Քաղաքական ուժերը չեն կարողանում հաղթահարել արձակուրդային բարդույթը

- in Հրապարակ
284
Xorenatsi, cuyc

Աշունն աննկատ մոտեցավ, սակայն քաղաքական ուժերը չեն կարողանում հաղթահարել արձակուրդային բարդույթը, որովհետև չկա ձևակերպված քաղաքական օրակարգ:

Իշխանության մոտ վիճակը քիչ թե շատ հստակ է, որովհետև հասարակությունը չեզոքացված է,  ընդդիմությունն, ըստ էության` ոչնչացված, և նոր իշխանության հարցն որոշվելու է սահմանափակ թվով մարդկանց շրջանակում` Սերժ Սարգսյանի որոշիչ կարծիքով: Սա, իհարկե,  ամենևին չի նշանակում,  թե գործ ունենք քաղաքական գործընթացի հետ,  որովհետև այն, ինչ կատարվում է իշխանության կուլիսներում` սովորական կլանային առևտուր է, որի ավարտին ունենալու ենք քրեա-օլիգարխիկ ստատուս-քվոյի աննշան խմբագրումներ: Սակայն շատ ավելի քաոտիկ վիճակ է ընդդիմադիր դաշտում,  որտեղ հրապարկային խոսքն ավելի շատ է,  բայց զուրկ է բովանդակային բաղկացուցիչից:

Ընդդիմությունը կենտրոնացել է 2018-ի ապրիլի վրա` ակամայից թողնելով ոչ ադեկվատ ուժի տպավորություն,  որն անտեսում է խորհրդարանական կառավարմանն անցնելու հանգամանքը: Բանն այն է, որ 2018-ի ապրիլի ճակատամարտն ընդդիմությունն արդեն տանուլ է տվել ապրիլի խորհրդարանական ընտրություններում, իսկ նոր ընտրությունների հնարավորություն երկրում պարզապես չկա:

Ընդդիմադիր որևէ ուժ չունի ֆորս-մաժորային իրավիճակ հասունացելու ռեսուրս և այդ փաստը հրապարակավ խոստովանվում է թե խորհրդարանական «Ելքի» և թե արտախորհրդարանական «Ժառանգության» և ՀԱԿ-ի գործիչների բազմաթիվ հարցազրույցներում: Այս իրավիճակում ընդդիմությունն, ըստ էության, ունի երկու ճանապարհ:

Մեկի մասին ամենաձևակերպվածը խոսել է «Ժառանգություն»  կուսակցությունը, որը հունիսին կայացած իր համագումարի ժամանակ հստակ սահմանել էր, իսկ օրերս էլ վերահաստատել, որ իրենց առաջիկա օրակարգը լինելու է Սերժ Սարգսյանին թույլ չտալ դառնալ վարչապետ: Սա ընդդիմադիր ուղերձ չէ,  որովհետև, անկախ արտաքին գրավչությունից,  ենթադրում է` մանրադրամի կարգավիճակով մասնակից դառնալ ներհամակարգային բազարներին, «թավշյա հեղափոխություն» կոչվածը տեղափոխել պալատական խարդավանքների հարթություն` վերածելով «թավշյա հեշաշրջման»,  որի միակ նպատակը Սերժ Սարգսյանին Կարեն Կարապետյանով փոխարինելն է` առանց համակարգի փոփոխության և քաղաքականության վերանայման: «Ժառանգությունը» միայնակ կմնա իր այս նախաձեռնության մեջ, թե նրան կաջակցեն խորհրդարանական կամ այլ ընդդիմադիրներ` սա ընդդիմության սահմանափակ ռեսուրսը մսխելու, նրա հեռանկարը երկարաժամկետ կտրվածքով ոչնչացնելու ամենակարճ ճանապարհն է:

2018-ը իշխանության օրակարգն է, իսկ ընդդիմությունից հասարակությունն ակնկալում է ինստիտուցիոնալ այլընտրանքի ձևավորում, ինչը ենթադրում է իշխանությունից տարբերվող զարգացման մոդելի առկայություն` արտաքին և ներքին քաղաքականության շեշտադրումներով, կազմակերպչական ցանցային կենսունակ կառույցի առկայություն, կադրային բանկի և ստվերային կառավարության մեխանիզմների ձևավորում:

Այլընտրանքի ձևավորումը պետք է սկսել հենց այսօր` թիրախ ունենալով 2022-ը, որովհետև դա ռազմավարական տարեթիվ է նաև Սերժ Սարգսյանի համար: Երբ ասում ենք ընդդիմությունը չունի օրակարգ, նկատի ունենք հենց այլընտրանքին միտված քայլերի բացակայությունը:

Չնայած 2018-ի ապրիլից համակարգը ֆորմալ առումով դադարելու է անձնակենտրոն լինելուց, սակայն մեր իշխանության և ընդդիմության քաղաքական դիսկուրսն առայժմ ծավալվում է մեկ անձի` Սերժ Սարգսյանի առանցքի շուրջ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20