Հ. Մալյանի անվան թատրոնում նոր ներկայացման պրեմիերա՝ «Անունը»

- in Մշակույթ
54
Tatron

Գեղարվեստական ամեն մի կայացած կոլեկտիվ իր ուրույն «ձեռագիրն» ունի`շատ առումներով անկրկնելի, հանրությանն ուղղված իր ասելիքով, իր շեշտադրումներով:

Նման անկրկնելի «ձեռագրի» տեր է Հ.Մալյանի անվան թատրոնը, որն իր սկզբնավորումից ի վեր նոր «շնչառություն» բերեց հայ թատերարվեստ՝ Հենրիկ Մալյանի կենդանության օրոք իսկ նվաճելով լայն հանդիսականի անվիճելի հիացումն ու լայն ճանաչում գտնելով: Մասշտաբներով փոքր, հավաք, հանդիսականին, ասես, իր «փորոքի» մեջ առնող թատրոնում հնարավոր չէ չդառնալ այն ամենի մասնակիցը, ինչ կատարվում է բեմում:

…Նախորդ թատերաշրջանի ավարտին էր, որ դիտեցի մալյանականների բեմադրած «Ցեղի ֆիզիալոգիան». մի տասնամյակից ավելի նույն բեմին խաղացվող գործը՝ քանդականախշային նրբագույն մանրամասնության հասցված, ամեն խոսք, ժեստ, ձայնի հնչերանգ, հայացք ու միմիկա՝ մշակմամբ կատարյալ և ռեժիսորական մտահղացմանը ծառայող, որ թվում է՝ պիտի մեխանիկականության հասցված լիներ… Բայց ոչ… Դահլիճի արձագանքներին ականջալուր՝ բեմն էլ իր իմպրովիզն ուներ: Ճկուն խաղ, ռեժիսորական հետաքրքիր լուծումներ,փոքր բեմի սուղ հնարավորությունների մեջ բանաձևումների բազմազանություն՝ միջավայրերի փոփոխության, նկարչական ձևավորումների լակոնիզմ: Այդ երկի մեջ ասելիքն այնքան ընդգրկուն է՝ հայի կարոտ, կորուստ, մեղադրանք, խենթություն, խոհ, ցնծություն,- բոլորը մանրապատումների մեջ ամփոփված, և ողջը սուղ ժամանակի մեջ տեղադրելու, ակնդրին հասցնելու համար առնվազն մալյանական «վրձնահարվածը» պետք է ունենալ: Եվ այդ ձեռագիրը, մալյանական բեմական մտածողության ուժն ու զորությունն ունի նրա դուստրը՝ ռեժիսոր Նարինե Մալյանը, որ այս թատրոնի ավանդույթների պահպանողն ու զարգացնողն է, և թատերախմբի ստեղծագործական ներուժի համախմբմամբ կարողանում է հասնել գեղարվեստական երկերի բեմական լավագույն «ընթերցումների»: Դրանցից մեկն էլ նորերս բեմադրված «Անունը» խորագրով դրամատիկական երկն է՝ համահեղինակությամբ ֆրանսացի Մ. Դելապորտի և Ալ. դե լա Պատելյերի: Մի սենյակի տարածքում զարգացող գործողությունները դիտվում են անձանձրույթ, քանզի ոչ միայն հաջող նյութ է ընտրված ներկայացման համար, այլև Նարինե Մալյան ռեժիսորի գտածո լուծումներն են յուրակերպ, դերասանական խաղն է հաջող, ձևավորումներն են նպատակային:

Նախ, ինչի մասին է ներկայացումը. թվում է՝ կենցաղային է, ընտանեկան նեղ հավաք՝ հինգ անձի մասնակցությամբ: Բայց զրույցի նյութը շատ շուտով հանգեցնում է քաղաքական ակցենտավորման, հավերժական դիլեմայի՝ հանդուրժողականության և անհանդուրժողականության միջև, սեփական ընտրությունը կատարելու ազատության խնդրի արծարծմանը: Նաև սիրո, մարդկանց՝ միմյանց հետ հարաբերվելու մշակույթի, երգիծանքի թույլատրելի սահմանների, այդ սահմանները խախտելու դեպքում անձին վիրավորանք հասցնելու վտանգի, երկուսի հարաբերվելու նրբությունների, մեկմեկու լսելու և ներելու ունակության մասին է: Բովանդակությամբ խորքային և ընդգրկուն լինելով հանդերձ՝ ներկայացվում է այնպես, որ ընկալվում է դյուրին կերպով, ծիծաղի շարունակ պոռթկումներով, հանդիսականի կողմից գործողություններին ինքնաբերաբար մասնակից դառնալու, սեփական լուծումները հուշելու ցանկությամբ: Դերասանների շարժումը բեմին (բեմական պայմանների, մեղմ ասած, նեղ պայմաններում) անբռնազբոս է, ճիշտ մտածված, խոսքը՝ ընկալելի և արհեստականությունից զուրկ, բնական հումորով լեցուն:Այստեղ բացառված է այսօր մեր բեմարվեստում շատ տարածված ծամածռությունը, «սիրողականությունը»: Ռոմանտիկ ընդմիջումը, որ տեղ է գտում ներկայացման մեջ, հանդիսականին փոխադրում է այլ միջավայր, թեև ոչ մի իր չի տեղաշարժվում բեմին…

Ռեժիսորին հաջողվել է երկին տալ արդիականություն՝ հատկապես անհանդուրժողականության թեման նրանում ընդգծելով: Փոքրիկ, անմեղ թվացող թեմայի արծարծումը վերածվում է գլոբալ խնդիրների քննարկման, և դա այսպես թե այնպես վերաբերում է նաև արդի հայ իրականությանը: Սյուժեն պատմելն անշնորհակալ գործ է: Պետք է դիտել ներկայացումը, հետևել Հայկ Սարգսյանի (Վենսան), Սամվել Թոփալյանի (Քլոդ), Կարեն Խաչատրյանի (Պիեռ), Քրիստինա Հովակիմյանի (Էլիզաբեթ), Աստղիկ Աբաջյանի (Աննա) խաղին, փոփոխել սեփական միմիկան նրանց հարափոփոխ դիմաշարժի հետ, ծիծաղել լիահունչ նրանց կատակների վրա, անհանգստանալ վեճերից, մտորել առաջ քաշված հարցադրումների շուրջ, որոնցից շատերը դեռ իրենց լուծումը չունեն, ոնց մեր իրականությունում է…

Հասմիկ Սարգսյան

Фото Хасы Саргсян.Фото Хасы Саргсян.Фото Хасы Саргсян.Фото Хасы Саргсян.

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20