Ալիևն այլևս չի՞ կրակելու: Ո՞վ է դա երաշխավորել, ինչ մակարդակում

- in Հրապարակ
46
zinvor

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, թե Երևանը վերադառնում է բանակցային սեղան, անկասկած առաջացնում է հարց պաշտոնական Երևանի հասցեին:

Հարցն առաջանում է ոչ թե ինքնին հայտարարությամբ, այլ այն պատճառով, որ Երևանը մինչ այդ հայտարարել է, որ բանակցությունն իմաստ ունի, եթե կա հստակ երաշխիք և վերահսկողություն սահմանային կայունության մասով: Սերժ Սարգսյանն է հայտարարել, որ Ալիևի հետ հանդիպումն իմաստավորված է, եթե հանդիպմանը զուգահեռ չեն լինելու կրակոց ու սպանություն սահմանում, եթե Ադրբեջանի նախագահը մի ձեռքով բանակցելով, մյուսով չի սրելու իրավիճակը շփման գծում: Իսկ Ադրբեջանը, ինչպես հայտնի է, մշտապես կիրառել է այդ երկու զուգահեռը՝ իրավիճակի սրումը դարձնելով այսպես ասած բանակցության գործիք:

Ահա այդ իմաստով, Սերժ Սարգսյանի հայտարարությունը, մասնավորապես Ապրիլյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակի համատեքստում՝ որում Ադրբեջանը հայտնվեց ակնառու փակուղում, միանգամայն համարժեք էր հետագա զարգացումների տրամաբանությանն ու Հայաստանից պահանջվող անելիքներին: Բայց ներկայումս այդ առումով նաև հարց է առաջանում, թե բանակցության վերադարձող Երևանը ստացե՞լ է այդ հստակ երաշխիքները, որ Ադրբեջանը բանակցությունն այլևս չի ուղեկցելու սահմանային լարումով ու ռազմական շանտաժով, դրանով փորձելով դիվանագիտական ճնշում բանեցնել հայկական կողմի վրա, և ինչն ավելի վատ է՝ հայկական կողմի հետ բանակցային գործընթացով ըստ էության լեգիտիմացնել իր մարդասիրական քաղաքականությունը սահմանին: Որովհետև, եթե բանակցությունը վերսկսվում է այդ քաղաքականության շարունակության հնարավորությամբ, ապա դա այլ բան չէ, քան Հայաստանի նահանջը և դիվանագիտական ձախողումը, նույնիսկ պարտությունը:

Հետևաբար, պաշտոնական Երևանը թերևս պետք է պատասխանի հարցի՝ «վերադառնո՞ւմ» է արդյոք բանակցային սեղանի, և արդյո՞ք դա նշանակում է, որ ստացվել են այն երաշխիքները, որոնք այդ վերադարձի պայմանն էին՝ միանգամայն համարժեք և անհրաժեշտ պայմանը: Ալիևն այլևս չի՞ կրակելու: Ո՞վ է դա երաշխավորել, ինչ մակարդակում, ինստիտուցիոնա՞լ է այդ երաշխիքը, թե՞ ոչ: Որովհետև Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանն արեց մի քանի հայտարարություն, որոնք վկայեցին պարզորոշ կերպով, որ Ռուսաստանից հնչել են երաշխիքներ, թե Ալիևը չի հարձակվի, բայց փաստորեն դրանք եղել են օդ: Եվ ուրեմն ներկայումս հարց է առաջանում, թե այս անգամ ինչպիսի երաշխիքներ կան, որ Ալիևը չի շարունակելու բանակցությանը զուգահեռ մարդասպանությունը: Դրա գլխավոր երաշխիքը, անշուշտ, հայկական զինված ուժերի մարտունակությունն է, պատրաստվածության և ռազմա-տեխնիկական հագեցածության մակարդակը, սակայն խնդիրն այն է, որ Ալիևի համար մարդկային կյանքը չունի արժեք, և նա խոշոր հաշվով կարող է անգամ սեփական զինված ուժերի անհամարժեք կորուստների գնով շարունակել մարդասպանությունը, դրանից քաղաքական դիվիդենտներ ստանալու ակնկալիքով:

Բանակցությունն անկասկած կայունության որոշակի երաշխիք է, սակայն հաշվի առնելով քաղաքական իրավիճակի տրամաբանությունն ու առանձնահատկությունները, ամենևին միարժեք չէ բանակցության առավելությունը չբանակցելու հետ, եթե կա սկզբունքային դիրքորոշում ու պայման: Հակառակ դեպքում, եթե հայկական կողմը «վերադառնում» է չստանալով իր պայմանները բավարարող հուսալի երաշխիք, ապա դա նշանակում է, որ կամա թե ակամա, երաշխիք է տալիս Ալիևին՝ մարդասպան քաղաքականությանը վերադառնալու կամ վերակտիվացնելու առումով: Այդ իմաստով, պաշտոնական Երևանը թերևս պետք է Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպումից առաջ վերհաստատի իր սկզբունքային դիրքորոշումը, եթե անգամ Ալիևին տրված է այսպես ասած դեմքը փրկելու քարտ-բլանշ, և Սարգսյան-Ալիև հանդիպումն իրականում հանդիսանալու է հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների հարցի քննարկմանը Բաքվի վերադարձ, ոչ թե Հայաստանի վերադարձ բանակցությանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20