«Ռազբորկա» Վովայի Արշակի և ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի որդիների միջև

- in Մամուլ
153
Vostikan

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ մոտ մեկ շաբաթ առաջ Երևանի ռեստորաններից մեկում «ռազբորկա» է տեղի ունեցել՝ ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետ Ռազմիկ Խանզրադյանի և Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի՝ Վովայի Արշակի որդիների մասնակցությամբ։

Էրեբունիում իրար հետ մեծացած երբեմնի ընկերները մի քիչ տաքացել են, հետո էլ սկսել են վիճաբանել, ինչը վերաճել է ծեծկռտուքի։

Դեպքից հետո Խանզրադյանը որդուն փախցրել է քաղաքից՝ կանխատեսելով հնարավոր զարգացումներ։

Ըստ համայնքում պտտվող խոսակցությունների՝ ոստիկանության աշխատակիցն Արշակի հետ փորձել է հարթել կատարվածը, հանդիպել և առաջարկել է որդիներին հաշտեցնել, սակայն Արշակն անդրդվելի է մնացել ու պնդել է, որ իր տղան չի կարող «սխալ» լինել։

Այս օրերին լարված մթնոլորտ է Էրեբունու գողականների շրջանում, ամեն պահի սպասվում է, որ առճակատումը կշարունակվի։

Ոստիկանությունն անդրադարձել է «Հրապարակ» օրաթերթի սեպտեմբերի 19-ի համարում և կայքէջում հրապարակված հոդվածի կապակցությամբ, ըստ որի՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց երեխաների մասնակցությամբ ինչ-որ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել:

Ոստիկանության պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է.

Ըստ լրատվամիջոցի՝ ծեծկռտուքի մասնակիցներն են ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ծառայողների որդիները: Հոդվածում արված են գուշակություններ «Էրեբունու գողականների շրջանում լարված մթնոլորտի» և «սպասվող առճակատումների մասին»:

ՀՀ ոստիկանությունն ամբողջությամբ հերքում է տարածված տեղեկատվությունը: ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց անունների հիշատակմամբ ու բացահայտ ստի տարածման եղանակով «Հրապարակի»՝ հանրությանը ներկայանալու գործելակերպը գնահատում ենք որպես ոստիկանության հանդեպ հանրային վստահությունը խարխլելու ճղճիմ ու ժողովրդավարական հասարակությանը հարիր լրատվամիջոցին պատվազրկող ակտ: Նման հոդվածներն առաջին հայացքից ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ծառայողներին վերաբերող, սակայն ավելի շատ ՀՀ ոստիկանության համակարգի դեմ ուղղված և անազնիվ շարժառիթներով պայմանավորված քարոզչություն են:

Հուսով ենք, որ լրատվամիջոցն իր մեջ բավարար «խիզախություն» կգտնի տարածված ապատեղեկատվությունը հերքելու ուղղությամբ:

Լրատվամիջոցին տեղեկացնում ենք, որ բացահայտ կեղծիք հանդիսացող կամ այլ կերպ փաստացի անճշտություն պարունակող տեղեկությունների հրապարակման դեպքում ՀՀ ոստիկանությունը հետևողականորեն, օրենքով նախատեսված բոլոր թույլատրելի միջոցներով հետամուտ է լինելու անճշտությունների հերքմանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20