Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանն իրար հետ պայմանավորվել են և «մրցակցություն» են խաղում

- in Հրապարակ
75
Ser Kar

Կարեն Կարապետյանի վերջին հայտարարությունները շոկային իրավիճակ են ստեղծել ՀՀԿ-ում, թեև վարչապետը, մեծ իմաստով, որևէ արտառոց բան չի ասել: Կարապետյանն ընդամենը մեկ «այո»-ով վերահաստատել է 2018-ի ապրիլից հետո վարչապետ մնալու իր ցանկությունը, ինչպես նաև մասնավոր կարծիք է որակել Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարի մասին խոսակցությունները, քանի դեռ չկա ՀՀԿ պաշտոնական որոշում:

Միայն այն հանգամանքը, որ Կարապետյանը իշխանության հայտ է ներկայացրել, իսկական խուճապ է առաջացրել ՀՀԿ-ում: Հարցը նույնիսկ այն չէ՝ ինչքանո՞վ է իրական այդ հեռանկարը, կամ արդյո՞ք Կարեն Կարապետյանը պատրաստ է մինչև վերջ պայքարել այդ իշխանության համար, եթե Սերժ Սարգսյանը որոշի այն չհանձնել: Արդեն այն փաստը, որ իշխանության համար կուսակցության ներսում կա մրցակցություն, հունից հանել է ՀՀԿ գործիչներին, ովքեր սովոր են միաձայն քվեարկությունների, ֆետիշացնում են առաջնորդի ինստիտուտը:

Տարիներ շարունակ ՀՀԿ-ն «մասնագիտացել» է ընդդիմության իշխանական հավակնությունները չեզոքացնելու հարցում: Փորձել են համոզել կամ գնել ընդդիմությանը, եթե չի ստացվել՝ գնացել են անգամ ընդդիմության ոչնչացման ճանապարհով: 2014-15թթ. իրադարձությունները, սահմանադրական հանրաքվեն, այս տարվա ընտրությունները, կարծես թե, երաշխավորում են ՀՀԿ իշխանության երկարաձգումը՝ առանց ընդդիմության և հասարակության մարտահրավերների: Ֆորմալ առումով այդպես էլ կա, որովհետև իշխանության այլընտրանքային հայտ ներկայացնողը կուսակցության առաջին փոխնախագահն է:

Սակայն քրեաօլիգարխիկ կառույցներում մրցակցության գաղափարն ինքնին քայքայիչ հետևանքներ ունի, որովհետև ենթադրում է ընտրություն՝ թեկուզ բառի խեղված իմաստով: «Գենսեկի» կենդանության պարագայում կուսակցությունը իրեն չի կարող թույլ տալ նոր «գենսեկի» ընտրություն: Այդպես եղել է Սովետի ժամանակ, այդպես է հիմա, երբ սովետական կառավարումը ռեստավրացիայի է ենթարկվել, և Հանրապետականում խորթ աչքով են նայում, որ «երկրորդ քարտուղարը» աչք է դրել «առաջին քարտուղարի» պաշտոնի վրա:

Եթե Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանն իրար հետ պայմանավորվել են և «մրցակցություն» են խաղում, կամ տեղի է ունենալու իշխանության փոխանցում, ապա երկու դեպքում էլ Սերժ Սարգսյանը որոշել է «թոշակի» ուղարկել ՀՀԿ այսօրվա վերնախավին, որովհետև մրցակցության թեկուզ իմիտացիայի դեպքում Հանրապետական «ծերակույտը» կմնա դրա փլատակների տակ: Էլ չենք խոսում Կարեն Կարապետյանի վարչապետության հեռանկարի մասին, որի համար ՀՀԿ-ն «հին ոգի» է՝ ինչպես պաշտոններից հեռացված Հովիկ Աբրահամյանը կամ Սուրիկ Խաչատրյանը:

Կմնա Սերժ Սարգսյանը, թե կգա Կարեն Կարապետյանը՝ 2018-ի առաջին «զոհը» դառնալու է ՀՀԿ այսօրվա վերնախավը, որն, առաջին հերթին, չի հասկացել, որ «դինոզավրային» իր կերպարով չի կարող տեղավորվել կառավարման նոր մոդելում, որովհետև բազմավեկտոր իշխանության կառուցվածքին խորթ է «պոլիտբյուրոյի» առկայությունը:

Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան հակադրություն, եթե այն չկա էլ, ՀՀԿ վերնախավում այն պետք է մոգոնեն, պետք է համոզեն Սերժ Սարգսյանին «դասակարգային պայքար» մղել Կարեն Կարապետյանի դեմ, որովհետև կուսակցության այսօրվա ղեկավարությունը կարող է ռեաբիլիտացվել միայն այդ «հաղթական ճակատամարտում»: Սերժ Սարգսյանը գուցե գնա դրան, սակայն հետո պետք է մտածի, թե ինչպես է «կերակրելու» նոր ախորժակ ունեցող կուսակցական «դինոզավրին»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20