ՆԱՏՕ-ին՝ Հայաստանում ՀԱՊԿ զորավարժության առումով Հայաստանին «ճիշտ հասկանալու» համար

- in Կեղտոտ լվացք
69
HAPK

ՀԱՊԿ-ը հոկտեմբերին լայնամասշտաբ զորավարժություն է իրականացնելու Հայաստանում՝ Բաղրամյան զորավարժարանում: Պլանավորված է այդ զորավարժությունը, թե ոչ՝ դժար է ասել, սակայն դրա մասին կարծես թե հնչում է աաջին անգամ:

Այսպես թե այնպես, Բաղրամյան վարժարանում հոկտեմբերին անցկացվող զորավարժությունը բավական ուշագրավ է տարածաշրջանում տեղի ունեցող ռազմաքաղաքական դինամիկ գործընթացների ֆոնին:

Այստեղ, իհարկե, առաջին հերթին զուգահեռներ են անցկացվում Վրաստանում ընթացած ՆԱՏՕ-ի զորավարժությունների հետ, որոնք մի քանի շաբաթ տարբերությամբ անցկացվեցին հարևան երկրում: Դրանցից առաջինին մասնակցեց նաև Հայաստանը, իսկ ահա երկրորդի շուրջ ստեղծեց «մասնակցության ոդիսական», երբ այդպես էլ հստակ պարզ չեղավ, թե ի վերջո՝ Երևանը նախ որոշել էր մասնակցել, հետո չեղարկել է այն, թե չէր մասնակցելու հենց սկզբից: Հատկանշականն այն է, որ առաջին զորավարժությանը մասնակցելուց հետո ռուսական մամուլում հրապարակվեցին դժգոհություն արտահայտող հոդվածներ, իսկ հետո տեղի ունեցավ օգոստոսի 23-ի հանդիպումը Սոչիում՝ Պուտին-Սարգսյան, որից հետո սեպտեմբերի 3-ին մեկնարկած զորավարժությանը Հայաստանը չմասնակցեց:

ՀԱՊԿ միացալ շտաբի պետ, գեներալ Սիդորովը հայտարարել է, որ զորավարժությունն ուղղված չի լինելու երրորդ կողմի դեմ, սակայն Վրաստանում ՆԱՏՕ-ի կրկնակի զորավարժությունից հետո Հայաստանում ՀԱՊԿ-ի լայն զորավարժությունը կարող է դիտվել ՀԱՊԿ պատասխանը ՆԱՏՕ-ին: Սա, իհարկե, առանձնահատուկ դիմակայության նախադրյալ չէ, սակայն պատահական չէ նաև, որ Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի սրահներում Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը հանդիպել էր Վրաստանի ատգործնախարար Ջանելիձեին, որին մի քանի շաբաթ առաջ էր ընդունել Երևանում: Իսկ նախօրեին էլ Հայաստանի ԱԺ նախագահն է այց կատարել Թբիլիսի: Չի բացառվում, որ պաշտոնական Երևանը կանխավ փորձում է Թբիլիսիին հավաստիացնել, որ ՀԱՊԿ զորավարժությունը չի կարող Վրաստանի համար տագնապի առիթ լինել, և այդ առումով Հայաստանը թույլ չի տա թիկունքից հարված Վրաստանին:

Բանն այն է, որ պաշտոնական Թբիլիսին բավականին զգայուն է Հայաստանում ռուսական ռազմական ներկայության և ակցիաների նկատմամբ: Դրա հետ մեկտեղ, Երևանն, ըստ երևույթին, Թբիլիսիի միջոցով փորձում է մեսիջներ փոխանցել նաև ՆԱՏՕ-ին՝ Հայաստանում ՀԱՊԿ զորավարժության առումով Հայաստանին «ճիշտ հասկանալու» համար: Մյուս կողմից՝ ՀԱՊԿ զորավարժությունը հետաքրքրական է մի քանի այլ զուգահեռ ֆոնային ուղղությունների առումով: Մեկը քրդական հանրաքվեն, որի, այսպես ասած, «էթնոքաղաքական» ռեզոնանսը կարող է հասնել մինչև Հայաստանի սահման՝ Թուրքիայի տարածքով: Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ զորավարժության մասին հայտարարությունը հետաքրքրական է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման ֆոնին՝ հաշվի առնելով այն, որ զորավարժությանը մասնակցելու է նաև հայ-ռուսական միացյալ զորախումբը, իսկ նույն գեներալ Սիդորովը հայտարարել է նաև, որ ՀԱՊԿ որևէ անդամին սպառնալիքի դեպքում մյուս անդամները կկատարեն իրենց պարտավորությունները: Սա ինչ-որ իմաստով, իհարկե, կարող է ուշագրավ դիտվել և պատասխան ընկալվել Ալիևի ՄԱԿ ելույթին, որտեղ նա այդ ամբիոնից անգամ սպառնում էր Հայաստանին պատերազմով:

Ընդ որում՝ ուշագրավ է, որ հայտարարությունը հնչում է ոչ թե ՀԱՊԿ հայ գլխավոր քարտուղարի, այլ ռուս գեներալի շուրթերից:

Ներկայումս Ադրբեջանին զսպելն, իհարկե, բխում է նաև Ռուսաստանի շահերից, մի շարք պաճառներով՝ թե՛ ռուս-հայկական տիրույթում առաջացած, թե՛ ընդհանրապես տարածաշրջանային լայն համատեքստում, ընդհուպ մերձավորարևելյան իրադարձությունների: Մյուս կողմից՝ ՀԱՊԿ-ն, իհարկե, այդ առումով խիստ հետաքրքիր, յուրահատուկ կառույց է. դաշնակիցները մինչև սպառնալիքներին արձագանքելը, նախ իրենց ձեռքով ստեղծում են այդ սպառնալիքները: Գոնե Հայաստանի հարցում ՀԱՊԿ-ն հենց այդպիսի կառույց է, որի առաջատար երեք անդամները՝ Բելառուս, Ռուսաստան և Ղազախստան, Հայաստանի հարցում համենայնդեպս առայժմ ստեղծում են այդ սպառնալիքները Ադրբեջանի հետ գործակցությամբ: Եվ այդ իմաստով, ՀԱՊԿ դեպքում լիովին իրավացի կլինի ասել, որ եթե ՀԱՊԿ-ն Հայաստանի համար սպառնալիք չստեղծի, չգեներացնի Հայաստանի սառնալիքները, մնացյալ հարցերում Հայաստանն ինքը յոլա կգնա:

Եվ վերջապես՝ հոկտեմբերին ՀԱՊԿ-ն Հայաստանում զորավարժություն կանի, ԵՏՄ-ն կանի վարչապետների հավաք: Հայաստանում այդ եվրասիական տնտեսական, ռազմաքաղաքական ակտիվությունը ուշագրավ է նոյեմբերին Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման սպասման շեմին: Ի՞նչ է այդ ակտիվությունը՝ Հայաստանի, այսպես ասած, վերջնական ռևիզիա համաձայնագրի «եվրասիական» հավանության հարցում վերջնական որոշում կայացնլուց առա՞ջ, թե՞ Ռուսաստանը կփորձի փորփրել իրավիճակը՝ այսպես ասած, պատրվակ գտնելու համար: Առավել ևս, որ Հայաստանի ներիշխանական պայքարի համատեքստում դրանում ներգրավված խաղացողների մեջ անկասկած կլինեն այնպիսիք, որոնք այդքան էլ դժգոհ չեն լինի, եթե Մոսկվան գտնի այդ պատրվակը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20