Նախագահության վերջին աշնանը Սերժ Սարգսյանի «զամբյուղը» դատարկ է

serzh-sargsyan

Սերժ Սարգսյանը նախագահության մեկնարկին հանդես եկավ պատմական նախաձեռնությամբ` 2009-ին մեկնարկած հայ-թուրքական երկխոսությունը կարող էր շրջադարձային դառնալ ոչ միայն Սարգսյանի նախագահության, Երրորդ հանրապետության, այլ մեր ամբողջ պատմության համար:

Այնքան էլ էական չեն այն ներքին և արտաքին մոտիվները, որոնք ընկած էին Սարգսյանի նախաձեռնության հիմքում, որովհետև եթե հայ-թուրքական երկխոսության գործընթացը հաջողեր, այն շրջադարձային նշանակություն էր ունենալու, ընդ որում` խոսքը չի վերաբերում միայն արտաքին քաղաքականությանը կամ ավելի շուտ չի սահմանափակվում միայն դրանով: Ամենաէականը լինելու էր հայ ավանդական քաղաքական մտքի դուրսմղումը և դրա փոխարինումը ռացիոնալ և պրագմատիկ քաղաքականությամբ:

Հայ ավանդական քաղաքական միտքը միայն պայմանականորեն կարելի է համարել քաղաքական: Եթե նույնիսկ դա այդպես է, ապա 19-րդ դարավերջում ձևավորված քաղաքական մտածողությունը որևէ աղերս չունի ոչ պետության և ոչ էլ` առավել ևս, այսօր աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների հետ:

Հայաստանի առաջին նախագահը 88-ի շարժման տարիներին և դրանից հետո տեսականորեն հիմնավորել է հայ ավանդական քաղաքական մտածողության սնանկությունը, հայկական մաքսիմալիզմի ողբերգությունը, սակայն պրակտիկ քաղաքականության մեջ նույնիսկ Տեր-Պետրրոսյանը չկարողացավ մինչև վերջ ձերբազատվել կեղծ ազգայնականության կապանքներից: Արդեն այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պատերազմում հաղթած հանրապետության նախագահ է` նրան, իհարկե, վեր է դնում ավանդականությունից, որին բնորոշ չէ իրական հաղթանակը:

Հայ ավանդական քաղաքական մտքի համար տիպիկ օրինակ է Առաջին հանրապետության փլատակների վրա Սևրի դաշնագրի կենացը խմելը: Եթե հաղթանակած երկրի նախագահը կարողանար նաև անմիջապես 1994-ի զինադադարից հետո ձեռնամուխ լինել ԼՂ խնդրի համապարփակ կարգավորմանն, ապա վաղուց առիթ կունենայինք խոսել քաղաքական նոր մտածողության, մշակույթի մասին, որի համար` հաղթանակի հետ միասին, կարևոր, գնահատելի են նաև հարևան երկրների հետ արժանապատիվ խաղաղության հաստատումը` ողջամիտ փոխզիջումների ճանապարհով: Սակայն Տեր-Պետրոսյանը խաղաղության հարցը երկու անգամ էլ օրակարգային դարձրեց միայն այն ժամանակ, երբ մարգինալացված էր` 1997-ին իշխանության, քսան տարի անց` ընդդիմության մեջ:

Ռոբերտ Քոչարյանի մասին խոսելն ինքնին անիմաստ է, որովհետև նրա իշխանությունը հայկական հակահեղափոխության` «թերմիդորականության» դրսևորում էր, երբ պարտկոմա-դաշնակցական կոալիցիան` հայկական ավանդական մտքի մոդիֆիկացիաներից մեկը, խժռում էր 88-ի շարժման, նաև ղարաբաղյան պատերազմի արդյունքները:

Սերժ Սարգսյանի նախագահության մեկնարկը նման էր Տեր- Պետրոսյանի կառավարման շրջանին: Նրա «ղարաբաղյան հաղթանակը» կարող էր դառնալ հայ-թուրքական հաշտեցումը: Նա գործընթացը սկսեց` որպես 88-ի գործիչ, սակայն ավարտեց` որպես «Ռոբերտ Քոչարյան»` համայն հայության պատվիրակի «հայդատական» հերոսությամբ ՄԱԿ-ի բարձր ամբիոնում «այրելով» հայ-թուրքական արձանագրությունները:

«Ձվերն աշնանն» են հաշվում` ասում է ժողովրդական խոսքը: Նախագահության վերջին աշնանը Սերժ Սարգսյանի «զամբյուղը» դատարկ է, ուրեմն` Հայկական նոր «Թերմիդորը» պատրաստ է` Սերժ Սարգսյանի կամ նրա մարիոնետներից մեկի դեմքով: Համազգային կենացներն անպակաս են, ՀՅԴ-ն, կոմսոմոլացած նժդեհականներն ու Մոսկվայից ուղարկված «կոմսոմոլը»` նույնպես:

«Չորս միլիոնանոց» Հայաստանը հայ ավանդական մտքի նոր փայլատակումն է: Իրական քաղաքականություն ունենում են պետությունները, մենք ռուսական չուլան ենք` «Մեծ» կամ «մեծացող» Հայաստանի հեքիաթներով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20