Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ինը տարիներին երկրի բնակչությունը պակասել է 250000-ով

- in Տնտեսական
259
Ser Kar

Հայաստանը սկսում է մինչև 2030 թվականը Զարգացման ազգային ռազմավարության շուրջ աշխատանքները։ Այս մասին երեկ՝ կառավարության նիստում, հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

Վերջինս ապագայի իր «թռիչքում» ավելի համեստ է և տաս տարով զիջում է Սերժ Սարգսյանին, ով նորընտիր խորհրդարանի առաջին նիստում խոսել է 2040-ի Հայաստանի տեսլականի մասին: Շատ երկրներ, անգամ` զարգացած ու ժողովրդավարության ավանդույթներ ունեցող, կնախանձեին Հայաստանի իշխանության ռազմավարական մտածողությանը, որովհետև քչերն այս հարափոփոխ աշխարհում բախտ ունեն իրենց երկրի առաջին դեմքերի շուրթերից լսել երկարաժամկետ ծրագրերի մասին:

Իրավիճակի թշվառությունը, այդ «երկարաժամկետի» սնանկությունը կարող են հասկանալ միայն հայաստանցիներն, այն մարդիկ, ովքեր ապագայի մասին մտածելու, երազելու ուժ անգամ չունեն, որովհետև կատարելապես խորտակված, վտանգված է նրանց ներկան: Վտանգված է այն գործիչների քաղաքականության հետևանքով, ովքեր ներկայի փլատակների վրա խոսում են ապագայի դղյակների մասին: Ընդամենը յոթ ամիս հետո Հայաստանն ունենալու է պետության նոր ղեկավար ու չնայած այն հանգամանքին, որ հայտնի է հաղթած կուսակցության անունն` անհայտ է մնում պետության ղեկավարի անձը, որովհետև հիմնական թեկնածուները չեն կողմնորոշվել իրենց քաղաքական հեռանկարի հարցում:

Երբ քաղաքական անպատասխանատվության և ընտրողների հանդեպ անհարգալից վերաբերմունքի ցուցադրության ֆոնին նրանք խոսում են 2030-ի, 2040-ի մասին, սա նման է մանկական պահմտոցիի, այն երեխաների վարքագծին, որոնց թվում է` իրենք կանխատեսելի ու վերահսկելի տարածքում գտել են անձեռնմխելի թաքստոց:

Իրենց «թաքստոցներում» պատսպարված Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը չեն կարողանում ձևակերպել ընդամենն ամիսներ անց իր իրավունքների մեջ մտնող իշխանության առաքելությունը և ուզում են մեզ հավաստիացնել, որ տեսնում են Հայաստանի տեսլականը մեկ, երկու տասնամյակ հետո: Նրանց ազդարարած «ազգային համաձայնությունը» կամ «ներդրումային բումն» ընդամենը գեղեցիկ կենացներ են, քաղաքականության հետ չաղերսվող կարգախոսներ, երբ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին միակ իրական «ազգային համաձայնությունը» դրսևորվել է երկրից արտագաղթելու մարդանց որոշման մեջ, իսկ Կարեն Կարապետյանի վարչապետության ամիսներին երկրում ներդրվել են ոչ թե զարգացում ապահովող միջավայր և ֆինանսներ, այլ` վիճակագրական կեղծիք ու կոռուպցիայի զարգացման սերմեր:

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ինը տարիներին երկրի բնակչությունը պակասել է 250000-ով ու այդ անտաղանդ և ապաշնորհ քաղաքականության պատասաանատվությունից խուսափելու համար նա խոսում է Հայաստան-2040-ի մասին` ապագայի երազանքի փոխարեն մարկանց մոտ խորացնելով այսօրվա հուսահատությունը, որովհետև նրանց ակամայից թվում է այս իշխանությունը, մղձավանջն իրենց ուղեկիցն են լինելու մինչև 2040-ը:

Կարեն Կարապետյանը խոսում է 2030-ի մասին, և մարդիկ պատկերացնում են ոչ թե զարգացման տասնամյակ, այլ վերապրում են սինգապուրյան երազախաբության դառնությունը և լաբիրինթոսում մնալու դատապարտվածությունը: Երբ ապագայի թռիչք է նախապատրաստում ներկան ձախողած իշխանությունը, ապա դա տեղի է ունենալու Հայաստանի հետընթացի անկման գնով:

Ապագայի թռիչքի տեսլական պետք է ոչ թե ձախողված երևակայություն ունեցող իշխանությանն, այլ երկրին: Սակայն դրա համար անհրաժեշտ է ձերբազատվել տապալված ներկայից` այն խորհրդանշող լուզեր իշխանության հետ միասին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20