Քրեականը Հայաստանում քաղաքականության գործիքն է

- in Վերլուծական
113
Vova Gasparyan

Ոստիկանապետ Վովա Գասպարյանը սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում խախտեց լռությունը, որ պահպանում էր հայաստանյան լրահոսում մեկը մյուսի հետևից տարատեսակ հրազենային միջադեպերի, քրեական «ռազբորկաների», սպանությունների ալիքի ֆոնին:

Վովա Գասպարյանը հայտարարել է, որ հանցագործությունների աճ չկա, իսկ «օրենքով գողերը» իրենց պահում են «խելոք գառան» նման:

Ոստիկանապետի հայտարարությունն արժե դիտարկել երկու հանգամանքի, երկու զուգահեռի կտրվածքով: Նախ՝ այն, որ Գասպարյանը փաստորեն ընդունում է Հայաստանում «օրենքով գողերի» առկայությունը և արձանագրում, որ նրանք իրենց խելոք են պահում: Այսինքն՝ նա չի ասում, որ Հայաստանում չկան «օրենքով գողեր», և որ ոստիկանությունը պարզապես չի ճանաչում այդպիսի «ինստիտուտի» կամ շերտի գոյություն, և չի կարող թույլ տալ, հանդուրժել նման բան: Վովա Գասպարյանը փաստացի «ճանաչում» է այդ ինստիտուտը, պարզապես արձանագրում է վարքի որոշակի նորմերի վերահսկողության և ըստ էության կառավարման փաստը:

Սա, իհարկե, հայաստանյան իրականության մեջ ամենևին զարմանալի բան չէ, պարզապես հատկանշական է, որ ոստիկանությունը ամենաբարձր մակարդակով գործնականում հանդուրժողության գոնե նվազագույն մակարդակ է ցուցաբերում այդպիսի երևույթի հանդեպ: Մյուս կողմից՝ այստեղ երևի թե հատվում են երկու զուգահեռները, և սկսվում է մյուսը՝ քաղաքականը: Իսկ Հայաստանում նորություն չէ նաև քրեականի և քաղաքականի սերտաճումը: Քրեականը Հայաստանում քաղաքականության գործիքն է, և երևի թե նաև հակառակը՝ քաղաքականն էլ գործիք է դարձել քրեականի ձեռքին:

Եվ այդ իմաստով ոստիկանապետը մի կողմից՝ գիտակցում է, որ երկար լուռ մնալու դեպքում արդեն ոչ թե շահեկան դադար է վերցնում, այլ սկսում է կորցնել, այսպես ասած, վստահելիության և հուսալիության առումով: Եվ խնդիրը այստեղ ոչ միայն հանրային ընկալման հարցն է, այլ նաև համակարգային ընկալման, ինչը շատ կարևոր է ապագա ներիշխանական վերադասավորումներում:

Վովա Գասպարյանն ըստ երևույթին լռությունը խախտում է հենց այդ ուղղությամբ ազդակներ հաղորդելու համար և միևնույն ժամանակ կարծես թե չի փորձում մտնել քրեականի դեմ իրեն, այսպես ասած, պետք չեղած պատերազմի մեջ: Ավելին՝ նա գործնականում անուղղակիորեն առաջարկում է, այսպես ասած, հարաբերության կամ համակեցության որոշակի կանոնակարգ՝ քրեականները իրենց «խելոք են պահում», ոստիկանությունն էլ ճանաչում է նրանց գոյության «իրավունքը»՝ հատկապես, որ այդ հանգամանքը կարող է «ծանրացնել» ոստիկանապետի նժարը քաղաքական կամ, ավելի շուտ, ներիշխանական առաջիկա վերադասավորումներում, կամ արդեն իսկ ընթացող և աստիճանաբար թափ հավաքող վերադասավորումներում և ուժերի հարաբերակցության փոփոխություններում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20