Նոր պատերազմ սկսելու Ալիևի շանտաժը

- in Կեղտոտ լվացք
paterazm

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են հայտարարություն, ըստ էության` ամփոփելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նախօրեի հանդիպումը և նախապատրաստելով Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը:

Ընդհանուր ձևակերպումներով հարուստ հայտարարությունը թվում է` չունի որևէ դիվանագիտական ենթատեքստ և միայն փաստերի շարադրանք է: Սակայն այդպես է միայն արտաքուստ, առաջին հայացքից, որովհետև փաստաթղթում, ըստ էության, շարադրվում է Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպման հնարավոր օրակարգը: «Համանախագահներն ակնկալում են, որ նախագահների հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության և կարգավորման չլուծված մնացած առանցքային հարցերի շուրջ փոխզիջումային լուծումներ գտնելու հարցում քաղաքական կամքի ամրապնդմանը: Նախարարներն իրենց հանձնառությունն են հայտնել աշխատելու համանախագահների հետ՝ մոտ ապագայում հաջող գագաթնաժողովի նախապատրաստման ուղղությամբ»,- ասված է միջնորդների հայտարարության տեքստում:

Ինչպես նկատում ենք` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության օրակարգից սահուն կերպով դուրս է մնացել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության պահանջը և գործընթացը տեղափոխվել է կարգավորման բովանդակային քննարկման հարթություն: Համենայն դեպս, սա համանախագահության առաջին հայտարարությունն է, որտեղ բառ անգամ չկա Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին: Սա հայկական դիվանագիտության հերթական պարտությունն է, որովհետև Երևանը փաստացի հրաժարվում է ապրիլյան պատերազմից հետո իր որդեգրած համարժեք մարտավարությունից, թե հնարավոր չի համարում կարգավորման գործընթացի վերսկսումը, քանի դեռ շփման գծում նեդրված չեն հետաքննության մեխանիզմները:

Կարող ենք գալ հետևության, որ Մոսկվայի հետևողական ճնշումները Հայաստանի իշխանությունների վրա տվեցին իրենց արդյունքը և ղարաբաղյան գործընթացը վերադարձավ ի շրջանս յուր, այսինքն` այն վիճակին և ստատուս-քվոոյին, որոնք առկա էին մինչև 2016-ի ապրիլը և, ըստ էության, հանգեցրեցին քառօրյա պատերազմին: Ի դեպ, խորապես համոզված ենք, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի սկանդալային ելույթը Հայաստան-Սփյուռք համաժողովում պատահականություն չէր և խորհրդանշում էր հենց Երևանի ղարաբաղյան քաղաքականության մեջ տեղի ունեցած մարտավարական շրջադարձը:

Դրա մասին է անուղղակիորեն խոսում նաև այն փաստը, որ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ` Բաքուն համաձայնվել է ընդունել համանախագահների որոշ առաջարկներ՝ «առարկայական» բանակցությունները վերականգնելու համար: Շատ ավելի մտահոգիչ է, որ այս ամենը տեղի է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ ելույթի և միջազգային հանրությանը հասցեագրված շանտաժի ֆոնին: «Եվ եթե կարիք լինի, մենք կրկին կպատժենք ագրեսորին, ինչպես որ արեցինք 2016թվականի ապրիլին»,- մի քանի օր առաջ Նյու Յորքում հայտարարել էր Իլհամ Ալիևը: Երբ այս հայտարարությունից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարության մեջ չեն հիշատակում Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին, ապա ակամայից լեգիտիմացնում են նաև նոր պատերազմ սկսելու Ալիևի շանտաժը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20