Ռուսաստանն իրեն նույնացնում է սովետական անունների և խորհրդանիշերի հետ

- in Հասարակություն
313
nikol-aram-edmon

ՌԴ Պետդումայում հայտարարել են, որ եթե Հայաստանում ընթացք տրվի փողոցների անվանափոխման նախաձեռնությանը, Մոսկվան ստիպված կլինի պատասխան քայլերի մասին մտածել:

Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի գծով կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն ասել է, որ Ռուսաստանը չպետք է անտեսի նմանատիպ գործընթացները: «Եթե դա տեղի ունենա, կամ եթե բանավեճերն այդ թեմայով շարունակվեն, Մոսկվան, անկասկած, կարձագանքի նման թշնամական գործողություններին»,-ասել է նա:

Պատգամավորը հավելել է, որ «խորհրդային փողոցների վերանվանման պահանջը Հայաստանում ուղեղում չի տեղավորվում: Երբ դա արվում է Մերձբալթիկայում կամ Ուկրաինայում, դեռ կարելի է հասկանալ: Առնվազն, մենք դրան արդեն սովոր ենք: Հայաստանն առավելագույնն է ստացել ԽՍՀՄ-ից, միշտ բարեկամաբար է տրամադրված եղել Մոսկվային»,- հիշեցրել է ռուս խորհրդարանականը:

Կալաշնիկովի մտածողությունը, որը ընդհանրական է ռուսական էլիտայի համար, առնվազն տարակուսելի է: Արդեն միայն այն հանգամանքը, որ ժամանակակից Ռուսաստանն իրեն նույնացնում է սովետական անունների և խորհրդանիշերի հետ ու «Ելքի» նախաձեռնությունը համարում է թշնամական գործողություն, խոսում է Մոսկվայում կայսերական քաղաքականության ամբողջական ռեստավրացիայի մասին:

Կալաշնիկովի` «Հայաստանն առավելագույնն է ստացել ԽՍՀՄ-ից» ձևակերպումն առնվազն պատմությունը խեղաթյուրելու բացահայտ փորձ է, մանավանդ, երբ հիշում ենք, որ հենց սովետների «փառապանծ» տարիներին են Արցախն ու Նախիջևանը բռնակցվել Ադրբեջանին: Սակայն մեր հասարակությանն ու քաղաքական էլիտային առավելապես պետք է անհանգստացնի, անգամ վիրավորի այն նվաստացուցիչ կոնտրաստը, որ ռուս պատգամավորը ստեղծում է մերձբալթյան հանրապետությունների, Ուկրաինայի` մի կողմից, և` մյուս կողմից, Հայաստանի միջև:

Ստացվում է` Մոսկվայում հաշտվել են, ասենք, Ուկրաինայի կամ Լիտվայի անկախության հետ, սակայն Հայաստանին համարում են իրենց վասալը` թշնամական որակելով անգամ անվանափոխության, մեծ հաշվով, անշառ նախաձեռնությունը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20