serzh-sargsyan

Երևանում մեկնարկել է Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովը, որի մեկնարկային ելույթում Սերժ Սարգսյանն արել է երկու ուշագրավ հայտարարություն՝ «մեր ուժը մեր բազմակարծության մեջ է», և այն, որ պետք է վերանայել հայկական Սփյուռքի «փափուկ ուժի» գործունեության բովանդակությունը կամ վեկտորը:

Նախ՝ «բազմակարծության մեջ ուժ» տեսնող իշխանությունը, իր այդ հռչակագրի արդարացիությամբ և անհրաժեշտությամբ հանդերձ, Հայաստան-Սփյուռք համաժողովին չի հրավիրում խորհրդարանի չորս խմբակցություններից մեկին՝ «Ելք»-ին: Սա, իհարկե, Սերժ Սարգսյանի «բազմակարծության» գնահատման հիանալի օրինակ է, օրինակ, որը խոսում է ոչ թե բազմակարծությունն ուժ դիտարկելու, այլ բազմակարծության դեմ ուժի մասին: Այստեղ մեկնաբանությունը, ինչպես ասում են, ավելորդ է, թեև մեծ հաշվով Հայաստանի հանրության ու սփյուռքահայության շրջանում երբեք պատրանք չի էլ եղել, որ Հայաստանի իշխանությունն իսկապես կարող է տուրք տալ բազմակարծությանը:

Բանն այն է, որ բազմակարծության հանդեպ իրական հանդուրժողությունն ու այն իրական, լիարժեք ուժ դիտարկելու գիտակցությունը ենթադրում է մի կարևոր նշաձող՝ քաղաքական ազատ մրցակցություն  և դրա շնորհիվ իշխանափոխության հնարավորություն: Այսինքն՝ բազմակարծությունն ուժ դիտարկող իշխանությունը պետք է լինի պատրաստ այդ բազմակարծության արդյունքում զիջելու իր տեղը որևէ ընդդիմության: Հայաստանի իշխանությունը պատրաստ է, թե ոչ՝ հարցը թերևս հռետորական է:

Այդ համատեքստում, խոսելով բազմակարծության ուժի մասին, Սերժ Սարգսյանն ըստ ամենայնի ավելի շուտ ակնարկում է ինչ-որ հեռանկար, որտեղ նա սպասում է բավական մեծ դժգոհություն նաև Սփյուռքից: Ինչի՞ հետ է կապված այդ հեռանկարը՝ ներքին իշխանական վերադասավորումների՞, իշխանության խնդրի՞, նախագահի պաշտոնից հետո իշխանությունը որևէ ձևով պահելը շարունակելու նրա մտադրությա՞ն, թե՞ արտաքին քաղաքական որևէ որոշման՝ առայժմ պարզ չէ, բայց «ներուժ» կամ բոլոր ուղղություններով: Ըստ այդմ, բազմակարծությունն ուժ համարելու մասին իր հայտարարությամբ Սերժ Սարգսյանը գուցե թե պատրաստվում է Սփյուռքի որևէ խոշոր դիմադրության:

Մյուս կարևոր հայտարարությունը՝ սփյուռքահայության «փափուկ ուժի» պարագան, խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը փորձելու է նաև Սփյուռքը դիտարկել արդեն որևէ բանին իր դիմադրության գործիք: Ավելի կո՞շտ, թե՞ փափուկ գործիք՝ դա էլ առայժմ պարզ չէ: Մասնավորապես, Սերժ Սարգսյանը խոսում է այն մասին, որ պետք է վերանայվի, նոր ժամանակներին համապատասխանեցվի սփյուռքահայ համայնքների օրակարգը այն պետությունների հետ, որում գտնվում են դրանք: Ինչո՞վ է ցանկանում այդ օրակարգը լցնել, լրացնել Սերժ Սարգսյանը՝ դարձյալ անորոշ է: Խոսքը Թուրքիայի՞ հանդեպ քաղաքականության մասին է, թե՞ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական անցուդարձին՝ դարձյալ, և նպատակ ունի լուծելու այդ հարցերում Սերժ Սարգսյանի միջազգային լեգիտիմության խնդիրնե՞րը: Թե՞ խոսքը Ղարաբաղյան խնդրի մասին է, երբ հայկական Սփյուռքի գործոնը Ցեղասպանության ճանաչման հետապնդման առանցքից պետք է տեղափոխվի Արցախի միջազգային ճանաչման առանցք: Սերժ Սարգսյանն այդ առումով չի կոնկրետանում, համենայնդեպս՝ առայժմ:

Դա նշանակում է, որ նա ինքն է՞լ չի պատկերացնում, թե ինչ ուղղությամբ կամ բովանդակությամբ պետք է վերանայվի Սփյուռքի «փափուկ ուժը», թե՞ պատկերացնում է, այն էլ մի քանի տարբերակներով, բայց դեռևս ձեռնպահ է մնում բարձրաձայնելուց, քանի դեռ հստակ չէ, թե իր քաղաքական պլանների համատեքստում հատկապես որ տարբերակի ուղղությամբ վերանայումը կլինի առավել անհրաժեշտ:

Spread the love