ՍԴՀԿ-ն դժգոհում է սոցիալական անարդարությունից, բայց համերաշխ է Հայաստանի իշխանությունների հետ

- in Կեղտոտ լվացք
Tatron

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը սեպտեմբերի 22-24-ը կուսակցության 21-րդ փակ համագումարն է անցկացրել, որի արդյունքներով ընդունվել է հայտարարություն: 

Նախ արձանագրենք, որ ավանդական կուսակցությունների մոտ շարունակվում է փակ համագումարների արատավոր պրակտիկան, որը հակասում է ոչ միայն Հայաստանի օրենսդրությանը, այլ նաև ժողովրդավարության համընդհանուր սկզբունքներին, որոնք ենթադրում են կուսակցությունների հրապարակային գործունեություն և հաշվետվողականություն ընտրողների առջև: Սակայն ավելի էական է այն քաղաքական ուղեգիծը, որ որդեգրվել է կուսակցության կողմից:

ՍԴՀԿ-ն դժգոհում է սոցիալական անարդարությունից, աղքատությունից, արտագաղթից, սակայն երկրի համար սկզբունքային հարցում համերաշխ է Հայաստանի իշխանությունների դիրքորոշման հետ` ճիշտ համարելով մեր երկրի անդամությունը ԵՏՄ-ին: Կուսակցության համագումարի այսօր տարածած հայտարարության տեքստում մասնավորապես ասված է. «Համագումարը դրական է համարում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությունը, ինչպես նաև հույս է հայտնում, որ մեր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը պետք է շարունակի մնալ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի վավերացումը»:

Բազմաթիվ անգամ արձանագրել ենք, որ Հայաստանում որևէ քաղաքական ուժ չի կարող իրական այլընտրանք համարվել իշխանությանը, եթե նրանից տարբերվող դիրքորոշում չունի արտաքին կողմնորոշման, երկրի զարգացման վեկտորի ընտրության հարցերում` չնայած եթե անկեղծ լինենք, Հայաստանում կամ նրա սահմաններից դուրս ինչ-որ մեկը չի էլ սպասում, որ այս կուսակցությունը կարող է այլընտրանք լինել իշխանությանը` հենց միայն այն պատճառով, որ ՍԴՀԿ-ն քաղաքական աութսայդեր է և չկա որևէ նախադրյալ, որ կարող է հաղթահարվել այդ կարգավիճակը: Մյուս կողմից` առնվազն տարակուսելի է, որ եվրասիականության ջատագով ՍԴՀԿ-ն հայտարարում է, թե «մեր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը պետք է շարունակի մնալ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի վավերացումը»: Փորձառու ավանդական կուսակցությունը պետք է հստակ իմանար, որ երկիրը չի կարող միաժամանակ լինել մաքսային երկու միության անդամ և առնվազն տարակուսելի է «և, և»-ի տրամաբանությունից բխող պսհանջի ներկայացումը:

Ավելի գլոբալ հարթության վրա զարմացնում է մեր ավանդական կուսակցությունների դիրքորոշումը: Տասնամյակներ շարունակ գործելով ժողովրդավարական երկրներում, թվում է` նրանք ավելի ազատ պետք է լինեին ռուսական ազդեցությունից, սակայն թե՛ ՀՅԴ-ն և թե՛ ՍԴՀԿ-ն 90-ականների սկզբին ընդդիմանում էին Հայաստանի անկախության գաղափարին, իսկ այսօր եվրասիականության ջերմեռանդ պաշտպաններ են: Հայ ավանդական քաղաքական միտքը տոտալ ճգնաժամի մեջ է: Խնդիրն այն է, որ անկախության քսանվեց տարիներին ձախողվել են նաև 88-ի արժեհամակարգի վրա խարսխված քաղաքական ուժերը, սակայն սա միանգամայն այլ խոսակցության թեմա է: 

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20