«Ձեր մեջ համարձակ տղա չկա…». կինը մտել է այրման հորը շանը փրկելու, և զրկվել է ոտքի մատներից

- in Իրավունք
66
shun

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Զոյա Զաքինյանի նախագահությամբ ավարտվել է Միքայել Եզեկյանի գործի դատական քննությունը:

28-ամյա Միքայել Եզեկյանը «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ տնօրենն է:

Գործով տուժող, 27-ամյա  Լիաննա Զ.-ն  «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ում որպես օպերատոր-մեքենավար աշխատել է 2015 թվականի հոկտեմբերից:

2016 թվականի հուլիսի 8-ին, առավոտյան ժամը 7-ի սահմաններում Լիաննան գործընկերներից իմացել է, որ ընկերության մասնաշենքի հարակից տարածքում գտնվող , գործարանի թափոնները ոչնչացնելու համար նախատեսված 4-6 մետր խորությամբ փոսի մեջ, որի մակերեսը մասամբ ծածկված էր մետաղե ճաղավանդակով, շուն է ընկել:

Ըստ մեղադրանքի՝ չգիտակցելով, որ փոսի մեջ հնարավոր է՝ թափոնների այրումից մնացած ջերմություն լինի, Լիաննա Զ.-ն ինքնակամ ցատկել է փոսի մեջ՝ շանը փոսից դուրս բերելու նպատակով, սակայն ինքը ստացել է երկու ստորին վերջույթների, , աջ նախաբազկի 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի այրվածքներ, որոնք առաջացրել են նրա առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Վարույթն իրականացնող մարմինը, եզրակացնելով, որ բացակայում է հանցադեպը, 2016 թվականի հուլիսի 18-ին որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

Սակայն 2017 թվականի մայիսի 26-ին «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ տնօրեն Միքայել Եզեկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի  232 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ խախտել է հրդեհային անվտանգության կանոնները՝ որպես ՍՊԸ տնօրեն՝ աշխատողներին հակահրդեհային հրահանգավորում անցկացնելու պարտավորության և աղբաոչնչացման համար նախատեսված հատուկ տեղերում այրումը հսկողությունից դուրս թողնելու կետերով:

Առաջադրված մեղադրանքում Միքայել Եզեկյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ հրդեհային և տեխնիկական անվտանգության կանոնների իրազեկման հետ կապված՝ մատյաններ են կազմվել, աշխատողները հրահանգավորվել ու ստորագրել են այդ մատյաններում եռամսյակը մեկ անգամ: Հրամանով մատյանը վարելու, հրահանգավորում կատարելու  պարտականությունը դրված է եղել Հովսեփ Ա.-ի վրա, վերջինս կատարել է իր պարտականությունները՝ հրահանգավորել է աշխատողներին, մատյանում ստորագրել է տվել նրանց:

Դեպքի մասին նույն օրը անմիջապես իրեն զանգել ու հայտնել են: Ինքն ասել է, որ տուժածին անմիջապես տեղափոխեն Երևան: Իր աշխատողներն ասել են, թե հոսպիտալի բժշկի հետ խոսել են, նա հավաստիացրել է, թե տուժողի մոտ բարդություն չկա, քսան օրից նա կապաքինվի:

Երկու օր անց ինքը խոսակցություններից հասկացել է, որ տուժածի բուժումը նորմալ չի իրականացվում, նա ցավեր ունի: Ինքը նորից է ասել, որ Լիաննային տեղափոխեն Երևան: Տրանսպորտի հետ կապված խնդիր չի եղել:

Երկու-երեք օր անց հարազատների ու ՍՊԸ-ի համատեղ ուժերով Լիաննան տեղափոխվել է Երևան:

Ինքը գնացել է այրվածքաբանական կենտրոն, անձամբ խոսել է բուժող բժշկի հետ: Վերջինս ասել է, թե հիվանդին պլազմա, հեղուկ չի տրվել, նա ջրազրկվել է, ոտքերի այրված մասերը չորացել են, ոտքերը, հնարավոր է, ամպուտացիայի ենթարկվեն:

Ինքը խնդրել է հնարավոր ամեն բան անել: Հակագանգրենային դեղ է գնել, ներարկել են, Լիաննայի մոտ դադարելէ գանգրենայի վտանգը:

