ՀՅԴ-ն հաղթանակի միայն մի տեսակ գիտի` բարոյականը, որի ստվերում տարածքային կորուստներն են

- in Կարծիք
108
HYD

ԵԱՏՄ-ին վերաբերող «Ելք»-ի մեկ նախաձեռնությունը բավարար էր, որ իրարով անցնեն ոչ միայն ռուսական փորձագիտական համքարության ներկայացուցիչներն, այլ նաև բացահայտվի Հայաստանում «ռուսական կուսակցությունն»` իր ողջ թշվառութամբ, փաստարկների հնամաշությամբ և ոչ ադեկվատ վարքագծոով:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել է, որ դեմ է ԵՏՄ-ում Հայաստանի անդամության չեղարկմանն` առաջին պլան բերելով անվտանգության գործոնը:

Հարցին՝ ԵՏՄ-ն ի՞նչ է տվել Հայաստանին անվտանգության ապահովման ոլորտում, Արմեն Ռուստամյանը պատասխանել է. «Պարզ չէ՞, որ մեր անվտանգության դիրքերն ամրապնդվել են: Մենք պատերազմ ենք հաղթել, որը բոլորովին վերջերս պարտադրվել էր մեզ Ադրբեջանի կողմից: Փաստը մնում է փաստ չէ՞, թե մենք ինչ ռեսուրսով ենք կարողացել հաղթել այդ պատերազմը: Դա ակնհայտ փաստ է չէ՞»:

Ճշտող հարցին՝ նկատի ունեք, որ ռուսական աջակցությա՞մբ ենք հաղթել ապրիլյան պատերազմը, ապա Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Բա ինչո՞վ են կռվել մեր զինվորները: Դուք պարզապես տեղյակ չեք հարցից: Դուք երևի տեղյակ չեք, թե ինչ է նշանակում պաշտպանություն ասվածը: Պաշտպանությունն ամբողջական համալիր է, ոչ միայն մարդիկ են կարևոր, այլև՝ դա զենք զինամթերք ունենալու խնդիր է: Ռեսուրս պետք է ունենաս: Սրա մասին է խոսքը»:

Կարճ պատասխանում Ռուստամյանը թույլ է տվել մի քանի ակնհայտ կեղծիք: Ապրիլյան պատերազմում հայկական կողմը հաղթանակ չի տարել, լավագույն դեպքում` կասեցրել է հակառակորդի լայնածավալ հարձակումը, ընդ որում` առանց օտար աջակցության(դա պատերազմի օրերին խոստովանել է նույնիսկ Սերժ Սարգսյանը) կամ նույնիսկ` Հայաստանի կամ Արցախի իշխանությունների գործուն ջանքերի. վճռորոշ գործոն է եղել հայ սպայի և զինվորի խիզախությունը: Եթե Ռուստամյանի համար հաղթանակ է 800հա տարածքի կորուստը, թերևս ըմբռնումով վերաբերվենք նրա գնահատականին` դա վերագրելով գործչի կուսակցական պատկանելությանը:

ՀՅԴ-ն հաղթանակի միայն մի տեսակ գիտի` բարոյականը, որի ստվերում տարածքային կորուստներն են: Սակայն ավելի ուշագրավ է այն, որ Ռւստամյանն անտեսում է ակնհայտ այն իրողությունը, որ հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ հենց Հայաստանի եվրասիականացումից հետո: Առնվազն ցինիկ է հնչում Ապրիլան պատերազմում Հայաստանին ցուցաբերված ռուսական իբրև թե աջակցության մասին պնդումն, այն պարագայում, երբ անգամ իշխանության ներկայացուցիչներն են տողատակով կամ շշուկով խոսում այն մասին, որ անցած տարվա ռազմական գործողությունները Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարման հետևանք են: Իսկ եթե իրերը կոչենք իրենց անուններով, ապա Ապրիլյան պատերազմը ռուս-ադրբեջանական դավադրություն էր ընդդեմ Հայաստանի և Արցախի:

Նախկին դաշնակցական, ներկայումս` Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում շատ ավելի հեռուն է գնացել: Նրա կարծիքով՝ Հայաստանը կորուստներ կունենա, եթե դուրս գա ԵԱՏՄ-ից, այդ թվում՝ տարածքային։ Բերելով Ուկրաինայի, Վրաստանի օրինակը, Իսագուլյանը նշում է. «Այն կողմը, որ մեզ առաջարկում է գնալ այդ ճանապարհով, որով դեռ ոչ մեկն առանց կորուստների չի գնացել, կարծում եմ՝ տեղին չէ։ Թող իրենք հաշվարկները ներկայացնեն ու ցույց տան, որ չենք ունենա կորուստներ։ Երաշխավորեք, որ չկան կորուստներ։ Չեմ կարծում, որ որևէ մեկը դա կարող է ցույց տալ»։ Ընդ որում, ուշագրավ է, որ Իսագուլյանն որևէ փաստարկ չի բերում ԵՏՄ օգտին, հակառակը` մեր հասարակությանը վախեցնում է Ռուսաատանի «բոբո» կերպարով և ակամայից խոստովանում է, որ Մոսկվան օկուպացրել է Վրաստանի և Ուկրաինայի որոշ տարածքներ, որովհետև այդ երկրները փորձել են ինքնուրույն քաղաքականություն իրականացնել: Եթե շարժվենք Իսագուլյանի տրամաբանությամբ, ապա ավելի լավ է ինքնակամ կապիտուլացվել Ռուսաստանի առջև, քանի որ միևնույն է` Մոսկվան օկուպացնելու է Հայաստանը:

Իրական ողբերգություն է, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների վերնախավում նման գործիչներ են: Կենացները դեռ նոր են քաղցրանում. ԵՏՄ-ից դուրս գալու հարցի բովանդակային քննարկումների ժամանակ Հայաստանի «ռուսական կուսակցության» շարքերում իսկական հրմշտոց է լինելու` գոնե ռուսաստանցի որևէ փորձագետի ուշադրության կենտրոնում կամ գովասանքին արժանանալու համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20