գործունեությունը չի վարում:

«Թույլ տվեք զավեշտի հասնող անհեթեթություններ չմեկնաբանել: Բայց ուզում եմ դիմել լուրի աղբյուրին՝ անկախ սեռային պատկանելությունից: Հիվանդագին երևակայությունը և սեփական ցանկությունները իրականության հետ շփոթելն արդեն լուրջ հիվանդության ախտանշան է, ընդ որում, բավական ծանր փուլում գտնվող: Հենց այս պատճառով երևում են աղբյուրի ոչ միայն ականջները, այլև ողջ մարմինը»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահը:

Նշենք, որ «ՉԻ»-ի տեղեկություններով՝ կանանց ջանքերը տեղ են հասել, և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Արփինե Հովհաննիսյանին հրահանգել է զբաղվել միայն ԵԽԽՎ-ի շրջանակում եղած գործերով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20