ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքը կմասնակցեն ՏԻՄ ընտրություններին

- in Ընտրություններ
Yntrutyun

Նոյեմբերի 5-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 68 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են լինելու:

Արարատի մարզի Արտաշատ և Լոռու մարզի Շիրակամուտ համայնքներում նույն օրը սպասվում են համայնքի ղեկավարների արտահերթ ընտրություններ:

Վերը նշված 68 համայնքների ցանկում ընդգրկված են նաև մի քանի խոշոր քաղաքներ, որտեղ սպասվում է քաղաքապետի ընտրություն: Քաղաքապետ են ընտրելու Արտաշատում, Արարատում, Ալավերդիում, Ախթալայում, Ստեփանավանում, Տաշիրում, Եղվարդում, Չարենցավանում, Սիսիանում, Կապանում և Քաջարանում:

ՀՀԿ-ն արդեն կողմնորոշվել է և գրեթե բոլոր համայնքներում էլ թեկնածուներ առաջադրելու է: Առաջադրվողների հիմնական մասը հենց գործող ՀՀԿ-ական համայնքապետերն ու քաղաքապետերն են: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա վերջիններս չեն շտապում հայտարարել իրենց մասնակցության, թեկնածուների անունների մասին, ինչն էլ, թերևս, առիթ է տվել ՀՀԿ-ին՝ հեգնելու վերջիններիս:

Նախօրեին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին ընդդիմության մասնակցությանը, նշել էր, որ ՏԻՄ ընտրություններում հաջողության հասնողները կարող են նաև իշխանություն ունենալ, իսկ հակառակը չի լինում: «Իրենք ներքևում ոչ մի բանի չեն ուզում մասնակցել, բայց ուզում են իշխանություն ունենալ, և եթե այստեղ հաջողեն, բնականաբար, արդեն կարող են երազել նաև իշխանության մասին»,- նշել էր Վահրամ Բաղդասարյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20