Ռուսաստանը նաև ստիպում է Հայաստանին անընդհատ դիմել իրեն

- in Վերլուծական
Russia

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Պուտինի հայտարարությանը՝ ասել է, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ են, և նրանք կարող են արգելանք դնել Ղարաբաղյան հակամարտության կողմերին սպառազինություն վաճառելու վրա և այդպիսով, այսպես ասած, փակեն զենքի վաճառքի թեման:

Իսկ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել էր, իհարկե՝ Ուկրաինայի մասով, որ եթե ԱՄՆ-ը զենք է մատակարարում հակամարտության գոտի, ապա դա վտանգում է, ոչ թե օգնում խաղաղությանը: Պուտինն անկասկած իրավացի է, բայց, իհարկե, այսպես ասած՝ խիստ տեսականում:

Բանն այն է, որ եթե խոսքը կոնկրետ ուկրաինական խնդրի մասին է, ապա այստեղ ԱՄՆ ռազմական աջակցությունն Ուկրաինային անհրաժեշտ է արևելյան անջատական միավորներին ռուսական ռազմական աջակցությունը հակակշռելու և ըստ այդմ նրանց հետագա ծավալումը զսպելու համար: Եվ այդտեղ դա այն դեպքն է, երբ Ուկրաինային ամերիկյան մատակարարումները ուղղակի անհրաժեշտ են իրավիճակը հավասարակշռելու և խաղաղությանն այդպիսով նպաստելու համար: Ավելին, եթե ԱՄՆ-ն ավելի շուտ կայացներ այդ որոշումը՝ թեև այժմ էլ դեռ չկա այդպիսի որոշում և խոսվում է միայն մտադրության մասին, ապա Ուկրաինայի իրավիճակը և ընդհանրապես Ռուսաստանի հետագա քաղաքականությունը ավելի լայն իմաստով կլիներ շատ ավելի զսպված:

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան խնդրին, ապա այստեղ մենք տեսնում ենք, որ Պուտինի մոտ կա՛մ անձի երկվություն է, կա՛մ պարզապես անսահման ցինիզմ հայ ժողովրդի հանդեպ: Որովհետև Ռուսաստանը Ղարաբաղյան գոտում պատերազմով անվերջ ու անդադար սպառնացող, ամբողջ հայկական լեռնաշխարհը իր տարածքը համարող Ադրբեջանի թիվ մեկ ռազմական մատակարարն է: Այդ մատակարարումները սնել են ապրիլյան պատերազմը, Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան: Մենք հիմք կունենայինք եզրակացնելու, որ հարգարժան Վլադիմիր Պուտինը դաս է քաղել ապրիլյան պատերազմից և հասկացել է, որ ռազմական մատակարարումը ոչ թե խաղաղությանն է նպաստում, այլ հակամարտության թեժացմանը, սակայն այդպիսի եզրակացություն անել թույլ չի տալիս այն, որ Ռուսաստանը շարունակում է այդ մատակարարումներն Ադրբեջան ու նաև ադրբեջանցիներին ներկայացնում նոր զինատեսակներ:

Բնականաբար, այդ կերպ Ռուսաստանը նաև ստիպում է Հայաստանին անընդհատ դիմել իրեն՝ այսպես ասած, հավասարակշռությունը պահելու համար: Եվ Հայաստանին «էժան գնով» զենքի մատակարարման միֆի ներքո Հայաստանն ըստ էության շատ ավելի թանկ պետական գնով է վճարում Ռուսաստանին դրա համար՝ Հայաստանի համակարգային ու քաղաքակրթական զարգացման հեռանկարով, որ փակվում է ռուսական գերազդեցության հետևանքով:

Ահա իրերի դասավորության այդ ֆոնին, սակայն, Շավարշ Քոչարյանը անում է շատ հետաքրքիր հայտարարություն, որը կարելի է համարել Ռուսաստանի դիվանագիտական մերկացում: Քոչարյանն ասում է, որ բացատրությունները, թե իրենք չմատակարարեն, Ադրբեջանը կգնի այլ տեղից, բացարձակապես չեն ունենա հնչելու կարիք, եթե պարզապես էմբարգո կիրառվի Ղարաբաղյան հակամարտության գոտի զենքի մատակարարման վրա ամբողջ աշխարհի մասշտաբով: Իհարկե, Քոչարյանը վախվորած ասում է, թե դա իր անհատական կարծիքն է, ոչ թե Հայաստանի պաշտոնական: Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ դա Հայաստանի պաշտոնական կարծիքը չէ: Որովհետև Հայաստանը վախենում է, որ այդ կարծիքը դուր չի՞ գա Ռուսաստանին: Ամենայն հավանականությամբ՝ այո, որովհետև գործնականում որևէ այլ բացատրություն չկա, թե ինչո՞ւ Երևանը այդ մասին բարձրաձայնում է ԱԳՆ նախարարի տեղակալի «անհատական» մակարդակով, ոչ թե պաշտոնական դիրքորոշմամբ:

Մյուս կողմից, իհարկե, լավ է, որ կարծիքը նաև բարձրաձայնվում է, և այստեղ շատ էական է, թե այն ինչ միջազգային արձագանքի կարժանանա: Այսինքն՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ մյուս երկու համանախագահներ ԱՄՆ-ը և Ֆրանսիան կաջակցե՞ն դրան, թե՞ ոչ:

Այստեղ էլ ահա հիշում ենք, որ ընդամենն օրեր առաջ Հայաստանը հրաժարվեց մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժությանը: Ի՞նչ պետք է մտածեն ԱՄՆ-ն ու Ֆրանսիան դրանից հետո: Եվ ընդհանրապես՝ քանի դեռ Հայաստանը սեփական շահի ու անվտանգության հարցում առաջնորդվելու է վախվորած մոտեցումներով, ինչպե՞ս կարող է ակնկալել իր «շշնջոցների» միջազգային հնչեղություն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20