Նախաձեռնողական համերաշխության քաղաքականություն պետք է վարենք

- in Կարծիք
68
Sargis Avetisyan

Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանի հետ զրուցում ենք Հայաստանի և աշխարհաքաղաքական խնդիրների, մեր երկրի շահերի մասին:

– Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական հիմնախնդիրներին ու դրանում Հայաստանի դերին, ես կցանկանայի մի փոքր այլ տեսանկյունից դիտարկեինք այն: Մենք՝ իբրև Համերաշխության գաղափարախոսությունը կրող քաղաքական կուսակցություն, այն, ինչը որ այսօր կա, հակասությունների դաշտում չենք դիտարկում, ինչպես այլ քաղաքական ուժեր են այդպես վարվում, այլ փորձում ենք հասկանալ, թե ինչո՞ւ է այսպիսի իրավիճակ ստեղծվել:

Այս պայմաններում Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը, եթե նախկինում համարում էինք գերազանց, ապա հիմա՝ լավ: Այսօր վարվող քաղաքականությունը թերևս միակ լավ տարբերակն է, որովհետև ինչպես իմ բարեկամներից մեկն էր խելացի միտք հայտնում. Ամերիկան հեռու է և հարուստ, Ռուսաստանը՝ մոտ և վտանգավոր: Այս կարգախոսի շրջանակներում մենք պետք է կարողանանք մեր խնդիրները լուծել: Հետևաբար՝ թռչել միանգամից Եվրամիության, Միացյալ Նահանգների կամ Ռուսաստանի գիրկը, իմ կարծիքով, սխալ քաղաքական դիրքորոշումներ են: Բոլորի հետ պիտի ունենանք նորմալ հարաբերություններ, այդ թվում՝ այն պետությունների, որոնց հետ այսօր ունենք թշնամական հարաբերություններ՝ Թուրքիայի, Ադրբեջանի: Նախաձեռնողական համերաշխության քաղաքականություն պետք է վարենք՝ մեր ազգային շահերը գերակա համարելով:

– Մեր շահերի՞ց է բխում, երբ ՊՆ նախարարն այցելում է Չինաստան, երբ չենք մասնակցում ՆԱՏՕ-ի զինավարժությանը:

– Այո, շատ ճիշտ քայլ էր: Դա պատասխան էր միևնույն ժամանակ Ռուսաստանին, որ համարում են Հայաստանն իրենց գրպանում, Միացյալ Նահանգներին ու Եվրամիությանը, որոնք մտածում են, որ եթե Ռուսաստանի հետ չեք, ապա մեզ հետ պիտի լինեք:

Հայաստանի քաղաքական իշխանությունները ցույց տվեցին, որ դեռ տեղ ունենք գնալու և կարող ենք Չինաստանի հետ արդյունավետ հարաբերություններ ունենալ: Որքանով հետևում եմ, Չինաստանի կողմից լուրջ առաջարկներ կան, մասնավորապես՝ զենքի մատակարարման, ներդրումների առումով: Պատահական չէ, որ Չինաստանը Երևանում սկսել է կառուցել ամենամեծ դեսպանատներից մեկը: Չինացիները լավ հասկանում են, որ կորցնելով Հայաստանը կամ վտանգելով այն, նաև իրենք մեծ խնդիրներ են ունենալու, ինչը կա՛մ չեն հասկանում, կա՛մ՝ չեն ուզում հասկանալ մեր ռուս բարեկամները: Հետևաբար՝ սա մեզ համար շատ լուրջ հնարավորություն է մեր քաղաքական այլընտրանքը ներկայացնելու հարցում և այդ ուղղությամբ աշխատելու: Ի վերջո, մենք ունենք Սփյուռք, տարբեր լոբբիստական կազմակերպություններ, որոնցով պետք է ավելի արդյունավետ աշխատենք: Վերջերս Իլհամ Ալիևը հայտարարեց, որ ադրբեջանական կոռուպցիոն սկանդալը բարձրացրել են սփյուռքահայերը: Գուցե և հայերն են արել, եթե այդպես է, լավ է …

– Այսօրվա վարչակազմն ի վիճակի՞ է այդքան մանևրել արտաքին քաղաքականությունում:

– Առաջին դեմքերի մակարդակով՝ այո՛, սակայն կառավարության կազմում մեծ փոփոխություններ պետք է արվեն: Միամիտ դեմքերով ու առոգանությամբ նախարարներն ու մարզպետները չեն կարող աշխատել այսօր: Գուցե հետո, երբ վիճակը կարգավորվի, նախարարներից ոմանք պետք գան: Իսկ հիմա պետք չէ անգամ դիտարկել կուսակցական պատկանելության հարցը, պարզապես պետք է փոխել նախարարներին, մարզպետներին:

Ցավալի է, երբ տեսնում ենք, ՀՀԿ-ն՝ Կոմկուսի պես նշանակումներ է անում կուսակցական պատկանելությունից ելնելով: Հայաստանի համար սա անընդունելի է, ամբողջ ազգը չի կարող ՀՀԿ-ական լինել, բայց ունի իր ներուժը, որը պետք է նպատակաուղղվի ըստ անհրաժեշտության:

– Սեպտեմբերի 18-20-նն անցկացվելու է Հայրենիք – Սփյուռք համաժողովը, որի ընթացքում ցանկանում են ձևավորել Համահայկական խորհուրդ, ի՞նչ կտա դա …

– Շատ ողջունելի է և դա մեկ կուսակցության նախաձեռնություն չէ, այլ ՀՀ նախագահի, որի արդյունքը կլինի վերկուսակցական, անկուսակցական նման կառույցի ստեղծումը:

Իսկ ներքին խնդիրներից ամենակարևորը՝ Սահմանադրական նոր փոփոխությունների անհրաժեշտությունն է: Հայաստանի նման երկրում պետության ղեկավարը պետք է լինի ՀՀ նախագահն, ով կունենա լայն լիազորություններ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի էլ պետք է հնարավորություն ունենա ընտրելու իր նախագահին: Այլապես՝ այն, ինչը կա այսօր՝ ընտրված խորհրդարանն իր պատկերով, հույս ու ճիշտ չէ, որում համոզվում ենք օր առ օր:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20