Ամբաստանյալը նշել է, որ արտադրական թափոններն այրվում են արտադրական տարածքից մոտ քսան մետր հեռավորության վրա գտնվող, 6 մետր խորություն ունեցող փոսում: Թափոնների այրման օրվա ու ժամի վերաբերյալ գրաֆիկը փակցված է արտադրամասի ամենատեսանելի մասում, ով մտնում է արտադրամաս կամ դուրս է գալիս, տեսնում է այդ գրաֆիկը:

Փոսի խորության միջոցով իրենք փորձել են վերահսկել այրման ընթացքը: Աշխատողները հրահանգավորված են եղել աշխատանքի ժամին աշխատանքի վայրը չլքելու վերաբերյալ, դրա նպատակը նաև անվտանգության կանոնների պահպանումն է:

Ըստ ամբաստանյալի՝ դեպքի օրը փոսը ցանկապատված չի եղել, բայց ծածկված է եղել ցանցով: Ցանցը մեկ մետրի չափով բաց է եղել՝ աղբը լցնելու համար: Ցանցը հնարավոր էր տեղաշարժել, երևի աղբը լցնելուց հետո այն տեղը չէր բերվել…

Ամբաստանյալը նշել է՝ չափահաս մարդիկ են աշխատողները, անվտանգության մատյանում ստորագրելու ժամանակ պետք է հասկանային՝ ինչ են ստորագրում: Աշխատողներին հրահանգավորված է, որ 3 մետրից ավելի չմոտենան փոսին: Եթե աշխատողը այդ տարածությունից ավելի էր մոտենում, նկատողություն էր ստանում, տուգանվում էր…

Գործով տուժող Լիաննա Զ.-ն հայտնել է, որ դեպքի օրը՝ 2016 թվականի հուլիսի 8-ի վաղ առավոտյան արտադրամասում իրեն է մոտեցել աշխատողներից՝ Ալվարդը ու ասել է, որ արտադրամասի կողքի փոսը շուն է ընկել, որը ոռնում է, խեղճին չեն կարողանում հանել փոսից: Ինքն Ալվարդի հետ դուրս է եկել արտադրամասից, , մոտեցել է փոսին: Փոսում շուն կար, փոսից կրակ կամ ծուխ չէր բարձրանում, այն լիքն էր, խորությունը չէր երևում, ջերմություն նույնպես չէր զգացվում, որ հասկանար, թե փոսում այրում է տեղի ունենում:

Շանը փոսից հանելու համար ինքը փորձել է տախտակի միջոցով իջնել, բայց սայթաքել ու ընկել է փոսը: Զգացել է, որ այրվում է, օգնություն է խնդրել: Ներկաները փայտի կտոր են բերել, ինքը դրա օգնությամբ բարձրացել է: Շտապօգնության մեքենայով իրեն տեղափոխել են Բերդի հոսպիտալ:  Երկու օր մնացել է այնտեղ: Բայց քանի որ բուժում չեն կատարել, եղբայրն իրեն տեղափոխել է Երևան: Ինքը վեց վիրահատություն է տարել, ոտքերի մատները ամպուտացիայի են ենթարկել:

Դեպքից 17 օր հետո տնօրեն Եզեկյանը փորձել է իրեն ազատել  աշխատանքից: Ինքը հրամանի տակ չի ստորագրել: Միքայելը մեկ օր ժամանակ է տվել, որ ինքը մտածի աշխատանքից ազատվելու շուրջ: Նա խոստացել է, թե կապահովի թոշակով ու նպաստով, իսկ մինչև դրանց նշանակումը աշխատավարձ կտա:  Մայրը զանգել է Միքայելին ու ասել է, որ աշխատանքից ազատման հետ իրենք համաձայն չեն:

Դրանից հետո Միքայելը որևէ օգնություն չի ցուցաբերել: Իսկ մինչև այդ՝ նա գնել է 120 հազար դրամ արժողությամբ հակագանգրենային դեղ, հաշվապահությունը իրեն փոխանցել է  270 հազար դրամ, տնօրենը 2 անգամ իրեն այցելել է հիվանդանոցում՝ յուրաքանչյուր անգամ բերելով  մոտ 30 հազար դրամի սննդամթերք:

Ըստ տուժողի՝ ինքը չի իմացել, որ փոսը արտադրական թափոնների այրման համար է: Որևէ արգելող նշան կամ ցանկապատ չի եղել…

Իրենց ագելված էր աշխատանքի վայրը լքել, անգամ հաց ուտելն ու սուրճ խմելն էր արգելված, իրենք 12  ժամ պետք է ոտքի վրա աշխատեին, հակառակ դեպքում գործը կտուժեր: Դեպքի օրն ինքն աշխատել է երեկոյան ժամը 20-ից, առավոտյան ժամը 8-ին պետք է հերթափոխը հանձներ:

