Մնո՞ւմ է ղարաբաղյան կարգավորման գործընթացում Վիեննայի օրակարգը

- in Հրապարակ
64
LGHH

Նալբանդյան-Մամեդյարով Նյու Յորքի հանդիպումից հետո ամենից հաճախ տրվող հարցը դա է և նաև, թերևս, միակ արտահայտվող անհանգստությունը՝ այն մասով, որ Վիեննայի օրակարգն այլևս չկա, իսկ դա Հայաստանի, այսպես ասած, օրակարգն էր, քանի որ դրա առանցքում հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրումն էր:

Գործնականում, դա արցախա-ադրբեջանական սահմանազատում էր, յուրօրինակ դեմարկացիա, որը Վիեննայում հայտնվեց կարգավորման օրակարգում: Դա ապրիլյան արկածախնդրության առաջին դիվանագիտական-քաղաքական հետևանքն էր Ադրբեջանի համար, որ Վիեննայում արձանագրվեց ԱՄՆ հովանու ներքո անցկացված Սարգսյան-Ալիև հանդիպմանը: Դրանից հետո Բաքուն փորձեց Սանկտ Պետերբուրգում մեկ ամիս անց Պուտինի հովանու ներքո երկրորդ հանդիպմանը չեղարկել այդ օրակարգը, բայց ԱՄՆ-ն ու Ֆրանսիան այդ բանը թույլ չտվեցին: Երրորդ հանդիպում այդպես էլ չեղավ:

Այժմ խոսք է գնում երրորդ հանդիպման հնարավորության մասին, սակայն դրա նախապատրաստման փուլ դիտարկված Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ Վիեննայի օրակարգի հիշատակում չկար, ինչը հիմք դարձավ եզրակացությունների կամ տագնապի, որ Վիեննայի օրակարգը չեղարկված է: Այդպես է դա, թե ոչ՝ բավական բարդ է ասել, որովհետև որևէ մեկը չգիտի, թե ինչ են խոսում կարգավորման գործընթացի մասնակիցները տարբեր հանդիպումներում: Մյուս կողմից՝ զուտ տեսականորեն Վիեննայի օրակարգն, այսպես ասած, քաղաքական մթնոլորտ է, ոչ թե կոնկրետ գործընթաց, որը պետք է ինչ-որ ժամանակահատվածում իրականություն դարձներ միջազգային մեխանիզմների ներդրումը հրադադարի պահպանման համար:

Անկասկած է, որ Բաքուն չի համաձայնելու դրան, իսկ Բաքվին անկյուն չեն քշելու, չեն ճնշելու, որովհետև պոտենցիալ ճնշողներից մեկը՝ Ռուսաստանը, նույնպես դեմ է այդօրինակ սահմանազատմանը, որովհետև այն նվազեցնում է հակամարտությունում ռուսական մենեջմենթի հնարավորությունը, ինչն առանցքային տարր է Մոսկվայի համար ընդհանուր կովկասյան քաղաքականության մեջ: Այդպիսով, ակնհայտ է, որ պրակտիկ հեռանկար, թե մոտ կամ տեսանելի ապագայում կլինի համաձայնություն հրադադարի մեխանիզմների շուրջ՝ չի եղել, թերևս, ամենասկզբից:

Այլ է քաղաքական մթնոլորտի հարցը, երբ Բաքուն, այսպես ասած, հետապրիլյան ամբողջ շրջանում ստիպված էր լինել մերժողի, դիմադրողի, պաշտպանվողի դերում: Եվ երբ օրակարգից Վիեննան դուրս է գալիս, ապա Բաքուն էլ դուրս է գալիս այդ դերից: Այստեղ է հարցը և օրակարգի գինը, հետևաբար այստեղ է, որ հնարավոր է խոսել դիվանագիտական կորստի մասին: Եթե, իհարկե, Վիեննայի օրակարգն իսկապես հանված է: Մյուս կողմից՝ արդյո՞ք միայն այն, որ համանախագահները Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ չեն խոսել Վիեննայի օրակարգի մասին, հիմք է տալիս եզրակացնելու օրակարգի չեղարկման վերաբերյալ: Ի վերջո, համանախագահներն այդ հայտարարության մեջ գործնականում ոչ մի բանի մասին էլ չեն խոսել, հետևաբար՝ եթե չկա Վիեննան, ապա ի՞նչ կա: Իսկ ի՞նչ կարող է լինել: Գործնականում չի նշմարվում Վիեննային փոխարինող որևէ բան, բացառությամբ, թերևս, տարբերակի, երբ կլինի իմիտացիոն որևէ բովանդակություն, բանակցություն, որն, այսպես ասած, կլինի Ադրբեջանին ընդառաջ գնալու քայլ:

Այսինքն՝ Բաքուն զերծ կմնա սահմանային արկածախնդրությունից, լայնածավալ էսկալացիայի շանտաժից, փոխարենը Վիեննայի օրակարգը ժամանակավորապես դուրս կբերվի, բայց ոչ թե ընդհանրապես գործընթացից, այլ համանախագահների բառապաշարից, տեքստերից՝ Բաքվին ավելորդ դիվանագիտական ճնշման չենթարկելու համար ցույց տալով, թե իրականում բանակցություն է վերսկսվել առանց հրադադարի մեխանիզմների նախապայմանի: Իհարկե, դեռևս վաղ է ասել նույնիսկ, որ բանակցությունը վերսկսել է, բայց նշմարվում է այդ «պայմանի» շուրջ համաձայնության հնարավորություն, որը կարող է ձեռնտու լինել բոլորին, առնվազն միջնաժամկետ որոշակի հեռանկարում: Սակայն ակնհայտ է, որ դա լինելու է ժամանակավոր լուծում, որը նույնիսկ հնարավոր է համարել թելից կախված և իրավիճակի կայունացումը պահանջում է առավել ինստիտուցիոնալ և պատասխանատվություն ենթադրող լուծումներ:

Թեև, մյուս կողմից, չի բացառվում, որ երկրորդ արկածախնդրության դեպքում Վիեննայի օրակարգը արդեն ոչ թե, այսպես ասած, բանակցային կամ հանդիպումային սեղան կվերադառնա, այլ արդեն անմիջապես, ուղիղ արցախա-ադրբեջանական սահման՝ իրավական և ինստիտուցիոնալ արձանագրում տալով ստատուս քվոյին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20