Ամեն ինչ դեռևս կորած չէ

- in Կարծիք
AJ

Հայաստանի խորհրդարանի ընթացիկ քառօրյան աչքի ընկավ մի առանձնահատկությամբ՝ առանձնակի ուշադրություն կլանող քննարկումներն առնչվում էին արտաքին քաղաքական խնդիրների:

Մեկը «Ելք» դաշինքի նախաձեռնությունն էր՝ ԵՏՄ-ում Հայաստանի մասնակցության դրականն ու կորուստները քննարկելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին, որն, իհարկե, մերժվեց խորհրդարանի քվեարկությամբ, մյուսը՝ հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը, որը ԱԺ բերվել էր վավերացնելու համար, և որն էլ բավական ուշագրավ քննարկման վերածվեց «Ելք» դաշինքի ընդդիմախոսության շնորհիվ:

Անկասկած կարևոր է ուշադրության արժանացնել, թե այդ քննարկումներում՝ թե՛ առաջին, թե՛ երկրորդ հարցում ինչպիսին էին բովանդակային շեշտադրումները, ինչպիսին էին ընդդիմության փաստարկներն ու հակափաստարկները, ինչպիսին էր իշխանության պատասխանը, ինչպիսի գաղափարական, քաղաքական, հայեցակարգային, ռազմավարական և արժեհամակարգային ամրություն կար քննարկումներում, ինչքանով էին դրանք զուտ քաղաքական-կուսակցական շահերի բախում կամ քաղաքական պլատֆորմների և բևեռների բախում՝ թեկուզ մեծությամբ անհամեմատելի: Այդուհանդերձ, այդ կարևոր ասպեկտից զատ, հատկապես ելնելով հայաստանյան ներքաղաքական կյանքի վերջին տարիների առանձնահատկություններից, ինքնին շատ կարևոր է, որ խորհրդարանում տեղի է ունենում բանավեճ, քննարկում, քաղաքական թեկուզ առայժմ ավելի շուտ ֆորմատային գերակայությամբ, բայց բախում մեծամասնության և ընդդիմության միջև, ոչ թե մեծամասնության և առանձին անհատների:

Անկասկած հայաստանյան համակարգի թշվառությունն է, որ մեզ ստիպում է իբրև դրական արձանագրման ենթակա դիտարկել իրերի այս վիճակը, երբ այն պետք է լիներ քաղաքական կյանքի համար խիստ սովորական մի իրողություն: Մյուս կողմից՝ տեղի ունեցողը փոքր, բայց դրական տարրեր պարունակում է հենց այն իմաստով, որ իր մեջ կրում է այդ համակարգային թշվառությունը հաղթահարելու թույլ, բայց նկատելի միտում: Թե ինչպես կզարգանան այդ միտումները, ինչ խթաններ ի հայտ կգան, ինչ մոտիվացիոն հիմքեր կձևավորվեն կամ կփոխվեն՝ իհարկե դժվար է ասել, քանի որ ընդհանուր առմամբ թելադրողն առայժմ իշխանությունն է, իսկ իշխանությունն էլ թելադրում է ելնելով մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանի հաշվարկներից:

Հնարավոր է արձանագրել նաև մի բան՝ անցնող քառօրյայի այդ երկու քննարկումները ցույց տվեցին, որ Հայաստանում ընդդիմություն-իշխանություն, այսպես ասած, քաղաքական բաժանումը, սահմանազատումը, եթե կուզեք՝ սահմանումը, կարող է անցնել գերազանցապես արտաքին քաղաքական և անվտանգային հարթության վրա: Դա ամենևին չի նշանակում, որ ներքին հարցերը, կառավարման արդյունավետության, կոռուպցիայի խնդիրները երկրորդական են: Հարցը բացարձակապես դա չէ, այլ այն, որ այդ ներքին խնդիրներն, այսպես ասած, «վարչական» շրջանակի, իրավական շրջանակի և հարթության հարցեր են, որոնց շուրջ դիրքորոշումները բավարար չեն քաղաքական համակարգային բյուրեղացման խնդիրները լուծելու համար: Որովհետև բուն խնդիրը անկախության ֆորմալ ձեռքբերումից քառորդ դար անց գտնվում է դեռևս այդ ֆորմալության քաղաքակրթական ֆորմացիայի անորոշության դաշտում: Իսկ դա կարող է հստակեցվել միայն արտաքին քաղաքական և անվտանգային առարկայական բանավեճերի միջոցով:

Քաղաքական համակարգային բյուրեղացում հնարավոր է միայն արտաքին և անվտանգային հարցերում քաղաքական քննարկումների և պայքարի ձևավորմամբ: Հաջորդիվ, իհարկե, արդեն կարևոր է դառնում բովանդակությունը, կարևոր է դառնում այն պլատֆորմը, որի վրա կառուցվելու են դիրքորոշումներն այդ շրջանակում: Հենց այդ իմաստով է, որ Հայաստանում ապրիլի 2-ի խորհրդարանի ընտրությունը հնարավոր է գնահատել որպես բաց թողնված հնարավորություն, քանի որ այդ ընտրությունը չվերածվեց արտաքին քաղաքական և անվտանգային հայեցակարգերի պայքարի և մնաց գերազանցապես «վարչարարական» մոտեցումների մակարդակի վրա:

Խորհրդարանի անցնող քառօրյան ցույց տվեց, որ ամեն ինչ դեռևս կորած չէ, և կա շանս վերականգնել «հնարավորությունների պատուհանը»: Դա կախված է այն բանից, թե անցնող քառօրյայում դրսևորած մարտավարական մոտեցումները «Ելք» դաշինքը որքանով կկարողանա վերածել քաղաքական ռազմավարության և ձևավորել դրա տակ գաղափարական պլատֆորմը, ինչը մի կողմից դաշինքին պատասխանատու կդարձնի այդ պլատֆորմի համար և ըստ այդմ՝ կդնի առավել երկարաժամկետ պլանավորման անհրաժեշտության առաջ, իսկ մյուս կողմից՝ արտաքին քաղաքական և անվտանգային հարցերի քննարկումը հայաստանյան քաղաքական կյանքում դուրս կբերի իրավիճակային, կոնյունկտուրային ռեժիմից և կդարձնի, այսպես ասած, մշտական: Դա կարող է բարձրացնել նաև գործընթացների արդեն բովանդակային որակը՝ «քանակը բերում է որակի» տրամաբանությամբ:

Իհարկե, այդ էֆեկտն ամենևին երաշխավորված չէ, քանի որ կան երաշխիքի համար անհրաժեշտ մի շարք այլ բաղադրիչներ, սակայն ընդհանուր առմամբ քիչ թե շատ կայուն, նստվածք ենթադրող էֆեկտի համար այդ զարգացումները նվազագույնն են, որ պահանջվում են, ընդ որում՝ տեսանելի ապագայում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20