Ռեկտորները՝ Արամ Սիմոնյանին. Մենք չենք կարող ասել, որ ֆինանսական իրավիճակը տագնապալի է

- in Կրթություն
Aram Simonyan

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի եթերում ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ մտահոգություն էր հայտնել, որ բուհերը կանգնել են տագնապալի իրավիճակի առաջ և հայտնվում են ֆինանսական փոսում՝ տարեցտարի դիմորդների թվի նվազման պատճառով:

Մայր բուհի ռեկտորը ներկայացրեց բուհ ընդունվածների վիճակագրությունը, որից ակնհայտ է դառնում ուսանողների թվի նվազւոմը: Մասնավորապես, 2014 թվականին Երևանի պետական համալսարան ընդունվել է 3224, 2015 թվականին՝ 3060, 2016 թվականին՝ 2988 ուսանող: Սիմոնյանի կանխատեսմամբ՝ հաջորդ տարի սպասվում է էլ ավելի վատ վիճակ, որովհետև այս տարի դպրոցն ավարտել են 20 հազար հոգի, իսկ ԵՊՀ ընդունվել է 2602 հոգի: Սիմոնյանի խոսքով՝ բոլոր բուհերը այս ամենի հետևանքով ֆինանսական փոսում կհայտնվեն: Այս իրավիճակը, ըստ Արամ Սիմոնյանի, իրեն զգացնել կտա մի քանի տարի շարունակ: Նա նշեց, որ կանխատեսելով այս իրավիճակը՝ իրենք արդեն ձգել են գոտիները: Ծախսերի կրճատում է եղել, նոր աշխատակիցների ընդունման հարցում սահմանափակում է դրվել, եղած աշխատողների թիվը չի կրճատվել, բայց ավելի պակաս վարձատրություն են ստանում:

Որքան էլ ուշագրավ է՝ օրինակ, Երևանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նման լուրջ մտահոգություններ չունի: Նախ՝ որովհետև Մանկավարժական համալսարանում ուսանողների թվի կտրուկ նվազում չի արձանագրվել, և հետո՝ կառավարման ճիշտ քաղաքականություն է տարվում: «Այնուամենայնիվ, տարեցտարի ուսանողների թվի որոշակի նվազում արձանագրվում է: Ամեն տարի 100-120 ուսանող պակաս է ընդունվում, բայց հաշվի առնելով նաև այն, որ մեր ուսանողների թիվը միշտ գերազանցել է 10 հազարը, դա այդքան էլ մտահոգիչ չէ»,- ասաց Միրզախանյանը:

Նա նաև ընդգծեց, որ վերջին 5 տարիներին ոչ մի անգամ իրենք ուսման վարձը չեն բարձրացրել, վերջին 5 տարիներին դասախոսների աշխատավարձը 93 տոկոսով բարձրացել է: «Մենք չենք կարող ասել, որ ֆինանսական իրավիճակը տագնապալի է: Խոսքը այն մասին է, որ, իհարկե, ցանկալի կլիներ, որ մեր բյուջետային միջոցները ավելին լինեին, ինչը թույլ կտար կատարել անհրաժեշտ ծախսերը ուսումնական գործընթացի զարգացման համար: Մենք առաջիկա 1-2 տարում նպատակ չունենք ավելացնելու ուսման վարձը: Վարձերի բարձրացումը ճիշտ չէ ոչ միայն բարոյահոգեբանական տեսանկյունից, այլև իմ անձնական տեսակետից»,- ընդգծեց Միրզախանյանը:

Մեր դիտարկմանը, թե ինչպես է իրենց հաջողվում առանց ուսման վարձերի բարձրացման չհայտնվել ֆինանսական խնդիրների առաջ և մի բան էլ աշխատավարձերը բարձրացնել, բայց մայր բուհը, որը ամեն տարի մի քանի անգամ բարձրացնում է ուսման վարձերը, հիմա բարձրաձայնում է ֆինանսական խնդիրների մասին և հայտարարում է, որ գոտիները ձգելու ժամանակն է, Մանկավարժականի ռեկտորը պատասխանեց. «Ճիշտ կլինի մայր բուհին վերաբերող բոլոր հարցերով դիմել իրենց: Յուրաքանչյուր բուհ ունի իր յուրահատկությունը: Մեր մայր բուհը ունի շատ լուրջ ծախսեր գիտական ծրագրերի զարգացման ուղղությամբ, որը այլ ուսումնական հաստատություններում շատ և շատ նվազ է: Մենք պետք է այս հանգամանքը հաշվի առնենք»:

