2009-ի թուղթը կա, պետք է 2017 թ. մաքուր թուղթ հանենք, որ նորից երկխոսություն սկսենք

Garo Palyan

2009-ի թուղթը կա, պետք է 2017 թ. մաքուր թուղթ հանենք, որ նորից երկխոսություն սկսենք, գիտեմ, որ դա շատ դժվար է, որովհետև թուրքերի մեջ ազգայնական մտածողությունն ուժեղ է, և պայմանները հիմա լավ չեն, բայց այս տեսակ հարաբերություններում անգամ երկխոսություն է պետք:

Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում՝ անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև 2009թ. Ցյուրիխում ստորագրած արձանագրություններին: Փայլանի այս հայտարարությունը բխում է ռեալ պոլիտիկի տրամաբանությունից` թեև ինքնին հասկանալի է, որ այս գաղափարը Հայաստանում հիմա պոպուլյար չէ` հատկապես ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանի վերջին ելույթից հետո, որտեղ Հայաստանի նախագահը, ըստ էության, սպառնաց 2018-ի գարնանը չեղարկել հայ-թուրքական արձանագրությունները: Շախմատային լեզվով ասած` Սարգսյանը «շախ» հայտարարեց Թուրքիային, բայց նաև` միջազգային հանրությանը, սակայն իմաստուն խաղին քաջածանոթ մարդիկ գիտեն, որ յուրաքանչյուր «շախ» չէ, որ անխուսափելի հանգեցնում է «մատի»: Սերժ Սարգսյանի ելույթը հենց այդ դեպքերից է և նույնիսկ այնպիսի տպավորություն է, որ նախագահը նման բարձր ամբիոնից առանցքային այս հայտարարությունը հնչեցրել է ներքին լսարանի համար` այն ծառայեցնելով ներհամակարգային պայքարի տրամաբանությանը: Եթե նույնիսկ այդպես չէ, պաշտոնական Երևանի համար խիստ մտահոգիչ պետք է լինի այն հանգամանքը, որ Սարգսյանի ելույթը, ըստ էության, չարժանացավ միջազգային լուրջ արձագանքի: Ուրեմն` առնվազն կարելի է ենթադրել, որ կամ Սերժ Սարգսյանը սխալ էր ընտրել նման հայտարարության ժամանակը, կամ էլ` առնվազն ոչ ադեկվատ է մատուցվել Երևանի դիրքորոշումը հայ-թուրքական ճգնաժամի և դրա հանգուցալուծման վերաբերյալ: Չնայած` հանուն անկեղծության, Սարգսյանի ասածը նույնիսկ լուծում չէր, այլ վերջնագիր, ըստ էության` մեռած գործընթացը թաղելու մասին:

Բարեբախտաբար, Փայլանը եզակի չէ հայ-թուրքական երկխոսության անհրաժեշտությունը պնդելու հարցում, մանավանդ, որ այն կարող է մեկնարկել, այսպես կոչված, մաքուր էջից, եթե նույնիսկ կողմերը կամ նրանցից մեկը համարում են, որ Ցյուրիխի գործընթացն իրեն սպառել է:

Գուցե իսկապես Էրդողանը կոնստրուկտիվ գործընկեր չէ ու նրա հետ դժվար է բանակցելը: Դա իսկապես այդպես է, սակայն նույնիսկ այդ դեպքում հայկական դիվանագիտության ռացիոնալ նախաձեռնությունն անհրաժեշտություն է, որովհետև Էրդողանը դեռ ամբողջ Թուրքիան չէ, և նույնիսկ սահմանադրական հանրաքվեի «խմբագրված» արդյունքները ցույց տվեցին, որ հարևան երկրում հասարակության առնվազն կեսը արևմտյան կողմնորոշում ունի, և Երևանի հնարավոր նախաձեռնությունը Թուրքիայում ձևավորելու է բարենպաստ հանրային, քաղաքական ֆոն` առնվազն առաջադեմ քաղաքային բնակչության շրջանում:

Անկարան դեստրուկտիվ մոտեցում ունի ԼՂ հարցում, ինչի վկայությունը հենց երեկ այդ երկրի պաշտպանության նախարարի ամբարտավան հայտարարություններն էին Բաքվում: Սակայն չկա որևէ երաշխիք, որ հայ-թուրքական դիվանագիտական առճակատումն ավելի չի կարծրացնի Անկարայի ղարաբաղյան քաղաքականությունը:

Անկարան և Բաքուն ունեն նաև բնական, նույնիսկ անհաղթահարելի հակասություններ, օրինակ` էներգետիկ քաղաքականության հարցերում, և Երևանի խնդիրն է գտնել, առաջարկել հայ- թուրքական երկխոսության այն օրակարգը, որի վրա, ըստ էության, զրոյական կարող է լինել Ադրբեջանի ազդեցությունը: Մենք արդեն գրել ենք, որ այդպիսի հարց կարող է դառնալ քրդական հանրաքվեն կամ հարցը: Եթե նման օրակարգով հայ-թուրքական երկխոսությունը կայանա, այն էապես ազդելու է նաև ԼՂ հարցում Անկարայի դիրքորոշման վրա` այն դարձնելով ավելի կառուցողական, որովհետև քրդական հարցը Թուրքիայի համար կենսական նշանակություն ունի:

Հայկական դիվանագիտությունը պարտավոր է հաշվի առնել մի քանի օբյեկտիվ հանգամանքներ: Դատելով մի քանի նշանային իրադարձություններից` ԱՄՆ-ը գոնե ժամանակավորապես հեռանում է մեր տարածաշրջանից: Այդ վակուումը լրացվելու է ռուս-թուրքական համաձայնություններով և թերևս նաև դա է եղել Էրդողանի ու Պուտինի երեկվա զրույցի թեմաներից կամ տողատակերից մեկը: Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանն ու Արցախը հերթական անգամ չդառնան ռուս-թուրքական սակարկության օբյեկտ: Նման հեռանկարը կանխելու համար Հայաստանը պետք է մեծացնի իր սուբյեկտությունը, որի բանալիներից մեկը հայ-թուրքական երկխոսությունն է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20