Քաղաքական միավորներից ով է լինելու Սերժ Սարգսյանի պլանների աջակիցը

- in Հրապարակ
270
serzh-sargsyan

Քաղաքական, այսպես ասած, նոր աշնան հիմնական թրենդը անկասկած լինելու է 2018 թվականի վարչապետի հարցը. դա, իհարկե, կասկած չի հարուցում:

Աշնան ընթացքում կսկսեն նշմարվել տարբեր դիրքորոշումները այդ հարցին ընդառաջ, ինչը կարելի է պայմանականորեն բնորոշել հետևյալ կերպ՝ պարզ կլինի, թե քաղաքական միավորներից ով է լինելու Սերժ Սարգսյանի պլանների աջակիցը, իսկ ով՝ ոչ: Ընդ որում, «ոչ»-ը տվյալ դեպքում ինքնաբերաբար չի նշանակում, որ կլինեն Կարեն Կարապետյանի կամ Սամվել Կարապետյանի պլանների աջակից:

Մյուս կողմից՝ իհարկե, այս բաժանումն էլ հարաբերական է, որովհետև դժվար է ասել, թե քաղաքական ուժը երբ է ավելի աջակցում, ասենք, Սերժ Սարգսյանին, երբ հանդես է գալիս նրա վարչապետության հեռանկարին կողմ կամ դեմ: Որովհետև Սարգսյանն իր պլանները չի էլ հստակեցրել: Իսկ գուցե նրա պլանը Կարեն Կարապետյանին մի քիչ էլ վարչապետ թողնելն է: Կամ՝ կամայական որևէ այլ վարկած:

Բայց տվյալ պարագայում խնդիրն այն է, որ աջակցել, թե ոչ դիլեման ենթադրում է ոչ թե կոնկրետ որևէ վարկածի աջակցություն, այլ ընդհանրապես՝ քաղաքական ուժեր, որոնք պատրաստ են լինել Սերժ Սարգսյանի խաղընկերը՝ անկախ որևէ վարկածից, և ուժեր, որոնք պատրաստ չեն կամ ունեն շատ ավելի կարծր պայմաններ: Ընդ որում, այդ թեկուզ պայմանական բաժանումը խոշոր հաշվով անխուսափելի է, անգամ տվյալ ուժերի կամքից անկախ, քանի որ առ այսօր ակնհայտ է, որ բացի վարչապետի խնդրի ներիշխանական օրակարգից՝ որևէ այլ օրակարգ ձևավորելու և աշնանը իշխանությանն, այսպես ասած, մրցակցային օրակարգի հայտ ներկայացնելու պատրաստ ուժ չգտնվեց, և բոլորը «սիրահոժար» տեղավորվեցին իշխանական օրակարգի համատեքստում: Իսկ դա նշանակում է, որ նրանց համար չկա այլընտրանք, և անկախ իրենց կամքից՝ տվյալ օրակարգի շրջանակում նրանք կամ խաղալու են հօգուտ Սերժ Սարգսյանի, կամ նրա դեմ: Այլ խաղ, դժբախտաբար, չկա: Կամ՝ կա, սակայն այլ խաղն էլ խաղում է Սերժ Սարգսյանը՝ արդեն արտաքին կենտրոնների հետ:

Դրա դրվագներից մեկն էր ՆԱՏՕ-ի զորավարժությանը չմասնակցելու որոշումն էր, որը ընդունվեց վերջին պահին: Ավելի վաղ Սերժ Սարգսյանը միաժամանակ թե՛ ներքին ուժերի, թե՛ Արևմուտքի հետ էր խաղում՝ ներկայացնելով քաղաքականության մեջ կոմպրոմիսի իր «պաշտամունքը»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20