Բուհերի ֆինանսական փոսում հայտնվելու մտահոգություն չունի նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը: Նրա խոսքով՝ ճիշտ է, իրենց բուհում էլ մագիստրատուրայի և հեռակա ուսուցման համակարգում ուսանողների որոշակի նվազում զգացվում է, բայց իրենք փորձում են ծախսերն այնպես իրականացնել, որ առայժմ բուհում խնդիրներ չառաջանան՝ «մինչև գան բարի ժամանակները»: «Իսկ այդ բարի ժամանակները այն ժամանակ կլինեն, երբ ուսանողների թվի կայունացում կլինի, ոչ թե ավելացում: Ուղղակի պետք է իմանանք, որ մենք ունենք կայուն թվով ուսանողներ, որի հիման վրա կկարողանանք պլանավորել մեր ծախսերը, ոչ թե ընթացքից պակասեն ուսանողները, որ խնդիրներ առաջանան: Իսկ խնդիրներ առաջանում են այն պատճառով, որ ուսումնական տարին ու բյուջետային տարին իրար չեն համապատասխանում: Մենք բյուջեն պլանավորում ենք հունվարին, իսկ ուսանողների ընդունելությունը կատարվում է ամռանը: Եվ եթե մեր պլանավորածից քիչ ընդունելություն է լինում, բյուջեն նվազում է: Սա է խնդիրը, թե չէ ուրիշ խնդիրներ չկան»,- նշեց Աթոյանը:

Ուսանողների թվի որոշակի նվազում կարձանագրվի նաև հաջորդ տարի, քանի որ պակաս է հաջորդ տարի դպրոցն ավարտող աշակերտների թիվը: «Մենք հիշում ենք, որ մեկ էլ 2011 թվականին շրջանավարտներ չեղան, այդ կուրսը դատարկ մնաց, և միայն անցած տարի 6-րդ կուրսով այդ դատարկ շերտը դուրս եկավ: Հիմա ևս մի կիսադատարկ շերտ սպասվում է հաջորդ տարի, որը առաջացնելու է խնդիրներ: Իսկ եթե դրանից հետո վիճակը կայունանա, այդ փուլն էլ որ անցնի, մնացածը, կարծում եմ, կառավարելի պրոցեսներ են»,- նկատեց Աթոյանը:

Ինչ վերաբերում է կարծիքներին, թե պետությունը այս անցումային փուլերում պետք է ավելացնի աջակցությունը պետական բուհերին, որպեսզի խնդիրները այդքան լուրջ չդառնան, ապա Աթոյանի խոսքով՝ պետությունը իր աջակցության չափը չի փոխում, հարկավոր է ճիշտ մարկետինգ իրականացնել: «Օրինակ՝ Պետական համալսարանի պրոբլեմն այն է, որ այնպիսի մասնագիտություններ կան, որոնք աշխատաշուկայում պահանջված չեն, և այդ մասնագիտությունը այդպես էլ չի կայանում, որից լուրջ խնդիր է առաջանում: Իսկ մեզ մոտ բոլորը տնտեսագիտական մասնագիտություններ են, և լուրջ խնդիրներ չեն առաջանում: Մենք այդ տեսակետից մի քիչ ապահովագրված ենք»,- եզրափակեց ՀՊՏՀ ռեկտորը:

Երևանի մասնավոր Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանին զարմացնում է Արամ Սիմոնյանի մտահոգությունը: Նա հորդորում է զսպել ախորժակը: «Մայր բուհը 4 անգամ բարձր ուսման վարձ է սահմանել, քան պահանջարկն է և ընդհանուր ծախսերը: Մայր բուհում 820 հազար դրամ ուսման վարձ են սահմանել այն ֆակուլտետներում, որոնք պահանջված են, և որտեղ ուսանողների թվաքանակը նորմալից բարձր է: Ես չգիտեմ՝ մայր բուհի ռեկտորի ախորժակն ինչքան է, բայց նրան ասեք, որ այդպիսի մտահոգություն չունենա՝ հաշվի առնելով այս տարվա ընդունելությունն ու սահմանված ուսման վարձերը: Մյուս շատ բուհեր՝ թատերականը, մասնավոր բուհերից շատերը խնդիրներ կարող է ունենան ընդունելության պատճառով, բայց մայր բուհում նման խնդիր չկա: ԵՊՀ-ի իրավագիտության ուսման վարձով կարելի է մի ամբողջ համալսարան պահել, ինչի՞ մասին է խոսքը: Արամ Սիմոնյանը թող չանհանգստանա, սոված չի մնա հաստատ»,- նշեց Մակիչյանը:

Картинки по запросу Արամ Սիմոնյան

Spread the love