Ռուս օկուպանտները քայլ առ քայլ մտնում են Վրաստանի տարածք

- in Միջազգային
Georgia

Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն վրացական դեսպանությունում կազմակերպված բրիֆինգի ընթացքում հանդես եկավ հայտարարությամբ՝ խոսելով Աբխազիայի և Հարավային Օսիայի հիմնախնդիրների մասին: Բրիֆինգի թեման հետևյալն էր՝ «արդի իրավիճակը Վրաստանի օկուպացված երկու շրջաններում»:

«Արդեն 9 տարի է, ինչ Վրաստանի երկու տարածքները՝ Աբխազիան և Ցխինվալը, օկուպացված են Ռուսաստանի կողմից: Օկուպացված տարածքներում առկա դե ֆակտո հաստատությունները ինտեգրված են Ռուսաստանի քաղաքական, ռազմական և սոցիալական համակարգերին: Աբխազիայում ստեղծված է ռուս-աբխազական համատեղ ռազմական խումբ, իսկ Ցխինվալի տարածաշրջանի անօրինական զորամասերը ինտեգրված են Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին: Իրավապաշտպան կառույցներում ստեղծվել են Ռուսաստանի և օկուպացիոն ռեժիմների համատեղ տեղեկատվական և համակարգող կենտրոններ: Ցխինվալի շրջանում անկցացվել է, այսպես կոչված, հանրաքվե, որը նպատակաուղղված է շրջանը վերանվանելու Ալանիա: Դուք լավ գիտեք, որ Ալանիան Հյուսիային Օսիայի պատմական անունն է, և Ցխինվալի շրջանը վերանվանելու նպատակն իրականում այս շրջանը Ռուսաստանին միացնելն է: Մենք ունենք տեղեկություն այն մասին, որ Ռուսաստանը ցանկանում է կառավարել ամեն ինչ Վրաստանի օկուպացված երկու շրջաններում՝ Աբխազիայում և Օսիայում: Երկու շրջաններից յուրաքանչյուրում կանգնած են 5 հազար ռուս զինվորական օկուպանտներ, որոնք զինված են ժամանակակից զենքերով՝ հակաօդային, հրետանային համակարգեր և զրահամեքենաներ»,- հայտարարեց դեսպան Սագանելիձեն:

Պաշտոնական Թբիլիսին համոզված է, որ նշված շրջանների նման մակարդակի ռազմականացումը շատ վտանգավոր է ոչ միայն Վրաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար:

«Շատերը չգիտեն, որ Թբիլիսիից մինչև Ցխինվալ ընդամենը 40 կիլոմետր է: Կարևոր հարց է նաև բորդերիզացիայի գործընթացը: Ամեն տարի Ռուսաստանի օկուպացիոն զորքերը մտնում են Վրաստանի տարածք: 2008 թ. ագրեսիայից հետո Ռուսաստանը անընդհատ խախտում է բորդերիզացիայի գործընթացը, և ռուսական օկուպանտները քայլ առ քայլ մտնում են Վրաստանի հսկողության տակ գտնվող տարածքներ: Այս գործընթացի հետևանքով 25 վրացական գյուղեր հայտնվել են գրավված գոտում: Սրանք այն գյուղերն են, որոնք երբեք չեն եղել ո՛չ Աբխազիայի և ո՛չ Ցխինվալի կազմի մեջ»,- նշեց Վրաստանի դեսպանը:

Գիորգի Սագանելիձեն ավելացրեց, որ իրենք համոզված են՝ այս խնդիրները լուծվելու են խաղաղ ճանապարհով՝ Վրաստանի ջանքերով և միջազգային հանրության աջակցությամբ. «Համոզված ենք, որ առաջընթաց չենք ունենալու այս շրջաններում՝ առանց միջազգային հանրության աջակցության: Մենք ուզում ենք սերտ կապեր ունենալ օկուպացված շրջանների բնակչության հետ՝ անկախ նրանց ազգային պատկանելիությունից, և չնայած օկուպացիոն ռեժիմների դիմակայությանը՝ փորձում ենք հոգալ Աբխազիայի և Ցխինվալի բնակչության մասին»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20