Որոշ մարդիկ բիզնես շահ են հետապնդում. Արծվիկ Մինասյանը՝ Հաղարծինի բնակիչների ակցիաների մասին

- in Սոցիալական
56
Artsvik minasyan

Հաղարծինի բնակիչների կողմից ծառահատումների հետ կապված ճանապարհները փակելով`մի քանի մարդ փորձում են իրենց անձնական բիզնես շահը ներկայացնել՝ որպես գյուղացիների ապրելու բնական իրավունքի իրացում։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ներկայացնելով 2016-ի հոկտեմբերի 1-ից 2017-ի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի հաշվետվությունն ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

«Մարդիկ նախարարությունից պահանջում են խստացնել ռեժիմը, բացառել ծառահատումները, և երբ սկսում ենք լիարժեք գործել, բացառել դրանք, այդ ժամանակ էլ սկսում են քննադատություններ՝ թե դա մեր ապրուստի միջոցն էր»,-նշեց Մինասյանը։

Նա հավելեց, որ այդ մարդիկ, կազմակերպված օգտագործելով քաղաքացիներին, գյուղացիներին, հանում են փողոցներ և փորձում են իրենց անձնական բիզնես շահը ներկայացնել՝ որպես գյուղացիների ապրելու բնական իրավունքի իրացում։

«Սա նաև էկոմշակույթի իսպառ բացակայության մասին է խոսում, երբ մարդիկ մտածում են, որ ծառը հատելով կարող են իրենց ապրուստի միջոցը հոգալ, բայց այդ ծառը իրենց ապագա երեխաներինն է: Հաշվի առնելով բնակիչների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը՝ դրամաշնորհային ծրագրեր ենք իրականացնում անտառամերձ համայնքներում և մտադրություն կա նաև էներգախնայողության ծրագրեր իրականացնել: Հայաստանը անտառային տարածքներով հարուստ չէ, մեր անտառային տարածքները պահպանային  նշանակության անտառներ են: Չենք կարող այսօր կտրել ծառերը և մտածել, թե  վաղը լավ կարող է լինել»,-ասաց նախարարը։

Նախարարը տեղեկացրեց նաև, որ իրենք «Դիլիջան» ազգային պարկում 2014-ի օգոստոսից մինչև 2017-ի կեսերը 6000-ից ավելի ծառահատման դեպքեր են արձանագրվել: Մինասյանի հավաստմամբ` չի բացառվում, որ ավելի մեծ քանակություն է եղել: Դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, հանգամանքները քննվում են:

«Դիլիջան» ազգային պարկում պահպանության ռեժիմի արդյունավետությունը բարձրացնելու և ապօրինի ծառահատումների կանխարգելման նպատակով մշակվել է փորձնական ծրագիր: Դրանով նախատեսվում է ՊՈԱԿ-ի առավել ռիսկային 3 տեղամասերում` Հաղարծին, Դիլիջան և Շամախյան հատվածներում, պահպանությունն իրականացնել մասնագիտացված պահնորդական ծառայություն մատուցող կազմակերպության միջոցով:

Արծվիկ Մինասյանը հավելեց, որ սրա հետ կապված խորհրդակցություններ են եղել ՀՀ նախագահի, վարչապետի մոտ և այս առումով իրենց քայլերը շատ կոշտ ու կտրուկ են լինելու:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20