ՀՀԿ-ի ինչի՞ն է պետք ԲՀԿ-ի հետ կոալիցիան և ի՞նչ կստանա դրանից

- in Կեղտոտ լվացք
66
Serzh Gagik

Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է, որ «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ, դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը կրկնեց հայտնի այն թեզը, թե քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ, բայց այդ մասին կխոսի, երբ համապատասխան քննարկումներ կլինեն:

«Ծառուկյան» խմբակցության անդամները պատրաստ են կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ, և Ծառուկյանը չի ցանկանում ցույց տալ, թե դեմ է իր խմբակցության անդամների երազանքների կատարմանը, մնում է միան ՀՀԿ-ն համապատասխան առաջարկ անի: Դա կարող է տեղի ունենալ 2018թ. ապրիլին, երբ նոր Սահմանադրությունն ամբողջովին ուժի մեջ կմտնի, և Հայաստանը կանցնի կառավարման խորհրդարանական համակարգին:

Թե իրենից ինչ է այսօր ներկայացնում «Ծառուկյան» դաշինքը, որևէ մեկը հստակ չի կարող ասել: Դաշինքը ֆորմալ առումով կառավարության մաս չի կազմում, և զուտ քաղաքագիտական իմաստով այն չի կարող դիտարկվել որպես իշխանություն: Բայց դաշինքին կամ նրա հիմքը կազմող ԲՀԿ-ին ոչ մի կերպ ընդդիմադիր չես անվանի: Դաշինքի անդամները առիթ են փնտրում իշխանությանը գովելու, իրենց հիացմունքն արտահայտելու վարվող արտաքին, տնտեսական և պաշտպանական քաղաքականությունից: Նույնիսկ ԲՀԿ նախագահն է վարչապետի մասին խոսելիս հայտարարում, թե նա իր ընկերն է, իսկ իր հանգիստն անցկացնում է երկրի նախագահի ընկերակցությամբ:

Բայց դաշինքի պատգամավորներն անկեղծորեն խոստովանում են, որ իրենք չեն կարող ընդդիմադիր լինել, իսկ հինգ տարի շարունակ նման լղոզված ու անհեթեթ վարքագիծ դրսևորելն անհնար են դիտում: Նրանց համար ավելի տրամաբանական կլինի, եթե իրենք մտնեն իշխանական կոալիցիա, և այդ դեպքում իշխանությանը պաշտպանելը գոնե ինչ-որ տրամաբանություն կստանա: Մնում է, որ իշխանությունը ինքը ցանկանա կոալիցիա կազմել «Ծառուկյան» դաշինքի հետ և ամենակարևորը՝ զգա նման դաշինքի անհրաժեշտությունը:

ՀՀԿ-ի ինչի՞ն է պետք ԲՀԿ-ի հետ կոալիցիան և ի՞նչ կստանա դրանից

ՀՀԿ-ն խորհրդարանում ունի բացարձակ մեծամասնություն և ինքնուրույն կարող է և՛ կառավարություն ձևավորել, և՛ անցկացնել իրեն անհրաժեշտ բոլոր օրենքները: ՀՅԴ-ի հետ դաշինքի շնորհիվ ՀՀԿ-ն ունի 3/5-րդ ձայներ, որն անհրաժեշտ է որոշ պաշտոնյաների նշանակման համար: Օրինակ՝ նոր Սահմանադրությունը պահանջում է, որ գլխավոր դատախազի, ԿԲ նախագահի, ԿԸՀ նախագահի և էլի մի քանի պաշտոնյաների ընտրությունը կատարվի պատգամավորների ոչ թե մեծամասնության, այլ 3/5-րդի կողմ քվեարկությամբ: Ասպիսով, իշխանությունը խորհրդարանում չունի ԲՀԿ-ի կարիքը: Բացի այդ, ԲՀԿ-ի կոալիցիա մտնելով՝ ավելանում է իշխանության սուբյեկտների քանակը: Միանգամից 30 պատգամավոր դառնում է իշխանություն: Մենք չենք հաշվում Գագիկ Ծառուկյանին, քանի որ նա առանց կոալիցիա մտնելու էլ իշխանության մաս է: Լրացուցիչ 30 պատգամավորի իշխանություն դառնալը նշանակում է ևս 30 մարդու ախորժակի բավարարում: Երբ նրանք ֆորմալ ընդդիմադիր են կամ ոչ իշխանություն, չեն կարող պահանջել, որ իրենց մերձավորներին ևս պաշտոններ տան, չեն կարող պահանջել համընդհանուր հարկային արտոնություններ իրենց ու իրենց մերձավորների համար, և նման բազմաթիվ այլ արտոնություններ, որոնցով օժտված են ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի պատգամավորները:

Ի՞նչ կստանա կոալիցիայից Գագիկ Ծառուկյանը

Ծառուկյանը կարող է ստանալ մի քանի նախարար և մարզպետ նշանակելու հնարավորություն, բայց դա ավելի շատ հավելյալ պատասխանատվություն է, և դրանից բխող հավելյալ գլխացավանք, քան արտոնություն: Այն, ինչ անհրաժեշտ է Ծառուկյանին իշխանութունից՝ նա ստանում է առանց կոալիցիայի մաս կազմելու: Ինչ վերաբերում է նրա խմբակցության անդամներին, ապա նրանք կարող են իրենց հարցերը լուծել միջնորդավորված, չնայած ոչ այն չափով, եթե լինեն իշխանությունում:

«Ծառուկյան» խմբակցության կազմը էականորեն տարբերվում է 2007-ին և 2012-ին ձևավորված ԲՀԿ խմբակցություններից: Այստեղ չկան ինքնուրույն քաղաքական ֆիգուրներ և անհատականություններ, ովքեր կարող են ազդել որոշումների կայացման վրա, կամ գոնե Ծառուկյանից տարբերվող դիրքորոշում արտահայտել: Չկան ո՛չ Վարդան Օսկանյանը, ո՛չ Գուրգեն Արսենյանը, ո՛չ Վահե Հովհաննիսյանը: Ծառուկյանն իր խմբակցությունում խոսելու և ազատ միտք արտահայտելու արգելք է սահմանել՝ բոլորին հասկացնելով, որ տեսակետ հայտնելու բացառիկ իրավունքը պատկանում է իրեն, իսկ մյուսները պետք է բավարարվեն պատգամավոր լինելու ուրախությամբ: Ճիշտ է, ժամանակ առ ժամանակ այդ արգելքը խախտելու փորձեր են կատարվում, բայց Ծառուկյանը փորձում է լռեցնել այդ ըմբոստացման փորձերը ևս:

Ընդհանրացնելով՝ կարող ենք ասել, որ «Ծառուկյան» դաշինք-ՀՀԿ կոալիցիան պետք չէ ո՛չ Ծառուկյանին և ո՛չ էլ ՀՀԿ-ին: Դա կարող է պետք լինել միայն «Ծառուկյան» դաշինքի անդամ պատգամավորներին՝ խիստ անձնական նկատառումներով, բայց դա շատ քիչ է կոալիցիա ստեղծելու համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20