«4-միլիոնանոց Հայաստանի» թեզը, ըստ ամենայնի, Սարգսյանի համար դարձել է իդեա ֆիքս

- in Կեղտոտ լվացք
111
Serj Sargsyan

Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովում Սերժ Սարգսյանի ելույթը ծավալուն էր, բայց, ըստ էության, զուրկ էր ծրագրային բաղկացուցիչից:

Սա այն ելույթներից է, որոնք որևէ նստվածք չեն թողնում մարդու գիտակցության մեջ, և արդեն հաջորդ պահին նույնիսկ դժվարանում ես առանձնացնել լսածդ կամ կարդացածդ խոսքի մի քանի առանցքային դրույթները: Համոզված ենք, որ Մարզահամերգային համալիրի մեծ լսարանի առջև այսօր հնչած ելույթից երկար հիշվելու է միայն «չորսմիլիոնանոց Հայաստանի» թեզը:

Երբ մայիս ամսին Սերժ Սարգսյանն այս մասին առաջին անգամ խոսեց Ազգային ժողովում, տպավորությունը երկակի էր: Ամենաբանական վարկածն այն էր, որ նախագահի շրջապատում ինչ-որ մեկն «արջի ծառայություն» է մատուցել նրան, որովհետև անմիջապես հնչեցին մասնագիտական գնահատականներ, որ Սարգսյանի բերած թիվը, մեղմ ասած, անիրական է ու նույնիսկ քննարկման անհրաժեշտություն չունի: Մասնագիտական հոռետեսական գնահատականները որևէ կերպ պետական արձագանքի չարժանացան` մտածելու տեղիք տալով, որ Բաղրամյան 26-ում գիտակցել են ասվածի անհեթեթությունը և լռությամբ փորձում եմ մոռացության մատնել խնդիրը:

Անկեղծորեն կարելի էր մտածել նաև, որ «չորս միլիոնի» թեզով Սերժ Սարգսյանը նսեմացնում է խորհրդարանական ինստիտուտը` այն իմաստով, որ պատգամավորական այդ լսարանին կարելի է հրապուրել միայն գեղեցիկ հեքիաթներով, մանավանդ որ, խորհրդարանն այնքան ապաքաղաքական գտնվեց, որ մարսեց քաղաքականության հետ կապ չունեցող մանկաբույժի՝ ԱԺ նախագահ դառնալու փաստը:

Սակայն «4-միլիոնանոց Հայաստանի» թեզը, ըստ ամենայնի, Սարգսյանի համար դարձել է իդեա ֆիքս, նոր գաղափարախոսություն: Այսօր նախագահն այս թեզը դարձրել է առանցքայինը Հայաստան-Սփյուռք համաժողովի իր ելույթում, ընդ որում` շեշտը դնելով այն գաղափարի վրա, որ անհրաժեշտ է խրախուսել սփյուռքահայերի ներգաղթը: «Մենք հայտարարել ենք, որ մեր նպատակն է, որպեսզի Հայաստանը 2040 թվականին ունենա առնվազն 4 միլիոն բնակիչ: Ակնհայտ է, որ միայն ծնելիության մակարդակի ավելացման, մարդկանց կյանքի տևողության երկարացման և ժողովրդագրական պատկերը բարելավող մյուս քայլերով մենք այդ նպատակին դժվարությամբ կհասնենք՝ չնայած այդ ուղղություններով հաստատակամորեն առաջ ենք գնալու։ Հետևաբար, նպատակադրումը ենթադրում է գալիք 25 տարիների ընթացքում դեպի Հայաստան ներգաղթի լուրջ ցուցանիշների ձեռքբերում։ Հենց այս խնդրի իրականացումն է դառնալու, իմ կարծիքով, գալիք մի քանի Հայաստան-Սփյուռք համաժողովների քննարկման հիմնական թեման»,-ասել է Սարգսյանը:

Ելույթի մակարդակում ամեն ինչ շատ գեղեցիկ է հնչում, սակայն իրական կյանքում պարզ չէ, թե ինչպե՞ս Սերժ Սարգսյանը պետք է խրախուսի հարյուրհազարավոր սփյուռքահայերի վերադարձը Հայաստան, եթե իր կառավարման տարիներին երկիրը լքել է 250,000 մարդ: Այլ խոսքով` ինչքանո՞վ է իրատեսական, որ մի իշխանություն կարող է խթանել ներգաղթը, երբ ասոցացվում է արտագաղթի հետ:

Ավելի գլոբալ իմաստով` ժողովրդագրական խնդիրը շատ լուրջ քննարկման կարիք ունի, սակայն ոչ թե Հայաստան-Սփյուռք ձևաչափում, այլ Հայաստանի ներսում, որովհետև մարդիկ երկրից հեռանում են անարդարության, աղքատության, կոռուպցիայի, ապագայի տեսլական չունենալու հետևանքով, որոնք բոլորն իշխանության անարդյունավետ, նույնիսկ հանցավոր կառավարման հետևանք են: Եթե արմատապես չվերնայվի կառավարման փիլիսոփայությունը, մարդիկ շարունակելու են հեռանալ, իսկ Հայաստան վերադառնալու մասին չի մտածի անգամ ամենահայրենասեր հայը, որովհետև մարդը հաստատվում է այնտեղ, որտեղ իրացման հնարավորություն ունի:

Եթե չունենանք նոր որակի պետություն, ժողովրդագրական պատկերը մնալու է աղետալի, եթե նույնիսկ այդ թեմային նվիրվի ոչ թե մեկ, երկու, այլ տասը համաժողով: Այսօրվա իրականության ֆոնին «4-միլիոնանոց Հայաստանի» թեզը նման է հեքիաթի` հատկապես Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին երկիրը լքած 250,000 քաղաքացիների ֆոնին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20