ԱԽ ղեկավար լինելու համար Սերժ Սարգսյանը պետք է լինի վարչապետ, այլ կերպ հնարավոր չէ

- in Կեղտոտ լվացք
Serj Sargsyan

Խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ Հայաստանի նոր Սահմանադրության համաձայն, որով պետությունն անցնում է խորհրդարանական կառավարման մոդելի, Անվտանգության խորհուրդը ի պաշտոնե վարչապետի գլխավորությամբ աշխատող կառույց է լինելու, և դա սահմանադրական արձանագրում է:

Այլ կերպ ասած՝ Հրայր Թովմասյանը, հղում անելով Սահմանադրությանը, հանում է Անվտանգության խորհրդի ղեկավարի հարցը, որը դիտարկվում էր Սերժ Սարգսյանի հետագա քաղաքական ճակատագրի համատեքստում որպես վարչապետության տարբերակի այլընտրանք: Այսինքն՝ ԱԽ ղեկավար լինելու համար Սերժ Սարգսյանը պետք է լինի վարչապետ, այլ կերպ հնարավոր չէ:

Մյուս կողմից, սակայն, դա ամենևին չի նշանակում, որ Անվտանգության խորհուրդը, այսպես ասած, վարչապետի ենթակայության կառույց է, քանի որ անվտանգության և պաշտպանության քաղաքականությունը մշակող և որոշումներ կայացնելու նոր իրավասությամբ օժտված խորհուրդը լինելու է կոլեգիալ մարմին, որի անդամ լինելու են գործադիր իշխանության ներկայացուցիչները, այսինքն՝ լինելու է անվտանգության հարցերի զուգահեռ կառավարություն:

Այդպիսով, Հայաստանում փաստորեն գործելու է երկու կառավարություն՝ տնտեսական կամ, այսպես ասած, վարչատնտեսական կառավարություն և պայմանական կառավարություն՝ Անվտանգության խորհուրդ անվանումով, որը կզբաղվի արդեն անվտանգության և պաշտպանության հարցերով:

Այս դեպքում հարց է ծագում՝ եթե Անվտանգության խորհրդի անդամ լինելու են նույն կառավարության անդամները, ի՞նչ կարիք կա անվտանգության և պաշտպանության հարցերում քաղաքականություն մշակելու և որոշումներ կայացնելու իրավասությունը վերապահել Անվտանգության խորհրդին, ոչ թե թողնել հենց կառավարությանը: Ինչո՞ւ պետք է նույն մարդիկ «փոխեն դահլիճը» անվտանգության և պաշտպանության հարցերում սկզբունքային որոշումների համար, եթե դրանք կարող են կայացնել կառավարության նիստերի դահլիճում: Եթե, իհարկե, ինչպես Հրայր Թովմասյանն է նշում՝ անվտանգության խորհրդի անդամ լինելու են միայն գործադիր մարմնի անդամները:

«Բաժանիր, որ տիրես» սկզբունքը, իհարկե, հայտնի է, բայց այս դեպքում բաժանվողները միայն լծակներն են, իսկ մարդիկ մնալու են նույնը, հետևաբար ինչո՞ւ հնարավոր չէր նրանց «տիրել» առանց լծակները երկու տարբեր «դահլիճներ» բաժանելու:

Շատ հարցերի պատասխան թերևս առավել հստակ կուրվագծվի, երբ արդեն խորհրդարան ներկայացվի և հանրայնորեն քննարկվի Ազգային անվտանգության խորհրդի մասին օրենքի նախագիծը: Այժմ արդեն, սակայն, Հրայր Թովմասյանը փաստորեն անում է մի ինտրիգը՝ Սերժ Սարգսյանի «կամ-կամ»-ը: Այսինքն՝ Սարգսյանը չի կարող ընտրել կա՛մ վարչապետ, կա՛մ ԱԽ ղեկավար, քանի որ Սահմանադրությունը ենթադրում է «և-և»:

Այդ դեպքում արդյո՞ք Թովմասյանը պարզություն է մտցնում Սերժ Սարգսյանի պլանների անորոշության մթնոլորտում և ակնարկում, որ նա հավակնելու է միայն վարչապետի և ընդ որում՝ առավել բարձր գնով, թե՞ էլ ավելի է խորացնում անորոշությունը՝ առաջացնելով հենց հարցեր՝ կապված անվտանգության և պաշտպանության հարցերում քայլերը կառավարությունից ԱԽ տեղափոխելու հետ՝ դրա հետ մեկտեղ չփոխելով այդ հարցերում որոշում կայացնողներին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20