Վրացական լարին փոխարժեքի հակառեկորդ է սահմանել

- in Տնտեսական
198
Georgia

Վրաստանի ազգային արժույթ լարիի փոխարժեքի կտրուկ անկումը թեթև խուճապ է առաջացրել բնակչության շրջանում և գների բարձրացումը դեռևս տարածվում է միայն սննդամթերքի շուկաների վրա։

Իշխանությունները բնակիչներին հանգստության կոչ են արել՝ անվանելով լարիի էժանացումը ժամանակավոր։ Ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը դիլետանտության մեջ, որի հետևանք է դարձել արժեզրկման նոր ալիքը, հայտնում է «Նեզավիսիմայա գազետա»-ն։

Լարին սկսել էր դանդաղ էժանանալ դեռևս օգոստոսին։ Եվ դա տարօրինակ էր, քանի որ զբոսաշրջային սեզոնի թեժ պահին մեծանում է օտարերկրյա արժույթի հոսքը, ազգայինը պետք է ամրանա։ Նախորդ տարիներին այդպես էր։ Համենայն դեպս, փոխարժեքի տատանումն աննշան էր, և բնակչությունն ուշադրություն չէր դարձնում փոխանակման կետերի թվերին։

Սակայն սեպտեմբերի սկզբին անկումն արագացել է։ Չորեքշաբթի գրանցվել է հակառեկորդ՝ որոշ փոխանակման կետերում 1 եվրոն արժեցել է 3 լարի։

Ազգային բանկը երեկ խոստովանել էր, որ օգոստոսի 22-ից լարին արժեզրկվել է 4.2 տոկոսով։

Բյուջետային և ֆինանսական հարցերով խորհրդարանական կոմիտեի նախագահ Իրակլի Կովզանաձեն հեռուստաեթերում վստահեցրել է, որ կտրուկ արժեզրկման համար մակրոտնտեսական հիմքեր չկան․ «Մեզ մոտ լողացող արժութային փոխարժեք է, այդ իսկ պատճառով շարժ կարող է լինել երկու ուղղություններով էլ»։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20