Ուր է տանում կամ ինչքան հեռու կարող է տանել այդ հետքը

- in Հրապարակ
Serj Sargsyan

Սերժ Սարգսյանը նախօրեին հրավիրել է Անվտանգության խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի և տեղեկատվական անվտանգության ապահովման ինստիտուցիոնալ քայլերի հետ կապված հարցեր:

Հատկանշական է, որ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից արտաքին քաղաքական որոշակի մեսիջներ հնչեցնելուց հետո, ընդ որում՝ մի շարք առանցքային հարցերի կապակցությամբ, որոնք առնչություն ունեն ոչ միայն Հայաստանին, այլ գործնականում հանդիսանում են միջազգային զարգացումների ընթացիկ ուղղություններ, Սերժ Սարգսյանը Հայաստանում, այսպես ասած, կտրուկ անցում է կատարում ներքին օրակարգին՝ կոռուպցիա և տեղեկատվական անվտանգություն:

Այլ կերպ ասած՝ տևական «արտաքին օրակարգից» Սերժ Սարգսյանը «վերադառնում» է ներքին խնդիրներ և ցույց տալիս, որ ձեռքը պահում է իշխանության ներքին հարաբերությունների համար երկու առանցքային, զարկերակային ոլորտների կամ խնդիրների վրա: Առանցքայինն այստեղ, սակայն, այն է, որ Սարգսյանն ինչպես և խոստացել էր, սկսել է հաճախակի դիմել Անվտանգության խորհրդին, այսինքն՝ կիրառել այն որպես անմիջական, ընթացիկ քաղաքականության գործիք: Մեծ հաշվով, Սարգսյանն այդ իմաստով, թերևս, այլևս դուրս է նախագահական ռեժիմից և գործնականում փորձարկում է Անվտանգության խորհրդի նոր կարգավիճակը, որ առկա է նոր Սահմանադրությամբ: Խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում խորհուրդը այլևս ունի ոչ թե խորհրդակցական, այլ որոշում կայացնելու իրավասություն:

Մեծ հաշվով, իհարկե, խնդիրն այստեղ բուն իրավասությունը չէ՝ հաշվի առնելով այն, որ ներկայիս խորհրդակցական կարգավիճակում էլ ԱԽ-ն ավելի շուտ քաղաքական սուբյեկտություն ունի և գործիքակազմի տարր է, պարզապես նոր Սահմանադրությամբ Սերժ Սարգսյանն ավելի «սրել» է այդ գործիքը և այժմ փորձարկում է այն, բայց ոչ թե սրության, այլ այսպես ասած՝ «ձեռքին հարմարեցնելու» տեսանկյունից, քանի դեռ խորհուրդը իր ձեռքում է: Սակայն հարց է առաջանում, թե ում ձեռքում է այն հայտնվելու 2018 թվականից հետո:

Այստեղ նույնիսկ առկա է բավականին ուշագրավ մի վիճակ, երբ հանրային ու քաղաքական գործընթացների մասնակից սուբյեկտները ճնշող մեծամասնությամբ ուշադրության առաջնային առարկա են դարձրել վարչապետի պաշտոնի հարցը, իսկ ահա Անվտանգության խորհրդի ղեկավարի հարցը մնացել է դուրս: Մինչդեռ այստեղ կա ուշագրավ առանձնահատկություն՝ այն իմաստով, որ այդ խորհուրդը գործնականում լինելու է բարձրաստիճան պաշտոնյաների հավաքական, այսինքն՝ դրա անդամները լինելու են վարչապետը, նախարարներ, ԱԺ ղեկավարներ, և գործնականում ԱԽ-ն կայացնելու է հավաքական որոշումներ և դե ֆակտո նույնիսկ ստանում է ավելի բարձր կարգավիճակ, քան պարզապես կառավարությունը:

Այդ իմաստով, Անվտանգության խորհուրդը իր քաղաքական կշռով դառնում է յուրօրինակ «ստվերային կառավարություն» կամ «զուգահեռ» իշխանություն, որտեղ իշխանության կրողը նույն դեմքերն են, սակայն արդեն այլ հարաբերակցությամբ և հերթականությամբ, այլ դասավորությամբ: Այդպիսով, Անվտանգության խորհուրդը գործնականում ստանում է «զուգահեռ իշխանության» ներուժ և իշխանության կրող տարբեր թևերն անկասկած իրենց գործունեության ընթացքում անընդհատ մտքում ունենալու են հայտնի արտահայտությունը, որ «իրենց հետ կխոսեն այլ ձևով այլ տեղում»: Նաև հենց այդ համատեքստում է առաջանում հարցը, թե ո՞վ է լինելու «այլ տեղում այլ ձևով» խոսողը: Սերժ Սարգսյանն ինքը հավակնո՞ւմ է լինել այդ «խոսողը» և այդ իսկ պատճառով է փորձարկում նոր գործիքի սրությունը, թե՞ նա չունի այդպիսի մտադրություն, պարզապես փորձում է մինչ նախագահի պաշտոնը թողնելը, քանի դեռ ունի այդ գործիքի հանդեպ դե յուրե իրավասություն, լիարժեք հասկանալ դրա գործունեության հնարավորությունները, թերությունները, առավելությունները, հասկանալ գործունեության նրբերանգները, «հեռակառավարման վահանակ» մշակելու և այն արդյունավետ կիրառելու համար:

Սերժ Սարգսյանն, իհարկե, շարունակում է անորոշության մեջ պահել իր քաղաքական ծրագրերը, ընդ որում՝ ոչ միայն հանրության, այլ նաև հենց իր ղեկավարած իշխանական մեծամասնության համար: Եվ հատկանշական է նաև, որ այդ մեծամասնությունը գործնականում բավական բաց կերպով խոսելով Սերժ Սարգսյանի առաջնորդության մասին, նաև քննարկելով վարչապետի պաշտոնի խնդիրը, առնվազն հայտարարելով, որ դա ՀՀԿ իրավասությունն է, որևէ կերպ չի անդրադառնում Անվտանգության խորհրդի ղեկավարի խնդրին:

Ըստ երևույթին, Սարգսյանը մեծամասնությանը դեռևս չի դրել այդ հետքի վրա, քանի դեռ վերջնականապես կամ առավել լիարժեք չի պատկերացրել, թե ուր է տանում կամ ինչքան հեռու կարող է տանել այդ հետքը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20