Θ Բացահայտվել է «Կոնվերսբանկ»-ում կատարված ավազակային հարձակումը. կան ձերբակալվածներ

- in Տեսանյութեր
100
Vostikan

Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է:

Ձերբակալվել են Երևանի բնակիչներ, 1988 թ. ծնված Դավիթ Գրիգորյանը, 1987 թ. ծնված Արսեն Գրիգորյանը և 1983 թ. ծնված Մարատ Գալստյանը:

Աշտարակի բնակիչ, 1988 թ. ծնված Պյոտր Ցիգանովը ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով որոնվում է: Ինչպես տեղեկացրին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Դավիթ Գրիգորյանը բերման է ենթարկվել դեպքից հինգ օր անց, մայրաքաղաքի Չեխովի փողոցից:

Արսեն Գրիգորյանն ու Մարատ Գալստյանը բերման են ենթարկվել հաջորդ օրը Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից:
Հոկտեմբերի 15-ին Մարատ Գալստյանի տանը և օժանդակ շինություններում խուզարկությամբ հայտնաբերվել են գործարանային համարով «ՏՕԶ» տիպի հրացան և «ԱԿ» ինքնաձիգի նմանվող, առանց գործարանային համարի հրազեն:
Քննվող գործի շրջանակներում դարձյալ հոկտեմբերի 15-ին խուզարկվել են նաև Երևանի բնակիչ, 1979 թ. ծնված Աշոտ Մանուկյանի բնակարանն ու օժանդակ շինությունները: Հայտնաբերվել է կանեփանման զանգված, «ԱԿ» տիպի ինքնաձիգ՝ երկու լիցքավորված պահունակներով, «Ֆորտունա» գրառումով ատրճանակ՝ լիցքավորված պահունակով, տարբեր տրամաչափի հիսուն փամփուշտ, էլեկտրահարող սարք, ինքնաձիգի խլացուցիչ, ավտոմեքենայի պետհամարանիշեր, որոնք, ինչպես պարզվել է, սեպտեմբերի 29-ին գողացվել էին Մաշտոցի վարչական տարածքից:
Աշոտ Մանուկյանը ևս ձերբակալվել է:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքնության:

Ձեռնարկվում են միջոցառումներ Պյոտր Ցիգանովին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարոնակվում է:

Պյոտր Ցիգանովի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը հորդորում է զանգահարել 1-02 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Տեղեկատվություն տրամադրողի գաղտնիությունը երաշխավորվում է:

Հոկտեմբերի 9-ին անհայտ անձը, գրությամբ սպառնալով «Կոնվերսբանկ» ՓԲԸ «Սայաթ-Նովա» մասնաճյուղի կառավարչին, հափշտակել էր 200 հազար դոլարին համարժեք գումար ու դիմել փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20