ՀՀԿ-ի նման ավտորիտար կուսակցությունն իրեն փրայմերիզի շռայլություն թույլ տալ չի կարող

- in Ընտրություններ
35
HHK

«Առաջին լրատվական»-ի հարցին՝ հնարավո՞ր է ՀՀԿ-ականները խնդրեն Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ, Գալուստ Սահակյանը նշել է. «Այլ տարբերակ չկա: Եթե այսօր որևէ մեկը կասի մի այնպիսի թեկնածու, որը մասնակից կլինի Հայաստանի բոլոր իրողություններին՝ սկսած 88-89 թթ. և այնպիսի մի մարդ, որ ունի քաղաքական որոշակի թիմ, ինչպես այսօր Հանրապետականն է, այդ դեպքում կարելի է մտածել»:

Նա նշել է, որ քաղաքական ամենամեծ ուժն ունի Սերժ Սարգսյանը, ուրիշ որևէ հանրապետական առանձին այդ ուժը չունի:

Գալուստ Սահակյանը, իհարկե, առաջին անգամ չէ, որ նման միտք է արտահայտում, սակայն այլ է նրա խոսքի այսօրվա որոշակիությունը, որում արտահայտվում է Սերժ Սարգսյանին այլընտրանքի բացակայությունը, ընդ որում` ոչ միայն համակարգում, այլ նաև դրանից դուրս: Սահակյանը, ի տարբերություն այլ հանրապետականների ու ընդդիմադիրների, խնդիրը չի դիտարկում Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան երկընտրանքի հարթության վրա և, առանց ավելորդ դիվանագիտական ձևակերպումների, ասում է, որ այլ տարբերակ չկա: Գալուստ Սահակյանը փորձառու գործիչ է, հին հանրապետական և տեղյակ է կուսակցության խոհանոցի բոլոր գաղտնիքներին և գրեթե վստահաբար արտահայտում է այն միասնական տրամադրությունը, որ գոյություն ունի ՀՀԿ-ում: Նա սկզբունքորեն ճիշտ է, որովհետև ՀՀԿ-ի նման ավտորիտար կուսակցությունն իրեն փրայմերիզի շռայլություն թույլ տալ չի կարող: Մյուս կողմից` փրայմերիզը նախընտրական գործընթաց է, իսկ ընտրությունները հետևում են, հետևաբար` Սահակյանը կարծում է, որ համակարգը Սերժ Սարգսյանից բացի, այլ անուն ունենալ չի կարող:

Գուցե տարօրինակ հնչի, սակայն խորհրդարանի նախկին նախագահի ասածը միանգամայն օրինաչափ է ու ճիշտ` միաժամանակ թե՛ խորհրդարանական մոդելի և թե՛ քրեաօլիգարխիկ համակարգի տրամաբանության տեսանկյունից: Աշխարհում չկա խորհրդարանական երկիր, որտեղ վարչապետի պաշտոնը զբաղեցնի հաղթած կուսակցության ոչ թե առաջին դեմքը, այլ նորագիրներից մեկը, որը, ի դեպ, չի էլ մերվել քաղաքական թիմի հետ: Մյուս կողմից` քրեաօլիգարխիայի համար խորթ է այն հեռանկարը, որ երկիրը ղեկավարի ոչ թե համակարգի առաջնորդը, այլ` մեկ ուրիշը, որը քաշային կատեգորիայով շատերին է զիջում հենց համակարգի ներսում: Նման բան 2008-12թթ-ին Ռուսաստանում եղել է, երբ Մեդվեդևը նախագահ էր աշխատում վարչապետ Պուտինի մոտ, բայց ռուսական կայացած բյուրոկրատիան, իր ավանդույթների շնորհիվ, դիմացավ այդ քաղաքական ֆարսին: Հայաստանի թույլ և ինստիտուցիոնալ առումով չկայացած համակարգը նման փորձության դիմանալ չի կարող և կկորցնի անգամ արտաքին լեգիտիմությունը:

Սակայն արդյո՞ք Գալուստ Սահակյանը Սերժ Սարգսյանի առաջին համոզողն է, թե՞ նրա խոսքում որոշակի շանտաժ կա, որովհետև «այլ տարբերակ չկա»-ն բացառում է ոչ միայն ու գուցե ոչ այնքան Սերժ Սարգսյանի այլընտրանքի, որքան նաև` հենց նրա այլ դիրքորոշում ունենալու տարբերակը: Գուցե փորձառու Գալուստ Սահակյանը Սերժ Սարգսյանին հասկացնում է, որ հենց ինքն է տարիներ շարունակ ՀՀԿ-ին ու համակարգին զրկել այլընտրանքից` անընդհատ ֆիլտրումների միջոցով և այժմ հեռանալու իրավունք չունի` իմունիտետից զրկված ՀՀԿ-ին դարձնելով «գազավիկների» թիրախ: Գալուստ Սահակյանի խոսքը մի տեսակ վերջնագրային է հնչում, և կարծես նախազգուշացում է Սերժ Սարգսյանին, որ նա չփորձի սեփական կոմֆորտի համար զոհաբերել ՀՀԿ-ն, համակարգը:

Սերժ Սարգսյանը, իհարկե, անտարբեր է այն հարցում, թե իրենից ինչ կխնդրեն կամ կպահանջեն, որովհետև նա որևէ մեկի հետ չի պատրաստվում կիսվել իր ապագա ծրագրերի մասով: Մյուս կողմից` Սարգսյանին չի կարող չանհանգստացնել այն, որ 2018-ի անորոշությունը քաղցկեղի պես մաշում է առանց այն էլ հյուծված համակարգը: Գալուստ Սահակյանի՝ շանտաժ պարունակող խնդրանքը հենց անորոշությունից կաթվածահար լինող համակարգի կոլեկտիվ մեսիջն է Սարգսյանին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20