Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումն արձանագրե՞լ է առաջընթաց

- in Կարծիք
dzerq

Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հնարավոր չէ կռահել, թե արդյոք Սարգսյան-Ալիև հավանական կամ հնարավոր հանդիպման կազմակերպման հարցում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումն արձանագրե՞լ է առաջընթաց:

Միաժամանակ ակնհայտ է նաև, որ այդ կապակցությամբ բավական անհավաստի են երկու կողմերի քարոզչական տեղեկատվական քայլերը, որովհետև այս առումով վաղուց պարզ է, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը գործնականում փորձում են իրավիճակը ներկայացնել իրենց ձեռնտու տարբերակով, և այստեղ անշուշտ դժվար է ասել, թե ով է խտացնում գույները:

Միևնույն ժամանակ Մինսկի խմբի համանախագահները արտգործնախարարների հանդիպումից հետո հայտարարում են, որ պետք է քայլեր անել բանակցային գործընթացը վերականգնելու համար: Այս հայտարարությունը քաղաքագետներին, փորձագետներին տալիս է զանազան տեսակետներ արտահայտելու տեղիք, սակայն թերևս հստակ է մի բան, որ բանակցային գործընթաց ասվածը բովանդակային առումով չունի վերականգնման հնարավորություն: Ապրիլյան պատերազմը բացառել է այդ հնարավորությունը, և բանակցային գործընթաց ասվածը, ըստ էության, կարող է լինել զուտ պատերազմ բացառող կամ լայնամասշտաբ ռազմական որևէ գործողություն բացառող մեխանիզմ: Այսինքն՝ ապրիլյան պատերազմը ի մի բերելով կարգավորման, այսպես ասած, բանակցային գործընթաց կոչվող իրողության երկու տասնամյակի գործընթացը՝ դժբախտաբար, ի մի բերելով մարդկային ծանր կորուստների գնով, ըստ էության հստակ ի ցույց է դրել, որ բանակցության թեմա, այսպես ասած, որևէ կարգավորման «առևտրային» մոդելի շուրջ, այսինքն՝ ինչ-որ բան ինչ-որ բանի դիմաց, Հայաստանն ու Ադրբեջանը չունեն, և ակնհայտ է, որ մի կողմի համար այն ամբողջը վերցնելու և մյուս կողմի համար՝ ամբողջը պահելու միջոց է: Ի վերջո, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը ունեն իրենց տրամագծորեն հակառակ քաղաքական կամ ռազմաքաղաքական շահն այս տեսանկյունից, և այդ իմաստով այն, ինչ առաջարկում է միջազգային ֆորմատը, ըստ էության ամբողջությամբ համատեղելի է կա՛մ մեկի, կա՛մ մյուսի շահին ու հեռանկարային անվտանգությանը, և մաս-մաս համատեղելի չէ ոչ մեկի հետ՝ եթե անգամ գործ ունենք մաթեմատիկական ճշգրտությամբ բաժանված մասերի հետ:

Անկասկած է, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները առավել քան լավ պատկերացնում են այդ իրողությունը՝ հատկապես, որ գրեթե նույնն է իրավիճակը առաջարկվող բանաձևի նրանց շահերի հետ համատեղելիության տեսանկյունից: Ըստ այդմ, բոլորի համար ակնհայտ է, որ կա՛մ ինչ-որ մեկը հաղթում է պատերազմում, կա՛մ բոլորը ձևացնում կամ իմիտացնում են բանակցություն՝ պատերազմ թույլ չտալու համար: Եվ ամենայն հավանականությամբ էլ բոլորի մոտ գերակշռում է հակվածությունը երկրորդ տարբերակին, քանի որ հենց նույն ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ պատերազմում էլ հնարավոր չէ մեկի հաղթանակ կամ բոլորի մաս-մաս հաղթանակ, հետևաբար պատերազմը առավել ևս տարբերակ չէ:

Այդպիսով, քիչ թե շատ հնարավոր միակ տարբերակը, գոնե միջնաժամկետ հեռանկարում, բոլոր կողմերի միջև իմիտացիոն նոր գործընթացի շուրջ համաձայնության գալն է, որովհետև եթե գոնե դրա շուրջ չստացվի համաձայնություն, ապա այլևս դժվար է պատկերացնել, թե է՞լ ինչի շուրջ է հնարավոր դա:

Այդ տեսանկյունից մեծ է հավանականությունը, որ հենց այդ խնդրի լուծումն է ներկայումս գործընթացի առանցքում, և փորձ է արվում դնել իմիտացիոն որևէ՝ գոնե միջնաժամկետ մեխանիզմի գործարկման հարց, մինչ կստեղծվի ավելի խորքային առումով հարցեր լուծելու հնարավորություն: Ընդ որում, այստեղ արդեն տարբերակները, իհարկե, բազմազան են՝ սկսած տարածաշրջանային տնտեսական ֆորմատներից, միչև անգամ ռազմական գործողություններ: Բայց տարբերակների այդ «ընտրությունը» ամենայն հավանականությամբ «հետաձգվում» է առնվազն մի քանի տարով:

Այստեղ, իհարկե, իր դերն ունի նաև այն, որ ներկայումս միջազգային քաղաքականությունը կենտրոնացած է մի քանի այլ կետերի վրա, որոնցից առաջնայինն իհարկե դիտարկվում է Հյուսիսային Կորեայի հարցը: Դա չի նշանակում, որ տերությունները ժամանակ և ռեսուրս չունեն զբաղվելու Արցախի խնդրով: Հակառակը՝ հենց զբաղվում են, բայց այն նպատակադրմամբ, որպեսզի այդ խնդիրը չզբաղվի իրենցով, ասել կուզի՝ իրենց ավելին չզբաղեցնի, քան այժմ, քանի դեռ առկա են մի քանի այլ միջազգային խնդիրներ, որոնք առավել հրատապ են իրենց տրամաբանությամբ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20