Չկա ոչ մի երաշխիք, որ այս անգամ էլ Հայաստանը չի զոhաբերվի Ռուսաստան-Արևմուտք լարված հարաբերություններին

- in Կարծիք
387
putin

Ինչքան էլ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն օրեր առաջ «Բազե» ճամբարում պնդում էր, որ Մաքսային(2015-ի հունվարի 1-ից` Եվրասիական տնտեսական) միությանը Հայաստանի անդամակցությունը մեր երկրի սուվերեն որոշման արդյունքն է` քչերն են հավատում դրան:

2013-թ-ի սեպտեմբերի 3-ի Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպումից առաջ Հայաստանը բացահայտ հայտարարում էր, որ աշնանը ԵՄ-ի հետ նախաստոարագրելու է Ասոցացման պայմանագիրն, որը տարիներ շարունակ բանակցվել է: Սարգսյանը, մեղմ ասած, կեղծում է, երբ պնդում է, որ զուգահեռ բանակցություններ են վարվել ԵՄ-ի և ԵՏՄ-ի հետ և նախապատվությունը տրվել է վերջինիս, որովհետև Բրյուսելը կտրուկ հակադրվել է «և, և»-ի սկզբունքին: Սա անհաջող փորձ է տեղի ունեցածի պատասխանատվությունը բարդել Եվրամիության վրա: Ոչ մի զուգահեռ բանակցության մասին խոսք լինել չի կարող, որովհետև հենց 2013-ի մարտին Սերժ Սարգսյանը փորձագետների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Հայաստանի օրակարգում Մաքսային/Եվրասիական միությանը միանալու հարց չկա, որովհետև այնտեղ մեր երկրին ոչ ոք չի սպասում: Դրանից ամիսներ անց Հայաստանի այն ժամանակվա վարչապետ, ներկայումս` ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը ծավալուն հոդվածով հանդես եկավ ռուսական մամուլում` հիմնավորելով, որ Հայաստանը չի կարող մաս կազմել ԵՏՄ-ին, որովհետև նրա հետ չունի ընդհանուր սահման:

Զուգահեռ բանակցությունների մասին պնդումը չի կարող դիմանալ քննադատության մեկ այլ պատճառով` իշխանությունները հրաշալի գիտեին, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել երկու մաքսային միության անդամ և այստեղ որևէ կապ չունի Բրյուսելի իբրև թե կոշտ դիրքորոշումը: Համընդհանուր կարծիք կա, որ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը կայացրել է մեկ գիշերվա մեջ: Իհարկե, «մեկ գիշեր» ասվածը, տվյալ դեպքում, պայմանական, պատկերավոր արտահայտություն է, որը բացահայտում է Հայաստանի ինքնուրույն արտաքին քաղաքականության բացակայությունը և այն փաստը, որ որոշումներն ընդունվում են Մոսկվայի պարտադրանքով, տվյալ դեպքում` Պուտին-Սարգսյան հանդիպման արդյունքում: Եթե չլինեին Ուկրաինայի շուրջ արդեն զարգացող իրադարձությունները, Մոսկվայի ճնշումը Հայաստանի նկատմամբ գուցե այսքան ցուցադրական և գռեհիկ դրսևորում չունենար: Սակայն Կրեմլը ցանկանում էր Ուկրաինային դաս տալ Հայաստանի օրինակով: Այս ֆոնին միանգամայն տեղին է նկատել, որ Ուկրաինայի ռուսական օկուպացիան սկսվել է Հայաստանի եվրասիականացումից:

Մոսկվայի ճնշումը քողարկելու նպատակով Հայաստանի իշխանությունները շրջանառության մեջ են դրել երկրի եվրասիական ընտրությունն արդարացնող մի քանի հիմնավորումներ: Տնտեսական բաղադրիչը շատ արագ սնանկ դուրս եկավ հենց ԵՏՄ ինստիտուցիոնալ չկայացվածության հետևանքով, որովհետև անցած չորս տարիներին չի ձևավորվել ընդհանուր շուկա, որը կնպաստեր հինգ երկրների տնտեսական շահերի համահարթեցմանը: Հայաստանն, առաջվա նման, տնտեսական համագործակցություն ունի ԵՏՄ անդամներից միայն Ռուսաստանի հետ: Սակայն այս ուղղության վրա էլ կան լուրջ խնդիրներ, եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանի տնտեսությունն, ըստ էության, փլուզվելու է ամերիկյան նոր պատժամիջոցների հետևանքով և մեծանում է վտանգը, որ մեր վտիտ տնտեսությունը կհայտնվի նրա փլատակների տակ:

