Տոնական օրվա տակը դատարկ է, խնդիրն էլի «էլիտայում» է

- in Կեղտոտ լվացք
Mishik

Հայաստան-Սփյուռք համաժողովի երկու օրերին հնչած աղմկոտ կենացներն այսօր սահուն կշարունակվեն Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ, երբ Հայաստանի անկախության հաշվին ապրող մի ամբողջ «աստղաբույլ» կսկսի Հայաստանի անկախությունը իրապես և անմռունչ կերտող շարքային քաղաքացիներին պաթետիկ տոնայնությամբ բացատրել, թե ինչ կարևոր բան է անկախությունը:

Այդպես է գործնականում ամեն տարի, և եթե հանենք այդ կենացները սեպտեմբերի 21-ից, ապա կարող է պարզվել, որ տոնական օրվա տակը դատարկ է, որովհետև անկախությունը 26 տարի անց էլ չի վերածվել գործնական առօրյայի: Եթե մենք 26 տարի անց կարիք ենք զգում տոնական օրը լցնել պաթետիկ ճառերով, անգամ եթե դրանք ունեն ֆեյսբուքյան գրառումների տեսք, ապա դա միմիայն նշանակում է, որ անկախությունը մենք չենք կարողացել լցնել պետությամբ կամ պետությունը չենք կարողացել լցնել անկախությամբ: Հակառակ դեպքում, մենք կարիք չէինք ունենա սեպտեմբերի 21-երը լցնել ավելորդ պաթոսով՝ կլցնեինք անկեղծ ուրախությամբ, ոգևորությամբ, անկախությունն անմիջականորեն ամեն երկու րոպեն մեկ կամ ամեն ժամը մեկ չհիշող, բայց անկախության տոնի առիթով կենսուրախ տրամադրությամբ:

Սեպտեմբերի 21-ն անկասկած հայկական տոնացույցի ամենանվիրական օրերից մեկն է, եթե ոչ ամենանվիրականը: Եվ մենք, թերևս, հարկ էլ չենք համարում 26 տարի այս երկրում ապրող հանրությանը բացատրել, թե ինչ է անկախությունը: Անկախության արժեքը, գինը պետք է իմանա առաջին հերթին ոչ թե հանրությունը, այլ, այսպես ասած, «էլիտան», որ տնօրինում է կառավարման լծակները, որ առաջնորդում է պետությունն այս կամ այն ուղղությամբ:

Հանրությունն իր քայլն արել է՝ հանրությունը 26 տարի առաջ անկախությանն ասել է այո, իսկ ովքեր համարում են, որ այդ այո-ն եղել է ընդամենը այնքան էլ չգիտակցված իներցիա, ռոմանտիզմ և այլն, իրենց այդ կարծիքի, այսպես ասած, պատասխանը ստացել են ապրիլյան պատերազմին, երբ հանրությունը գրեթե նույն միահամուռությամբ և հաստատակամությամբ անկախության առաջին այո-ից քառորդ դար անց մեկ մարդու պես վերստին ասաց այդ այո-ն՝ հայկական զինված ուժերին ցուցաբերված անմնացորդ, ակնթարթային, գրեթե համապետական աջակցությամբ:

Իրականում ապրիլյան պատերազմը Հայաստանի անկախության հանրաքվեի վերհաստատումն էր՝ ցավալիորեն ծանր կորուստներով: Միաժամանակ այդ պատերազմը ցույց տվեց, որ անկախության իրական գինը, արժեքը, նշանակությունը գիտակցում է հասարակությունը, շարքային քաղաքացին, զինվորը, սպան, և եթե կա անկախության նշանակության ու արժեքի գիտակցման խնդիր, ապա այդ խնդիրը էլի ու էլի «էլիտայում» է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20