HHK

Անգամ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանն իր իսկ շուրթերով հայտարարում է, որ խորհրդարանական կառավարման համակարգի անցումով Հայաստանում ըստ էության վերանում է անձի իշխանությունն ու հաստատվում է, այսպես ասած, կոլեգիալ կառավարում, ՀՀԿ իշխող մեծամասնությունը շարունակում է Հայաստանում ամեն ինչ կապել մեկ անձի հետ և այդ անձ դիտել Սերժ Սարգսյանին:

Սա, իհարկե, ամենևին չի նշանակում, որ Սարգսյանն ավելի հեռատես և արդիական մտածողության տեր է, քան մեծամասնությունը, և նրա առավել ներկայացուցչական կառավարման մոտեցմանը հակադրում են «կռապաշտությունը»: Պարզապես Հայաստանի ներկայիս պայմաններում, երբ չափազանց բարդ և պատասխանատու է սոցիալ-տնտեսական վիճակը, և նաև արտաքին ասպարեզում առկա են բազմաթիվ ռազմաքաղաքական մարտահրավերներ, տեղի է ունենում Սերժ Սարգսյանի և ՀՀԿ մեծամասնության շահերի բախում:

Սերժ Սարգսյանը չի ցանկանում լինել միակ պատասխանատուն, թեև, իհարկե, ցանկանում է լինել, այսպես ասած, առաջնորդողը և վերջին խոսքն ասողը: ՀՀԿ-ն էլ չի ցանկանում, որպեսզի Սերժ Սարգսյանը վերջին խոսքի իրավունքը պահի իրեն, իսկ ահա պատասխանատվությունը տարածի, այսպես ասած, բոլորի վրա՝ հայտարարելով, որ այլևս անձերը չեն որոշողը:

Ահա այդ պատճառով էլ Սարգսյանի այդ հայտարարություններին ի պատասխան՝ ՀՀԿ-ականները հայտարարում են, որ միակն ու անփոխարինելին կա ու կմնա Սերժ Սարգսյանը: Ընդ որում, այդ իրավիճակում Սարգսյանի համար թվացյալ շահեկան վիճակը իրականում այնքան էլ այդպես չէ, որովհետև նա իրավիճակը պատրաստել է, այսպես ասած, վատթարագույնին, այսինքն՝ իշխանության դե յուրե լծակի կորստին՝ այդ իսկ պատճառով Սահմանադրությամբ ձևավորելով գործնականում բազմաբևեռ համակարգ:

Եվ եթե անգամ նրա առաջնորդության պայմաններում բևեռները լոկ դե յուրե լինեն իրար հակակշռող, իսկ դե ֆակտո ենթարկվեն միակ ու անփոխարինելի առաջնորդին, միևնույն է՝ իրենից դուրս դե յուրե լծակների գոյությունը մշտապես անհանգստացնելու է Սերժ Սարգսյանին, դամոկլյան թրի նման կախված է լինելու նրա գլխին, և նա միշտ ունենալու է մտավախություն, որ բևեռներից որևէ մեկը կարող է որևէ պահի հարվածել թիկունքից:

Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանը չի կարող հայտարարել, որ միակն ու անփոխարինելին չէ: Ավելին՝ նրան պետք է հենց այդ ընկալումը, ավելի շատ՝ Հայաստանից դուրս: Բայց դա նրա համար գործիք է, ոչ թե նպատակ, իսկ ահա ՀՀԿ մեծամասնությունը համառորեն փորձում է վերածել նպատակի՝ դարձնելով դա գործիք իր ձեռքին՝ Սերժ Սարգսյանի դեմ:

ՀՀԿ-ն չի ցանկանում պատասխանատվություն և երբեք չի ցանկացել դա: Նախ՝ կուսակցությունը խուսափել է պատասխանատվությունից Հանրապետություն բլոկում՝ իհարկե այդ ժամանակ ընդդիմադիր պատասխանատվությունից, հետո պատասխանատվությունից թաքնվել է Վազգեն Սարգսյանի շուքի տակ, հետո՝ Ռոբերտ Քոչարյանի շուքի տակ, հետո և մինչ այժմ՝ Սերժ Սարգսյանի շուքի տակ:

ՀՀԿ մեծամասնությունը հանուն քաղաքական շվաքում մնալու պատրաստ կլինի դուրս գալ անգամ տնտեսական՝ իր համար այդքան թանկ ստվերից, այսինքն՝ նույնիսկ վճարել շվաքում մնալու համար, միայն թե չլինի քաղաքական պատասխանատվություն:

Spread the love