Շունը, որին ցանկանում էր փրկել, իր շունը չէր, այդ շանն ինքը նախկինում չէր տեսել…

Իր նյութական պահանջը կապված է բուժման ծախսերի հետ, ինքը  1 միլիոն 500 հազար դրամի կտրոն ունի: Ինքը մոտ 8 ամիս աշխատել է, այդ ընթացքում երբեք փոսի մեջ այրվող բան չի տեսել, չի իմացել, թե ինչի համար էր նախատեսված փոսը:

Տուժողը հայտնել է, թե ամբաստանյալից  2 միլիոն դրամի պահանջ ունի: Վառվել են իր զույգ ոտքերը՝ մինչև ծնկներից վերևի հատվածը: Իր ոտքերից Երևանում բժիշկները ցելոֆանի մնացորդներ են հեռացրել…

Գործով ականատես վկաներն ասել են, որ երբ Լիաննան ցատկել է փոսը՝ շանը հանելու, շունը վախից դուրս է ցատկել փոսից: Շան մազերը կարծես թաց էին… Լիաննան փոսի մոտ կանգնած մեխանիկներին ասել է՝ ձեր մեջ համարձակ տղամարդ չկա, ես շանից չեմ վախենում, ես կհանեմ… Նա մտել է փոսի մեջ և ճչացել է՝ վա՛յ: Գոռացել է, թե վառվում է… Լիաննայի հագին պլաստմասսայից հողաթափեր են եղել, դրանք այրվել են, ամենաշատը տուժել են ոտնաթաթերը…

Դատարանը եզրակացրել է, որ Միքայել Եզեկյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ:

Գործի նյութերից ու ընկերությունից առգրավված փաստաթղթերից երևում է, որ ընկերության աշխատողները հրահանգավորվել են անվտանգության հարցերով, ստորագրել են հատուկ մատյանում: Աշխատանքի անվտանգության կազմակերպման պատասխանատու է նշանակված եղել արտադրության պետ Հովսեփ Ա.-ն: Նա վերջին հրահանգավորումը կատարել է դեպքից չորս օր առաջ՝ հուլիսի 4-ին: Մատյանում առկա է նաև տուժող Լիաննա Զ.-ի ստորագրությունը:

Դատարանը արձանագրել է. «Փոսը, որտեղ իրականացվում է թափոնների այրումը, 4-6 մետր խորություն ունի: Այն ոչ միայն հրդեհավտանգ է, այլև իրենից տեխնիկական վտանգ է ներկայացնում: Այդ պատճառով աշխատողները, ովքեր դեպքի պահին հավաքվել էին փոսի շուրջ, թեպետ կրակի առկայությունը չեն զգացել, սակայն չեն ցանկացել փոսի մեջ ցատկել, նրանք քննարկել են աստիճան բերելու, դրա միջոցով փոսն ընկած շանը հանելու հարցը: Սակայն տուժողը, չանսալով աշխատանքային ընկերների հորդորները, ցատկել է փոսի մեջ…»:

Ընկերությունում տուգանք է սահմանված եղել այն աշխատողների համար, ովքեր թույլատրվածից ավելի կմոտենային թափոնների այրման փոսին: Արգելված է եղել աշխատանքի ժամերին աշխատանքի վայրը լքելը: Արտադրամասի դռան վրա փակցված է թափոնների վերահսկվող այրման ժամանակացույցը: Այնտեղ նշված է, որ թափոններն այրվում են օրումեջ՝ ժամը 14-ին: Արտադրամասի՝ դեպի փոսն ընկած հատվածում առկա է հինգ պատուհան, անհնար է, ըստ դատական ակտի, որ օրումեջ այրվող թափոնների ծուխն ու բոցը չերևային, և տուժողը դրանք երբևէ տեսած չլիներ…

Այս հանգամանքները, ըստ դատարանի, հերքում են տուժողի հայտարարությունը, թե ինքը տեղյակ չի եղել, որ փոսի մեջ թափոններ են այրում:

Վերլուծելով գործի հանգամանքները՝ դատարանը վճռել է՝ Միքայել Եզեկյանին արդարացնել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Տուժողի կողմից «պատշաճ կերպով ձևակերպված քաղաքացիական հայցի պահանջ չներկայացնելու պատճառով» տվյալ հարցը թողնվել է առանց քննության:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20