Բացի այդ, ԵՏՄ-ն, ըստ էության, նույնիսկ չի ապահովել իր տարածքում աշխատուժի, ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժը, ինչի ամեաթարմ դրսևորումն այն է, որ Ռուսաստանում մինչև այս պահը կարգավորված չէ Հայաստանի ազգային վարորդական իրավունքի ճանաչման հարցը:

Հայաստանի եվրասիականացման անխուսափելիության իշխանությունների մյուս փաստարկն անվտանգության խնդիրն է, որը եթե մի փոքր գռեհիկ ձևակերպենք, ապա հանգում է նրան, որ Հայաստանի եվրաինտեգրացիայի պարագայում Ռուսաստանը պատերազմ կսադրեր Արցախում: Այս թեզը մինչև հիմա էլ ռուսական շանտաժի քաղաքականության և փորձագիտական էքսպանսիայի կարևոր բաղադրիչ է: Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի եվրասիականացումից հետո շարունակվեց Ադրբեջանի ինտենսիվ սպառազինումն Ռուսաստանի կողմից, հիմա նույնիսկ խոսվում է ռուս-ադրբեջանական նոր գործարքի մասին, որը գնահատվում է 2-2,5 միլիարդ դոլար: Ավելին, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելուց հետո Ռուսաստանի քարտ-բլանշով Ադրբեջանը 2016-ի ապրիլին պատերազմ սանձազերծեց Արցախում, ինչի հետևանքով հայկական կողմը տարածքային զիջումներ ունեցավ` 1994-ի զինադադարից ի վեր առաջին անգամ:

Ավելի իրական է, որ Հայաստանը եվրասիականացնելով` Սերժ Սարգսյանը լուծել է իր իշխանության անվտանգության խնդիրը` աչքի առաջ ունենալով «Հոկտեմբերի 27»-ի նախադեպը և այն, որ Մոսկվան Հայաստանում նախապատրաստել էր անգամ հեղաշրջման սցենար` Հայաստանի իշխանության անհնազանդության պարագայում: Գագիկ Ծառուկյանի առատ քսակը և Լևոն Տեր-Պետրոսյանի «Եվրասիական անշրջելիության» թեզն ազդու ռուսական մահակ էին Սերժ Սարգսյանի իշխանության գլխին:

Ցավալին այն է, որ «Եվրասիական ուրացումը» Հայաստանում չհանդիպեց լուրջ քաղաքական և հանրային հակազդեցության, ինչը նշանակում է, որ ոչ միայն մեր տնտեսությունը մրցունակ չէ, այլ քաղաքական համակարգն ու հասարակությունն, ըստ էության, զրկված են զարգացման ռեսուրսից:

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը վտանգավոր որոշում էր ոչ միայն ընթացիկ քաղաքական, տնտեսական հարթության վրա, այլ նաև քաղաքակրթական առումով, որովհետև Եվրասիական «մշակույթը» նպաստելու է Հայաստանում քրեա-օլիգարաիկ համակարգի ամրապնդմանը` խորթացման պատ ստեղծելով Հայաստանի և քաղաքակիրթ աշխարհի միջև: Այսօր արդեն Հայաստանի իշխանություններն որևէ փաստարկով չեն գովերգում ԵՏՄ-ն, միայն հանդես են գալիս այն անհեթեթ պնդումով, որ ԵՏՄ-ին ին չանդամակցելու դեպքում ավելի վատ կլիներ Հայաստանի համար: Նաև` որպես փոխհատուցում, իշխանությունները` Սերժ Սարգսյանի մակարդակով, հավաստիացում են, որ նոյեմբերին ստորագրվելու է Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակային համաձայնագիրն, որն, ըստ ամենայնի, որակապես չի փոխելու Երևանի և Բրյուսելի հարաբերությունների որակը: Կասկած չկա, որ այս փաստաթղթի մինչև վերջին ստորակետը համաձայնեցված է Մոսկվայի հետ, ինչն էլ ձևավորել է Սարգսյանի վստահությունը: Սակայն նույնիսկ դա երաշխիք չէ, որովհետև առկա է «Եվրասիական ուրացման գիշերվա» նախադեպը:

Մոսկվայի քաղաքականությունը հիմա ավելի անկանխատեսելի է. չկա ոչ մի երաշխիք, որ այս անգամ էլ Հայաստանը չի զոhաբերվի Ռուսաստան-Արևմուտք լարված հարաբերություններին` դառնալով Ռուսաստանին և Արևմուտքին բաժանող խորհրդանշական նոր «Բեռլինի պատը»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20